ԱՄՆ նախագահի և Մեծ Բրիտանիայի վարչապետի հանդիպմանը, ինչպես Reuters-ի իրազեկ աղբյուրներն են հայտնել, Ուկրաինային արևմտյան հեռահար հրթիռներով Ռուսաստանի խորքային թիրախները խոցելու արտոնության հարցում «վերջնական որոշում չի ընդունվել»:
Լրատվամիջոցը մեջբերել է Մեծ Բրիտանիայի վարչապետի դիտարկումը, որ «դրանք Ուկրաինային հաղթանակ չեն բերի», և եզրակացրել է, որ ՆԱՏՕ-ն «զգուշանում է, որ Ռուսաստանն այդ որոշումը կգնահատի որպես ուղղակի հարձակում և կդիմի պատասխան քայլերի»:
Ռուսական լրատվամիջոցները փորձագիտական մի քանի տեսակետ են ներկայացնում, թե Մոսկվան իրավիճակի հետագա սրացման դեպքում պատասխան ինչ գործողություններ կարող է իրականացնել: Դիտարկվում է ՆԱՏՕ-ի թիրախների ուղղակի, երրորդ երկրի տարածքից խոցման և ԱՄՆ-ի թշնամի երկրին համարժեք սպառազինություններ տրամադրելու և ռուսաստանցի «կամավորների» միջոցով ամերիկյան կողմին հարվածելու տարբերակներից յուրաքանչյուրի արդյունավետությունը և ռիսկի մակարդակը:
Ամենաանսպասելի, բայց մի շարք ռազմական փորձագետների կողմից «ամենաօպտիմալ» է գնահատվում երրորդ տարբերակը: Ընդ որում, այն նույնիսկ հասցեականորեն բացահայտվում է. Ռուսաստանը կարող է հեռահար հրթիռներ մատակարարել Եմենի հութիներին, իսկ նրանք «կսկսեն խորտակել ամերիկյան նավերը»:
Այս տարբերակը հիմնավորվում է նախագահ Պուտինի հայտարարությամբ, ըստ որի Ռուսաստանը կարող է սպառազինություններ վաճառել ոչ միայն ճանաչված պետություններին, այլև «լեգալ կազմավորումներին»:
Որքանո՞վ են Եմենի հութիները «լեգալ կազմակերպություն»՝ վիճելի է: Այստեղ կարևոր է, որ հութիները միջազգայնորեն համարվում են «Իրանի պրոքսի»: Ռուս փորձագետների խոսքից հասկացվում է, որ հութիներն Ռուսաստանից հեռահար հրթիռներ կարող են ստանալ Իրանի միջոցով: Եվ, թերևս, այդ հեռանկարի նկատմամբ խիստ անհանգստությամբ է պայմանավորված, որ Եվրամիությունն Իրանի դեմ նոր պատժամիջոցներ է սահմանում:
Ուշագրավ է, որ ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան համատեղ պատժամիջոցներ են սահմանել Կասպից ծովում Ռուսաստանի և Իրանի միջև բեռնափոխադրումներ իրականացնող ռուսական բոլոր ընկերությունների դեմ, արգելվել է նրանց մուտքը ամերիկյան և բրիտանական նավահանգիստներ: Պատճառն այն է, որ նրանք «Իրանից մի քանի հարյուր բալիստիկ հրթիռներ են տեղափոխել Ռուսաստան»:
Ուկրաինական պատերազմի հարցում, իհարկե, Արեւմուտք-Ռուսաստան «կարմիր գծերի» պայմանավորվածություններ կան: Եվ ամենևին էլ իրական չէ, որ Վլադիմիր Պուտինը Եմենի հութիներին հեռահար հրթիռներ տրամադրելու որոշում է ընդունել կամ կընդունի, կամ կարող է ընդունել:
Էական է, որ ռուսական մամուլը, որն գրեթե ամբողջովին գտնվում է Կրեմլի և հատուկ ծառայությունների հսկողության տակ, տեղեկատվա-քարոզչական նման արտահոսք է թույլ տալիս, ինչը, կարծես, վկայում է, որ ուկրաինական պատերազմը հասել է կուլմինացիոն կետի:
Ռուսաստանի նախագահ Պուտինը քաղաքականության նորեկ չէ: ԱՄՆ-ը Մերձավոր Արեւելքում ռազմա-ծովային լրացուցիչ ուժեր է կենտրոնացրել, և Եմենի հութիների հարցը կարող է արագ և արդյունավետ լուծել:
Ավելի հավանական է, որ Ուկրաինային ռուսական թիրախներ խոցելու թույլտվության-չթույլտվության շուրջ «քաշքշուկը» տեղեկատվա-քարոզչական ֆոն է, իսկ կուլիսներից այն կողմ Մոսկվան և Վաշինգտոնը քննարկում են կարգավորման մի տարբերակ, որ երկուսին էլ թույլ կտա «դեմք փրկել»: Հակառակ դեպքում պետք է ընդունել, որ Ռուսաստանի նախագահը «միջազգային ավանտյուրիստ է»:
Բաց մի թողեք
Անհամբերությամբ սպասում եմ մեր երկրների միջև հարաբերությունների հետագա զարգացմանը 2025-ին․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան
Փաշինյանի փրայմերիզները ստուգարք ՔՊ-ականների համար
Կողմերից ո՞վ է առաջինը բացահայտվելու