16/09/2024

Ադրբեջանն ամեն ինչ անում է այսօր Հայաստանին «ագրեսորի» ու «ահաբեկչի» պիտակ կպցնելու համար, քանի որ ունեն հեռահար նպատակներ. Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանը Տելեգրամի իր ալիքում գրում է.

Երեկ գրառում էի արել այս թեմայի շուրջ։ Այս նյութը տեղադրում եմ, որ հենց ադրբեջանական աղբյուրներից լսեք, թե ինչ նպատակներ են հետապնդում իրենց քաղաքականությամբ։ Նրանք դրա մասին շատ պարզ են խոսում։ Իմ կողմից կասեմ հետևյալը՝ սա Արցախից հրաժարվելու, Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու, էթնիկ զտումն ու բռնի տեղահանումը չկանխելու, մեր պատմությունը խեղելու, իրական ու պատմական Հայաստանների մասին կեղծ դիսկուրսներ հորինելու, իսկ ավելի կարճ՝ «խեղճիզմի» քաղաքականությունն ընտրելու հետևանք է․․․ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը մի օր չեն լինի իշխանության, բայց նրանց տված վնասները մեր պետությանը անդառնալի են՝ շատ առումներով։

Ադրբեջանական այս կայքը, որը կառավարվում է իրենց ՊՆ-ի կողմից, հաղորդում է պատրաստել, որտեղ խրախուսում են ՀՀ ներկայիս իշխանությունների գործողությունները Դաշնակցություն կուսակցության դեմ։ Հաղորդման մեջ նաև խոսում են այն մասին, որ ՀՀ կառավարությունը պետք է համառորեն պայքարի թե՛ դաշնակների, թե Արցախի ներկայացուցիչների դեմ։ Իմ կողմից կասեմ հետևյալը՝ Ադրբեջանն ամեն ինչ անում է այսօր Հայաստանին «ագրեսորի» ու «ահաբեկչի» պիտակ կպցնելու համար, քանի որ ունեն հեռահար նպատակներ։ Պատահական չէ, որ Բաքվում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցչները մեղադրվում են հենց «ահաբեկչության մեջ»։ Բայց նրանց ազատ արձակելու համար համառ պայքար մղելու փոխարեն, Փաշինյանը գերադասում է մեղավորներ կարգել ու անհեթեթ հարցադրումներ առաջ քաշել՝ դրանով իսկ ոչ միայն վնասելով այդ մարդկանց, այլ մեր պետությանը՝ կարճաժամկետ ու երկարաժամկետ առումներով․․․

«Այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» համայնքը նախաձեռնում է վտարանդի կառավարություն ստեղծելու գործընթաց։ Դրա մասին գրում են ադրբեջանական լրատվականները։ Առաջին հայացքից անհեթեթ այս գործընթացը շատ լուրջ վտանգներ է պարունակում Հայաստանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության համար։ Վստահ եմ՝ ֆետիշացված սյուներն էլ չեն փրկի, պատն ու ծառն էլ․․․ Հիշեցնեմ, որ «Արևմտյան Ադրբեջան» Իլհամ Ալիևը կոչում է Հայաստանի ներկայիս ողջ տարածքը։ Ողջ պետական ապարատն ու դիվանագիտական ներուժն օգտագործվում է Հայաստանի պետության ու տարածքի հաշվին ադրբեջանցիների համար գոյություն չունեցող «պատմական հայրենիք» կառուցելու ուղղությամբ։ Այդ նախաձեռնությունը պաշտոնապես սկսվել է 2022 թվականի դեկտեմբերի 24-ին, երկու ամիս անց այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս։ Ալիևը պատասխանը Հայաստանի տարածքը «Ադրբեջան» հռչակելն էր։ Ոչ մի հետևություն չարվեց, արդեն երկու տարի է այդ քաղաքականությունը անարձագանք է մնում Երևանի կողմից։ Իսկ հետևանքներն էլ գնալով ավելի վտանգավոր են դառնում։ Եթե ՀՀ-ում լիներ պետականամետ կառավարություն, ապա այս թեզը կարելի էր ուղղել հենց Ադրբեջանի դեմ։ Բայց երբ իշխանության առաջնահերթությունը խաշլաման է, այդ իշխանությունից որևէ բան ակնկալելն անմտություն է․․․»: