23/10/2024

Եթե ոչ «Խաղաղության խաչմերուկի», ապա ինչի հետ կապ ունի ՀՀ փոխարտգործնախարարը

Հայաստանի փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը սեպտեմբերի 4-ին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասել է, որ քննարկվել է Նախիջեւան-Ադրբեջան ճանապարհային կապի վերահսկողությունը մասնավոր պահնորդական ընկերության հանձնելու հարցը, բայց առանց դետալների:

Ընդ որում, նա հայտարարել է, որ դա կապ չունի «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի հետ: Հարց է առաջանում, իսկ ինչի՞ հետ կապ ունի: Եվ դա էական հարց է:

Ընդ որում մի քանի պատճառով: Նախ, նախօրեին տարածվեց Հայաստանի ԱԳՆ հայտարարությունը, որտեղ Սպուտնիկ Արմենիայի հարցին ի պատասխան, թե քննարկվել է արդյոք մասնավորի հարցը, ԱԳՆ հայտարարում է, որ Հայաստանը կառուցողական է ճանապարհների ապաշրջափակման հարցում եւ իր դիրքորոշումները ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրով:

Փաստորեն, ԱԳՆ հայտարարությամբ չի հերքվում ու չի հաստատվում, որ հարցը քննարկվել է, բայց նաեւ հղում է արվում «խաղաղության խաչմերուկին», ասելով, որ այդտեղ է Հայաստանի մոտեցումը:

Մեկ օր անց, փոխարտգործնախարարը լրագրողների հետ զրույցում ասում է, որ մասնավորի հարց քննարկվել է՝ առանց դետալների, համենայն դեպս իր խոսքով, եւ միաժամանակ ասում, որ դա կապ չունի «Խաղաղության խաչմերուկի» հետ:

Այսինքն, ըստ էության ստացվում է, ըստ փոխարտգործնախարարի հայտարարության, որ Հայաստանը քննարկել է մի բան, որը կապ չունի Հայաստանի մոտեցումներն արտացոլող «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի հետ: Հայաստանի ԱԳՆ մի ձեռքը տեղյակ չէ՞, թե ինչ է արել կամ անում, կամ՝ ասել եւ ասում մյուս ձեռքը:

Եթե Հայաստանը քննարկել է մի բան, որը կապ չունի իր մոտեցումներն արտացոլող «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի հետ, ապա, ո՞ւմ մոտեցումներ հետ է կապ ունեցել այդ քննարկումը:

Իսկ քննարկումը արդյո՞ք դադարեցվել է, թե՞ շարունակվում է, որ «Խաղաղության խաչմերուկը» բուկլետներով մատուցող Հայաստանը գործնական մակարդակում քննարկում է հարցեր, որոնք, համենայն դեպս դատելով փոխարտգործնախարարի հայտարարությունից, կապ չունեն այդ ծրագրի հետ: