10/09/2024

Ատոմակայանի կառուցման համաձայնություններ կնքելու իրավունք եւ հնարավորություն ԱՄՆ-ի հետ

Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը հաստատել է, որ Հայաստանը դիմել է «123-րդ համաձայնագրին» միանալու համար: Դա համաձայնագիր է, որ Միացյալ Նահանգներին տալիս է տվյալ համաձայնագրին միացող երկրների միջուկային քաղաքացիական տեխնոլոգիաներ փոխանցելու, ավելի պարզ ասած՝ ատոմակայանի կառուցման համաձայնություններ կնքելու իրավունք եւ հնարավորություն:

Ըստ պետքարտուղարության, Նահանգները դիտարկում է Հայաստանի դիմումը:

Հայտնվում է, որ խոսքն ըստ էության Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման հեռանկարի մասին է: Շաբաթներ առաջ Հայաստանի տարածքային կառավարման ու էներգետիկ ենթակառուցվածքների փոխնախարարը հայտարարել էր, որ Հայաստանը նոր ատոմակայանի շինարարության համար բանակցում է մի քանի երկրի հետ՝ ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան:

Հայաստան այց է կատարել եւ պաշտոնյաների հետ հանդիպումներ ունեցել նաեր ֆրանսիական Ֆրամատով ընկերության պատվիրակությունը: Դեռեւս պարզ չէ, թե ի՞նչ ընտրություն կկատարի Հայաստանը: Պետք է նկատել, որ այստեղ կա այսպես ասած ընտրության երեք շերտ: Նախ՝ թե Հայաստանի համար ի՞նչ ատոմակայան է անհրաժեշտ, այսպես ասած մեծ ատոմակայան՝ իր ժամկետը տասը տարի անց ավարտող Մեծամորի ատոմակայանի հզորությանը համարժեք, թե՞ փոքր, մոդուլային ատոմակայաններ, որոնք բնականաբար շատ ավելի մոբիլ են, բայց առավել փոքր են իրենց հզորությամբ:

Ընդ որում, հարկ է նկատի ունենալ, որ մոդուլային ատոմակայանների տեխնոլոգիան աշխարհում դեռեւս չունի լայն կիրառություն, հետեւաբար պրակտիկորեն դեռեւս ամբողջապես գնահատված՝ գին, որակ, արդյունավետություն համակարգի այսպես ասած ստույգ գնահատական չունեցող տեխնոլոգիա է: Հարկ է նկատել նաեւ, որ մոդուլային ատոմակայանը ըստ էության զգալիորեն կորցնում է իր այսպես ասած քաղաքական-անվտանգային արժեքն ու նշանակությունը:

Սա մեծ հաշվով մյուս շերտն է, որին առնչվում է նոր ատոմակայանի կառուցման հարցը: Այսինքն, Հայաստանը պետք է ունենա ատոմակայան, որը իր մասշտաբով ունի նաեւ ռեգիոնալ անվտանգության նշանակություն կամ իմաստ, թե՞ ոչ: Որովհետեւ, եթե Մեծամորի ատոմակայանի փոխարեն կառուցվում է ոչ թե համարժեք մասշտաբի նորը, այլ մի քանի փոքր մոդուլային կայաններ, ապա բացի ֆինանսա-տնտեսական արդյունավետության չափումներից, կա նաեւ հենց քաղաքական մասշտաբայնության չափումը:

Ավելին, հենց այդ նկատառումից ելնելով է նաեւ, որ Ադրբեջանն ու Թուրքիան հետեւողականորեն թիրախավորում են Մեծամորի ատոմակայանը եւ պահանջում դրա փակում: Որովհետեւ այդպիսի մասշտաբի ատոմակայանի բացակայությունը էապես նվազեցնելու է Հայաստանի կշիռը նաեւ քաղաքական իմաստով:

Երրորդ էական շերտն այն է, որ ատոմակայանի կառուցման հեռանկարը կապված է այն աշխարհաքաղաքական մրցակցության կամ դիմակայության հետ, որ կա Հայաստանի հարցում եւ Կովկասի հարցում լայն իմաստով: Այլ կերպ ասած, ատոմակայանի կառուցման գործընկերոջ ընտրությունը կամա, թե ակամա վերածվում է որոշակի իմաստով աշխարհաքաղաքական ուղղության ընտրության:

Այստեղ Հայաստանի համար կարեւոր խնդիր է առավելագույնս նվազեցնել այդ հանգամանքի ազդեցության աստիճանը, հարցը դիտարկելով այսպես ասած շահավետ տնտեսական առաջարկի համատեքստում:

Մյուս կողմից, զրոյացնել քաղաքական գործոնը հնարավոր չէ, հաշվի առնելով այն, որ ատոմակայանի հանգամանքը, ինչպես նշեցի, արդեն իսկ ունի մասշտաբայնությունից բխող քաղաքական բաղադրիչի հարցը:

Եվ այդ հարցն իհարկե Հայաստանի համար ոչ թե աշխարհաքաղաքական ընտրության, այլ սեփական անվտանգության համակարգի հարցում կոնցեպտուալ դիտարկման հարց է, հաշվի առնելով թե օպերատիվ-մարտավարական, թե ռազմավարական մակարդակի մարտահրավերները, որ ունի կամ կարող է ունենալ հայկական պետականությունը: