Երեւանն ու Բաքուն «այսօր ստորագրել են» սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողովների աշխատանքի կանոնակարգը:
Ըստ հաղորդագրության, այժմ այդ փաստաթուղթը սկսել է ներպետական գործընթացների փուլը: Այդ կանոնակարգը, ըստ ապրիլի 19-ի հայ-ադրբեջանական հայտնի հայտարարության, պետք է հաստատվեր մինչեւ հուլիսի 1-ը:
Սակայն, ինչպես տեսնում ենք, կանոնակարգի ստորագրումը տեղի է ունենում երկու ամիս անց: Թե ինչն էր այդ երկամսյա ձգձգման պատճառը, հայտնի չէ, սակայն հատկանշական է, որ կանոնակարգի ստորագրումը տեղի է ունենում ՌԴ նախագահ Պուտինի հեռախոազանգերից հետո՝ Երեւան եւ Բաքու, որոնք էլ հաջորդում են օգոստոսի 19-ին Բաքու կատարած նրա այցին:
Բաքվում Պուտինը հայտարարեց, որ Ռուսաստանը պատրաստակամ է օգնել թե խաղաղության պայմանագրի գործընթացին, թե սահմանագծմանն ու սահմանազատմանը, թե հաղորդուղիների ապաշրջափակմանը վերաբերող փոխադարձ ընդունելի համաձայնությունների հասնելուն, «եթե կողմերը դեմ չեն»:
Հայաստանը չունի իրական խաղաղության մտադրություն, Բաքվում Թուրքիայի խորհրդարանի պատվիրակության հետ հանդիպմանն ասել է Իլհամ Ալիեւը, հայտարարելով, թե Հայաստանի Սահմանադրությունը պետք է փոխվի եւ Մինսկի խմբի համանախագահությունն ու խումբը պետք է լուծարվեն, եթե Հայաստանն իրապես ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջությունը:
Ալիեւի այս հայտարարությունները նոր չեն, դրանք առաջին անգամ չէ, որ հնչում են, սակայն հնչում են այն օրը, երբ Երեւանն ու Բաքուն՝ համաձայն Հայաստանի ԱԳՆ հաղորդագրության, ստորագրել են սահմանազատման ու սահմանագծման գործընթացի հանձնաժողովների աշխատանքային կանոնակարգը եւ այն մտել է ներպետական հաստատման փուլ: Հայաստանի վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ ստորագրված կանոնակարգի բովանդակությունը կհանրայնացվի սեպտեմբերի 2-ին, դա պայմանավորելով նրանով, որ կողմերը պետք է այսպես ասած համադրեն քայլերը:
Մինչ կհանրայնացվի կանոնակարգի բովանդակությունը, Ալիեւը հանրայնացնում է Հայաստանի հասցեին կոշտ բովանդակության հերթական չափաբաժինը, այն ուղեկցելով քաղաքական պահանջներով՝ Սահմանադրության ու ԵԱՀԿ Մինսկի խմբի առնչությամբ: Անկասկած է, որ բոլորովին չեն համադրվում այդ հոխորտալից հռետորաբանությունն ու սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողովների աշխատանքի կանոնակարգի ստորագրությունը: Ադրբեջանի նախագահը դրանով ցույց է տալիս, որ այդ փաստաթուղթը իր համար չի ունենալու որեւէ նշանակությու՞ն, քանի դեռ Հայաստանը չի կատարել իր քաղաքական բոլոր պայմանները, թե՞ այստեղ հնարավոր է կա ավելի բարդ եւ նոյրբ շերտավորում:
Ինչպես արդեն ուշադրություն եմ հրավիրել, կանոնակարգը երկու ամիս ձգձգումից հետո ստորագրվում է Պուտինի՝ Երեւան ու Բաքու կատարած հեռախոսազանգերի «արդյունքում», համենայն դեպս դրանցից անմիջապես հետո, առնվազն ստեղծելով տպավորություն, որ դա կարող է լինել նրա «միջնորդությամբ» ստորագրված փաստաթուղթ: Ուշադրության է արժանի այն, որ այդ ընթացքում՝ Պուտինի Բաքու այցից հետո Անկարա մեկնեց Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովը, որը հանդիպելով արտգործնախարար Ֆիդանի հետ, հայտարարեց, որ խաղաղության պայմանագրի խոչընդոտը Հայաստանի Սահմանադրությամբ տարածքային հավակնությունն է Ադրբեջանի եւ Թուրքիայի հանդեպ:
Հենց Բայրամովի այցից հետո եղավ Պուտինի զանգը Բաքու, որի նպատակներից մեկը թերեւս լինելով Հայաստանի եւ Ադրբեջանի հետ քննարկումները, նաեւ գուցե մտահոգությունն էր, որ դրանք չխթարվեն Բայրամովի Անկարա այցի հետեւանքով: Այդ ֆոնին, երբ կանոնակարգի ստորագրմանը միաժամանակ, Ալիեւը Թուրքիայի խորհրդարանական պատվիրակության առաջ հոխորտում է Հայաստանի հասցեին, տպավորություն է, որ դրանով հավաստիացնում է Անկարային՝ որ Ռուսաստանի «միջնորդությանը» տուրք տալով, այդուհանդերձ չի «գցի» Թուրքիային: Իսկ, ռուս-ադրբեջանական հարաբերության վերջին շրջանի միտումները նկատելիորեն անհանգստացնում են Մոսկվայի հետ բավականին սառը ռեժիմում հայտնված Անկարային:
Այլ կերպ ասած, Ալիեւը փորձում է առնվազն առերեւույթ մակարդակում պահել բալանսը: Այլ կերպ իհարկե հնարավոր էլ չէ, հաշվի առնելով այն, որ Անկարան այդուհանդերձ ունի Բաքվի հանդեպ շոշափելի ազդեցության լծակներ, մասնավորապես ուժային բլոկում: Ի դեպ, հատկանշական է, որ նույն օրը տեղի է ունենում Ադրբեջանի եւ Թուրքիայի պաշտպանության նախարարների հեռախոսազրույց:
Հարց է, թե ինչու՞ Ադրբեջանը նախընտրել է այդ մակարդակը: Դա չի՞ ենթադրում պատասխանատվության մեկ նիշով իջեցում եւ ի՞նչ է նշանակում «ներպետական ընթացակարգերի իրականացում» ասվածը:
Եթե խոսքը խորհրդարանական վավերացման մասին է, ապա Ադրբեջանի Միլլի մեջլիսն արձակված է, սեպտեմբերի 1-ին պետք է արտահերթ ընտրություններ անցկացվեն: Ադրբեջանի օրենսդրությամբ քվեարկության արդյունքներն ամփոփում եւ հրապարակում է ԿԸՀ-ն, բայց վերջնական վավերացումը վերապահված է սահմանադրական դատարանին:
Այս ընթացակարգով Միլլի մեջլիսի ընտրությունների արդյունքները կարող են հաստատվել սեպտեմբերի վերջին, որին կհետեւեն խոսնակի, փոխխոսնակի, մշտական կոմիտեների նախագահների ընտրությունները: Այսինքն, ստորագրված Կանոնակարգը լավագույն դեպքում Միլլի մեջլիսի նստաշրջանի վավերացմանը կներկայացվի հոկտեմբերի կեսերին:
Իսկ եթե «ներպետական ընթացակարգը» խորհրդարանական վավերացումը չէ, ապա ո՞րն է, Կանոնակարգի կառավարության որոշմամբ հաստատու՞մը, թե՞ փաստաթուղթը պետք է կողմերի Սահմանադրական դատարանում փորձաքննություն անցնի:
Քաղաքական առումով կարեւոր է, որ Կանոնակարգի համաձայնեցումը հաջորդում է ՌԴ նախագահ Պուտինի Բաքու այցին, Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի հետ նրա հեռախոսազրույցներին: Օգոստոսի 30-ը Ռուսաստանի նախագահի «մաքոքային դիվանագիտության» ձեռքբերու՞մն է:
Բայց չպետք է, երևի, անտեսել, որ Երեւան-Բաքու համաձայնությունը հրապարակայնացվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի Թուրքիա այցից եւ, մանավանդ, նախօրեին Էրդողանի կրտսեր որդու եւ Իլհամ Ալիեւի հանդիպումից հետո:
Այսպիսով, հստակ չէ՝ Կանոնակարգն ստորագրվել է հանուն Պուտինի՞, թե՝ ընդդե՞մ նրա: Պուտին-Ալիեւ բանակցություններին հաջորդած փորձագիտական վերլուծություններից դատելով՝ Ռուսաստանը հանդես է գալիս հայ-ադրբեջանական, այսպես ասած, փաթեթային կարգավորման կոնցեպցիայով:
Արեւմտյան «միջնորդությունը» Բաքվին հորդորում է COP29-ին ընդառաջ Երեւանի հետ առնվազն հարաբերությունների կարգավորման սկզբունքների մասին «շրջանակային համաձայնագիր» ստորագրել: Երեւանը եւ Բաքուն հայտարարել են, որ փոխադարձ համաձայնությամբ կոմունիկացիաներին վերաբերող հոդվածը «խաղաղության պայմանագրի» նախագծից հանվել է:
Կարելի է ենթադրել, որ կարգավորման սկզբունքների մասին «շրջանակային համաձայնագիր» ստորագրելու պատրաստակամություն Բաքուն չունի, իսկ COP29-ը «քթի տակ է»: Սահմանազատման հանձնաժողովների համատեղ工作的 Կանոնակարգի համաձայնեցումը Բաքուն, անկասկած, ներկայացնելու է որպես «բարի կամքի դրսեւորում»:
Դա COP29-ին որպես «մեծ խաղարար» ներկայանալու Ալիեւի քաղաքական կապիտալն է, ինչը նրան թույլ է տալու պնդել, որ եթե Հայաստանն այդ խորհրդաժողովին չմասնակցի, նշանակում է, որ «խաղաղություն հաստատելու նպատակ չունի»:
Եթե մինչ այդ Հայաստանի հետ սահմանի բացման հարցում Թուրքիան որեւէ առարկայական քայլ անի կամ գոնե «ճանապարհային քարտեզ բացի», ուրեմն Կանոնակարգի համաձայնեցումը Պուտին-Ալիեւ պայմանավորվածությունների տիրույթում չէ:
Բաց մի թողեք
Ո՞ր երկրները եւ ի՞նչ պատճառաբանությամբ են դեմ եղել ԲՐԻԿՍ-ին Ադրբեջանի իրավահավասար անդամակցությանը
Հայաստանը կհայտնվի՞ ռազմա-քաղաքական «աքցանում»
Միացյալ Նահանգներն ու Բրիտանիան չեն հավատում Իրանի հռետորաբանությանը