08/09/2024

Ալիևը հերքում է Լուկաշենկոյին ու անհարմար դրության մեջ դնում Կովկասում

Բարդ աշխարհաքաղաքական վիճակը շարունակվում է Անդրկովկասում, որտեղ Արեւմուտքը ձգտում է մեծացնել ազդեցությունը, նաեւ Կենտրոնական Ասիայում, հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Սերդյուկովը, խոսելով անկայուն աշխարհաքաղաքական իրադրության մասին:

Սերդյուկովի գնահատականն իհարկե այն ստանդարտի մեջ է, որով իրավիճակը Կովկասում գնահատում են Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաները:

Այստեղ սակայն, երբ նա խոսում է Կովկասում անկայունության ռիսկերի մասին, փաստորեն հերքում է ՀԱՊԿ հիմնադիրներից մեկի՝ Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին: Մայիսին այցելելով Ադրբեջան, ՀԱՊԿ անդամ Լուկաշենկոն անասելի մի դիֆերամբ էր ձոնել Իլհամ Ալիեւին, հայտարարելով, որ Ադրբեջանը դարձել է ռեգիոնի առաջնորդող եւ «կիրենք այնտեղ այլեւս հանգիստ են Կովկասի համար»:

Լուկաշենկոն հայտարարել էր, թե շատ ուրախ են, որ Կովկասում այժմ կա լիդեր՝ Ադրբեջանը, որը պատասխանատվություն է ստանձնում կայունության համար, եւ իրենք հիմա հանգիստ են, որ կա այդ պատասխանատվություն ստանձնողը: Այլ կերպ ասած, եթե Կովկասում լինի անկայունություն, ապա դա կլինի Ադրբեջանի անպատասխանատվության հետեւանքով, Բաքուն կլինի ռեգիոնում ապակայունացման պատասխանատուն:

Եվ պետք է իհարկե խոստովանել, որ սա միանգամայն տրամաբանական է, ոչ թե Լուկաշենկոյի խոսքերի հիմնավորումով, այլ նվազագույնը այն հանգամանքի, որ Ադրբեջանը իր սպառազինվածության մասշտաբով էապես գերազանցոււմ է թե Հայաստանին, թե Վրաստանին:

Հետեւաբար ծիծաղելի, անհեթեթ է մտածել, թե Հայաստանը կամ Վրաստանը կարող են որեւէ կերպ մոտիվացված լինել հրահրել ռեգիոնալ անկայունություն, կամ դառնալ այդպիսի հրահրման գործիք, երբ անգամ «ողնուն է տեսանելի», որ ռեգիոնալ անկայունության հարվածային ալիքի տակ առաջինը կարող են հայտնվել հենց Երեւանն ու Թբիլիսին:

Ըստ այդմ, եթե Կովկասում անկայունություն է, ապա կասկածից վեր է, որ՝ կամ հրահրողը, կամ հրահրման գործիքը Ադրբեջանն է: Մնացյալն արդեն, թե ու՞մ կծառայի այդ գործիքը, հարաբերական հարց է: