16/09/2024

Ուժերի ի՞նչ հարաբերակցություն կստեղծվի, եթե Իրանը իրոք ճանաչվի որպես միջուկային երկիր

Իրանը ՀԱՄԱՍ-ի, հութիների եւ «Հեզբոլլահի» միջոցով մեզ ներքաշել է հյուծիչ պատերազմի մեջ, իսկ ինքը «միջուկային հավակնություն» է ստեղծում,— լրագրողներին ասել է Իսրայելի նախկին պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը:

Նա «Մեր տուն Իսրայել» կուսակցության առաջնորդն է, Նաթանյահուի կառավարության հետեւողական քննադատը: Լիբերմանը ՀԱՄԱՍ-ի եւ «Հեզբոլլահի» առաջնորդների դեմ թիրախային գործողությունները համարում է անհրաժեշտ, բայց ոչ բավարար:

Նա վկայակոչել է նախկինում այդ կառույցների հայտնի դեմքերի ոչնչացման մի քանի օրինակներ եւ արձանագրել, որ դրանից հետո ՀԱՄԱՍ-ը եւ «Հեզբոլահն» ավելի են ուժեղացել: Լիբերմանի գնահատմամբ՝ քանի կա Իրանը, տարածաշրջանում նրա պրոքսի կառույցները գործելու են: Լրագրողների հարցին՝ իսկ ի՞նչ պետք է արվի, Իսրայելը կարո՞ղ է Իրանի դեմ միջուկային զենք կիրառել, նա պատասխանել է. «Մենք պետք է գործի դնենք բոլոր հնարավորությունները, ձեռքի տակ եղած բոլոր միջոցները»:

Փորձագետները գրեթե միաձայն պնդում են, որ Բենիամին Նաթանյահուն «քաղաքական դիակ է»: Նրանք համարում են, որ ՀԱՄԱՍ-ի հետ հրադադարից հետո Իսրայելում կանցկացվեն նոր ընտրություններ, եւ Նաթանյահուն կհեռանա: Բայց արդյո՞ք Իսրայելի նոր կառավարությունը կլուծի Պաղեստինի հարցը:

Ավիգդոր Լիբերմանը փաստացի բացահայտել է Մերձավոր Արեւելքի գաղտնիքը. ուժերի ի՞նչ հարաբերակցություն կստեղծվի, եթե Իրանը իրոք ճանաչվի որպես միջուկային երկիր: Նրա խոսքից հասկացվում է, որ Իսրայելը միջուկային զենք ունի, որն, ենթադրաբար, տրամադրել է Միացյալ Նահանգները:

Ուկրաինական պատերազմի փորձը ցույց է տալիս, որ անգամ հեռահար խոցելիության զինատեսակների հարցում Արեւմուտքը չափազանց զգուշավոր է: Եւ Վաշինգտոնը հազիվ թե Իսրայելին արտոնի Իրանի դեմ միջուկային զենք կիրառել: Իսկ այլ միջոցներով, որքանով հասկացվում է, Իսրայելը չի կարող ոչնչացնել Իրանի միջուկային ծրագիրը:

Ստացվում է «պատային իրավիճակ». Իրանն էլ իր հերթին չի կարող «աշխարհի երեսից ջնջել սիոնիստական ռեժիմը»: Արաբական երկրները, չնայած Իրանի հետ ունեցած խնդիրներին, գոնե առերեւույթ պահանջում են, որ Իսրայելը ճանաչի Պաղեստինի անկախությունը: Նաթանյահուն կտրուկ մերժում է այդ գնով արաբական աշխարհի հետ հաշտությունը:

Եթե արեւմտյան մամուլի տեղեկությունը հավաստի է, որ Իրանը մերժել է Միացյալ Նահանգների՝ իրավիճակ չսրելու առաջարկությունը, ապա ո՞րն է Թեհրանի բուն նպատակը՝ գնալ լայնածավալ պատերազմի՞, թե՞ տարածաշրջանային «ապոկալիպսիսի» սպառնալիքով Արեւմուտքին հարկադրել, որ լեգիտիմացվի «միջուկային տերության» իր կարգավիճակը:

Իրավիճակն էքզիստենցիալ է նաեւ Իրանի համար, որտեղ, ըստ տեղեկությունների, ներքին վերափոխումներ են սկսվել: Հանիայի սպանությունը լուրջ կասկածներ է առաջացրել: Արաբական աղբյուրները հայտնում են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «մի քանի բարձրաստիճան ներկայացուցիչների ձերբակալության» մասին: Ըստ երեւույթին, կադրային զտումներ են իրականացվում նաեւ հետախուզական ծառայություններում՝ պարզելու, թե երբ եւ ինչպես է «Մոսադին» հաջողվել ուժային կառույցներում ներդնել գործակալներին:

Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության նախօրեին ԱՄՆ պետքարտուղար Բլինքենն ասել է, որ Իրանը շաաբթների ընթացքում կարող է միջուկային զենք ունենալ: Փաստացի ԱՄՆ որոշումից է կախված՝ Իսրայելը կգրոհի՞ Իրանի միջուկային օբյեկտները: Իսկ եթե Իրանն արդեն միջուկային զենք ունի՞: