Խորհրդարանի կառավարող մեծամասնությունը քննարկում է կազմակերպել Հայաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումների թեմայով, որի ընթացքում կառավարող ուժի ներկայացուցիչները դժգոհություններն են բարձրաձայնել Հայաստանի էլցանցերի գործունեության, զուգահեռ ակնարկներով նաեւ ջրի եւ գազի մատակարարումների վերաբերյալ:
Հիմնական առարկան իհարկե եղել է էլեկտրականությունը: Ինչպես հայտնի է, Հայաստանի էլցանցերը պատկանում է ռուսաստանցի հայ միլիարդատեր Սամվել Կարապետյանին: Հարկ է նկատել, որ պատճառը հիմնավոր է: Հայաստանում, այդ թվում մայրաքաղաք Երեւանում ըստ էության հովհարային անջատումների մեղմ ռեժիմ է:
Օրվա տարբեր ժամերի կարող են հոսանքազրկվել քաղաքի տարբեր թաղամասեր, անհարմարություններ պատճառելով թե քաղաքացիներին, թե բիզնեսին: Հայաստանում էլեկտրաէներգիայի վաճառքը ազատականացված է արդեն գրեթե երեք տարի: Այսինքն, բաշխիչ էլցանցերը չունեն մենաշնորհ:
Բայց, նրանցն է բաշխիչ ցանցի բնական մենաշնորհը: Բնական այն իմաստով, որ ըստ էության որեւէ ներդրող նպատակահարմար չի գտնի կառուցել երկրորդ այսպիսի ցանց: Դա դուրս կլինի ողջախոհությունից: Հետեւաբար, հարցն այն է, թե ինչպես է կարգավորվում այդ բնական մենաշնորհը, որպեսզի այն մի կողմից կոլապսի չբերի ցանցի կառավարումը, մյուս կողմից քաղաքացիների համար ապահովի մատչելի գնով որակյալ ծառայություն:
Հայաստանում այստեղ կան լուծելու հիմնարար խնդիրներ, բալանսավորված իրավիճակի գալու համար: Ընդ որում, դա վերաբերում է ոչ միայն էլեկտրականությանը, այլ նաեւ մյուս բնական մենաշնորհներին:
Եվ, այստեղ եթե կան կառույցներ, որոնք լավ չեն արել իրենց գործը, կամ լավ չեն անում այն, ապա դա առաջին հերթին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն է, որը պետք է ապահովի բնական մենաշնորհների կարգավորումը, կամ խորհրդարանը, որը հարկ եղած դեպքում պետք է իր օրենսդրական գործունեությամբ ապահովի կարգավորման անհրաժեշտ մեխանիզմները:
Հետեւաբար, եթե կան հարցեր, ապա դրանք պետք է ուղղվեն խորհրդարանին ու հանձնաժողովին՝ որի կազմն ու նախագահին էլ ընտրում է խորհրդարանը: Փաստորեն, այստեղ տարիներ շարունակ եղել է լիակատար «պարապուրդ», եթե իրավիճակը այդ ծառայությունների առնչությամբ ոչ թե նվազեցրել, այլ բազմապատկել է հանրային դժգոհությունները: Թվում է, որ այժմ կարծես թե այդ ինստիտուտները որոշել են հետաքրքրվել ու զբաղվել խնդրով:
Սակայն, դատելով շեշտադրումներից ու վարքագծից, նպատակը ոչ այնքան խնդիրը կարգավորելն է, ոչ այնքան իրավիճակի կառավարման որակ ապահովելը, այլ քաղաքական ապահովագրությունը՝ հնարավոր քաղաքական զարգացումների տեսանկյունից:
Բանն այն է, որ այսպես ասած բնական մենաշնորհներ տիրապետող ընկերությունները՝ լինեն դրանք մասնավոր, թե հավատարմագրային կառավարման ներքո, համակարգաստեղծ ընկերություններ են: Դրանք տարբեր կերպ ներառում են տասնյակ հազարավոր քաղաքացիներ՝ նվազագույնը: Հետեւաբար շատ կարեւոր է, թե ինչպիսին է այդ կառույցների այսպես ասած քաղաքական տրամադրությունը, այլ կերպ ասած՝ լոյալության աստիճանը:
Ըստ էության, խորհրդարանական մեծամասնությունը զբաղված է այդ, այլ ոչ թե ծառայությունների բարելավման խնդրով: Իսկ բարելավումը՝ այնքանով, որքանով կստացվի քաղաքական ապահովագրության հարցը լուծելու ընթացքում: Հայաստանի համար սա օրինաչափություն է:
Բոլոր ժամանակներում կառավարող մեծամասնությունների համար համակարգաստեղծ բնույթի ձեռնարկություններն ու ընկերությունները եղել են, այսպես ասած, քաղաքական առաջնահերթություն:
Բաց մի թողեք
Համակենտրոնացման ճամբար Կուրսկո՞ւմ․ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարում է, բայց փաստեր չի ներկայացնում
«Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» դատական գործերից հրաժարվելու հարց ՀՀ օրակարգում առկա չէ․ Նաիրա Զոհրաբյանը սխալ տեղեկություն է տարածել
Ադրբեջանը թեպետ մեղադրում է Հայաստանին զինվելու համար, բայց գերակա է համարում իր երկրի ռազմական ծախսերի աճը