05/10/2024

Կասպյան տարածաշրջանի առաջատար լրատվական գործակալություններին կծառայեցնեն իրենց

Մոսկվայում գումարվել է ԲՐԻԿՍ անդամ երկրների մեդիա-գագաթաժողով, որի շրջանակներում կազմակերպվել է Կասպյան երկրների պետական լրատվամիջոցների պատասխանատուների հանդիպում, որին մասնակցել են Իրանի Irna, ադրբեջանական «ԱզերԹաջ», Ռուսաստանի ՏԱՍՍ, Թուրքմենստանի պետական լրատվական գործակալության եւ Ղազախստանի նախագահի հեռուստառադիոկորպորացիայի ներկայացուցիչները:

Այդ մասին տեղեկություն տարածել է Irna լրատվական գործակալությունը: Հանդիպման մասնակիցները, ինչպես իրանական լրատվամիջոցն է փոխանցում՝ «գիտակցելով Կասպյան տարածաշրջանի առաջատար լրատվական գործակալությունների միջեւ բազմակողմ համագործակցության կարեւորությունը, եկել են լրատվական գործակալությունների Կասպյան այլյանս ստեղծելու նպատակահարմարության եզրակացության»,

Կասպյան ավազանի հինգ երկրների լրատվական գործակալությունների ներկայացուցիչները պայմանավորվել են աշխատանքային կարգով խորհրդակցություններ սկսել, որպեսզի մշակվի Ալյանսի կանոնադրությունը, որոշվի հաջորդ հանդիպման ժամանակը եւ վայրը, ինչպես նաեւ համագործակցության ձևաչափը:

Հանդիպմանն իրանական կողմը ներկայացրել է Irna-ի միջազգային կապերի տնօրեն Զաման Ռեզախանին, որ ընդգծել է հարեւան երկրների միջեւ մեդիա-համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունը եւ լրատվական գործակալությունների Կասպյան ալյանսի ստեղծումը համարել «քայլ դեպի ժողովուրդների մերձեցումը եւ տարածաշրջանի երկրների միջեւ հարաբերությունների ամրապնդումը»:

Արդի աշխարհում եւ առհասարակ՝ լրատվության բնագավառում համագործակցությունը ենթադրում է տեղեկատվական քաղաքականության կոորդինացիա, ինֆորմացիայի փոխանակում, ինչպես նաեւ՝ միմյանց շահերի փոխադարձ հարգում եւ պաշտպանություն:

Կասպյան հինգ երկրների պետական լրատվական գործակալությունների ներկայացուցիչների մեկ հանդիպումն, ինչ խոսք, չի նշանակում, թե վաղը նրանց տեղեկատվա-քարոզչական քաղաքականությունը նույնականանալու է, եւ ադրբեջանական մամուլն այլեւս Իրանի Ատրպատականը չի անվանելու «Հարավային Ադրբեջան» կամ Թուրքմենիան եւ Ադրբեջանը Կասպից ծովի նավթահանքերի անվանման շուրջ բանավեճին վերջ են տալու:

Բայց որ գործ ունենք չափազանց լուրջ նախաձեռնության հետ՝ կասկածել պետք չէ: Այդ ձևաչափի եւ մակարդակի քննարկում, ամենայն հավանականությամբ, նախաձեռնած է Ռուսաստանը, ընդ որում՝ այն փուլում, երբ Միացյալ Նահանգները ոչ միայն պատժամիջոցներ են սահմանել RT-ի դեմ, այլեւ այդ կորպորացիան ճանաչել ՌԴ հատուկ ծառայությունների հետ աֆիլացված:

Ռուսաստանը փաստացի Կասպյան մյուս երկրներին առաջարկում է ստեղծել պետական լրատվությունը «կարգավորող մարմին», թեեւ անկախ նրանից, թե ինչ անուն կտրվի այդ կառույցին: Նման տեղեկատվա-քարոզչական ինտեգրացիան հնարավո՞ր է:

Թվում է՝ քննարկումները կտեւեն երկար եւ կլինեն բարդ, քանի որ, դարձյալ մասնավոր օրինակ բերենք, Բաքվի «ԱզերԹաջ»-ը հազիվ թե թույլ տա Իսրայելի կառավարությանը անվանել «սիոնիստական ռեժիմ», ինչպես դա անում է Irna-ն, կամ Ղազախստանի «Ակորդան» չի կարող Ուկրաինայի նախագահին անվանել «խունտայի պարագլուխ»:

Այդուհանդերձ, կողմերը կարող են գտնել «ոսկե միջին» եւ գործել առնվազն մեկը մյուսին չվնասելու սկզբունքով: Հայաստանի համար այդ Ալյանսի ստեղծումը կարող է հավելյալ մարտահրավեր դառնալ: Հայաստանյան մեդիա-դաշտը առանց այդ էլ համակարգային չէ, իսկ տեղեկատվա-քարոզչական մրցակցությունը թելադրում է իր պայմանները:

Կհաջողվի՞ հաղթահարել նոր փորձությունը: Իսկ գուցե ինստիտուցիոնալ լուծումների անհրաժեշտություն կա: