Ռուսաստանյան մամուլը Վլադիմիր Պուտինի Բաքու այցի արդյունքների գնահատման հարցում չափավոր լավատես է: Այս ընդհանուր ֆոնի վրա առանձնանում է Regnum-ի վերլուծականը, որ, կարծես, երկու հիմնական թեզի վրա է կառուցված:
Առաջինը վերաբերում է թուրք-ադրբեջանական հարաբերություններին: Հեղինակի բնորոշմամբ՝ «Ղարաբաղում լիակատար վերահսկողություն հաստատելուց հետո Ալիևը կարող է առանց Անկարայից սպասումների որոշումներ ընդունել»:
Հատուկ ընդգծվում է, որ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթաժողովին «Ադրբեջանի նախագահը պատվավոր հյուր էր, իսկ ահա Էրդողանն այնտեղ չկար»: Հասկացվում է, որ Թուրքիայի նախագահը չի հրավիրվել, որովհետև ռուս-թուրքական հարաբերությունները բարդ են: Հեղինակին, երևի, միայն զգուշավորությունն է ետ պահել, որպեսզի չասի, որ շուրջ մեկ տարի է՝ Էրդողանը Պուտինին սպասում է Անկարայում, իսկ Ռուսաստանի նախագահը պետական այց է կատարում Բաքու:
Բայց նա այդ միտքը փոխանցում է, երբ Պուտին-Ալիև բանակցությունների «կարդինալ հարց» է որակում հայ-ադրբեջանական կարգավորումը և եզրակացնում, որ «Ալիևը Ռուսաստանի բացառիկ միջնորդության ճանապարհին կանաչ լույս է վառել, մնում է ունենալ Երևանի համաձայնությունը, որն շատ դժվար է լինելու ստանալ, քանի որ Հայաստանը գտնվում է Արևմուտքի ազդեցության տակ»:
Regnum-ը քառորդ դար եղել է ԼՂ հարցում Մոսկվայի դիրքորոշման ոչ պաշտոնական խոսափողը, և այս մեկնաբանությունը բոլոր առումներով ուշադրության արժանի է: Պուտին-Ալիև համատեղ հայտարարության տեքստում 2020-2022 թվականների եռակողմ համաձայնություններին հղումը, երևի, հայ-ադրբեջանական կարգավորմանը Մոսկվայի մոդերատորության վերականգնմանն Ալիևի համաձայնության հրապարակայնացում է:
Հայաստանի ԱԳՆ-ն, եթե դիվանագիտական ձևակերպումներից վերացարկվենք, փաստացի այդ հնարավորությունը մերժել է՝ Ռուսաստանին որակելով «ոչ անկողմնակալ»: Բաքվում Պուտինն ասել է, որ Ալիևի հետ բանակցություններից հետո կկապվի Հայաստանի վարչապետի հետ և քննարկումների մասին կպատմի նրան:
Անցել է երեք օր, Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցի մասին տեղեկություն դեռևս չկա: Հայաստանի ԱԳՆ-ի մեկնաբանությունը Կրեմլում ընդունել են որպես մերժում՞ Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանին ասելիք այլևս չունի՞:
Ստեղծվում է չափազանց բարդ իրավիճակ: Քաղաքականության մեջ «անկեղծ ցանկություն» չկա: Ի՞նչն է Իլհամ Ալիևին ստիպել, որ հայ-ադրբեջանական կարգավորման Մոսկվայի մոդերատորության վերականգնման համար «կանաչ լույս է վառել»: Ադրբեջանցի մի շարք քաղաքագետներ գտնում են, որ եթե «Զանգեզուրի միջանցքի» հարցում «Հայաստանին հաջողվել է միջազգային աջակցություն ապահովել, ապա Բաքուն ինչու՞ պիտի շահագրգռված լինի, որ այնտեղ հսկողություն իրականացնի Ռուսաստանը»:
Բաքվի մամուլում տեսակետ է շրջանառվել, որ Հայաստանում ռուսական ընկերությունները «կարող են տնտեսական գործունեությունը դադարեցնել»: Այդ համատեքստում ընդգծված է նաև «Հարավ-Կովկասյան երկաթուղիները»: Սա խիստ վտանգավոր անոնս է: Բացառված չէ, որ խնդիրը Պուտին-Ալիև բանակցություններում քննարկվել է:
Բանն այն է, որ երբ 1967թ. Անդրկովկասյան երկաթուղու վարչությունից ադրբեջանական երկաթուղիներն առանձնացվել են, կազմավորվել է Ադրբեջանի երկաթուղիների վարչություն, և Սյունիքով անցնող երկաթգծի կառավարումն անցել է Բաքվին: Հայաստանի երկաթուղիները կոնցեսիոն կառավարման պայմանագրով տրված են Ռուսաստանի կառավարմանը:
Ի՞նչ կարգավիճակ ունի Մեղրիի երկաթգիծը, որը փաստացի գոյություն չունի: Հայաստանը կարո՞ղ է դրա նկատմամբ սուվերենություն հաստատել: Իսկ եթե «Հարավ-Կովկասյան երկաթուղին» այն «հանձնի՞» Ադրբեջանին:
Բաց մի թողեք
Իրանը՝ սպաների միջոցով, «քաղաքավարի զգուշացրել» է Ադրբեջանին
Դեսպան Կոպիրկինը ԱԽ քարտուղար Շոյգուի հետքերով՝ ինչ է փորփրում ՌԴ Իրանում ու սահմանին
Ռամզան Կադիրովն ընդդեմ Իլհամ Ալիևի