12/10/2024

Բաքվում ԱՄՆ Միացյալ շտաբների և ՌԴ ԶՈՒ ԳՇ պետի հանդիպումներ կլինեն

Բաքվում գումարվել է «Տրանսպորտային գլոբալ ցանցերի անվտանգության արդի մարտահրավերները» թեմայով անվտանգության երկրորդ խորհրդաժողովը, որին, ըստ ադրբեջանական մամուլի, մասնակցել են «հիսուն երկրների հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ»:

Խորհրդաժողովին ելույթ է ունեցել Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության տնօրեն Ալի Նաղիեւը և առաջարկել, որ տրանսպորտային և էներգակիրների տարանցման ուղիների անվտանգության ապահովման հարցում հատուկ ծառայությունների գործունեությունը կոորդինացվի:

Ըստ մամուլի, խորհրդաժողովի մեկնարկին հրապարակվել է հատուկ ծառայությունների ներկայացուցիչներին հղված Ադրբեջանի նախագահի ողջույնի խոսքը, որտեղ նա առաջարկել է Բաքվում ստեղծել մշտական հիմունքներով գործող Քարտուղարություն:

Խորհրդաժողովի մասնակից երկրները չեն բացահայտվում: Անցյալ տարվա նոյեմբերին Ադրբեջանը տեղեկատվության փոխանակման և անվտանգության ապահովման հուշագիր է ստորագրել Ռուսաստանի հատուկ ծառայությունների հետ, և համագործակցության պայմանավորվածություն ունեն կողմերի Անվտանգության խորհուրդները:

Տրանսպորտային գլոբալ ցանցերի անվտանգության արդի մարտահրավերների թեմայով խորհրդաժողովը, սակայն, գումարվում է Բաքու Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզության տնօրեն Ռիչարդ Մուրի այցից ընդամենը երկու օր հետո: Դա թույլ է տալիս ենթադրել, որ Ադրբեջանը ներգրավվում է ոչ միայն առկա, այլև ծրագրվող ենթակառուցվածքների գլոբալ անվտանգության ապահովման միջազգային ծրագրերում:

Ադրբեջանը ենթակառուցվածքային հավակնոտ ծրագրեր է իրականացնում՝ արդիականացնելով Բաքվի նավահանգիստը և կառուցելով նոր նավահանգիստ: Եվրամիությունը շուրջ տասը միլիարդ եվրո է հատկացրել Կենտրոնական Ասիայի հետ հաղորդակցության ենթակառուցվածքների արդիականացմանը:

Բաքուն և Մոսկվան քննարկում են Ադրբեջանի տարածքում երկաթուղային գծերի վերակառուցման և տեխնիկական կատարելագործման նախագիծը: Խոսքը Ռուսաստան-Իրան-Պարսից ծոց հաղորդակցության մասին է: Այսպես կոչված «միջին միջանցքի» նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում Կենտրոնական Ասիայի երկրները: Քննարկվում են նաև էլեկտրահաղորդման և մալուխային նոր գծերի անցկացման ծրագրեր:

Ըստ Ադրբեջանի նախագահի՝ Բաքուն պետք է լինի Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ կոմունիկացիաների «հաբ»: Դա աշխարհաքաղաքական նշանակության խնդիր է, որ կարող է լուծվել միայն այն դեպքում, եթե էներգակիրների տարանցման, ապանքաշրջանառության և տեխնոլոգիական կոմունիկացիաների հարցում Ռուսաստանը և Արևմուտքը հանգեն փոխադարձ պայմանավորվածության:

Բաքվում գումարված խորհրդաժողովն, անշուշտ, ունի չբացահայտվող օրակարգ: Տասնյակ երկրների հատուկ ծառայությունների ներկայացուցիչների համար դա պայմանավորվածությունների կամ առնվազն «հող շոշափելու» հարթակ է, որտեղ, անկասկած, երկկողմ և բազմակողմ քննարկումներ են ծավալվում:

Արդյոք այդ ձևաչափում քննարկվու՞մ է Սյունիքում հաղորդակցության բացման թեման: Ընկալումը, որ հարցը բացառապես Ադրբեջան-Նախիջևան երկաթուղային և ավտոմոբիլային կապին է վերաբերում, խիստ մակերեսային է: Կարող են ծրագրվել նաև գազատարի, էլեկտրահոսքագծերի կառուցման և կապի մալուխային գծերի անցկացման նախագծեր:

Հունիսին Իրան-Ադրբեջան սահմանի՝ Սյունիքին հարող հատվածում համաժամանակյա, գրեթե համատեղ զորավարժություններ են անցկացվել՝ հաղորդուղիներն «ահաբեկչական հարձակումներից պաշտպանելու» սցենարով:

Ամենևին էլ բացառված չէ, որ Ադրբեջանը նման զորավարժություններին կարող է ներգրավել նաև այլ երկրների կամ առնվազն խնդիրը դնել հատուկ ծառայությունների ձևաչափով քննարկումների:

Նման մակարդակի միջոցառումները պատահական չեն, հատկապես որ Ալիևը առաջարկել է Բաքվում ստեղծել հատուկ ծառայությունների գործունեության կոորդինացիայի աշխատանքային մարմին:

Այդ նախաձեռնության ենթատեքստում կարելի է տեսնել Ռուսաստան-Արևմուտք երկխոսության հեռանկար, իսկ քաղաքականությունը հենվում է տնտեսության, ապրանքաշրջանառության և կոմունիկացիաների վրա: Կարելի է ենթադրել, որ Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզության տնօրենը Բաքուն կարող է ընտրել Մոսկվայի հետ ոչ հրապարակային քննարկումների «ժամադրավայր»՝ հաշվի առնելով տարածաշրջանային անվտանգության և կոմունիկացիոն հարցերի հետ կապված շահերը:

Նման փորձ Ադրբեջանն ունի: Քառասունչորսօրյա պատերազմին նախորդած շրջանում Բաքվում ԱՄՆ Միացյալ շտաբների և ՌԴ ԶՈՒ ԳՇ պետի առնվազն երկու հանդիպման մասին հրապարակային տեղեկատվություն տարածվել է: Ճիշտ է, Արևմուտք-Ռուսաստան լարվածության թուլացմանը դա չի նպաստել, բայց ո՞վ է երաշխավոր, որ նրանք հենց այդպես էլ չեն պայմանավորվել: