Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին հայտարարել է, որ ինքը նախագահ Փեզեշկիանից ավելի երկար կմնա Նյու Յորքում եւ կփորձի տարբեր երկրների արտգործնախարարների հետ քննարկել Իրանի միջուկային ծրագրի շուրջ հայտնի համաձայնագիրը վերագործարկելու հնարավորությունը:
Թե հատկապես որ երկրների արտգործնախարարների հետ է Արաղչին պատրաստվում քննարկել այդ հարցը, չի մանրամասնել, սակայն ենթադրվում է, որ խոսքը այդ գորշարքի մեջ ներգրավված երկրների մասին է: Իսկ այդ երկրները վեցն են՝ ԱՄՆ, Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա, Ռուսաստան եւ Չինաստան:
Ներկայումս այդ վեց երկրները գտնվում են հիմնավորապես այլ դիրքերում եւ փոխհարաբերություններում, քան 2015 թվականին, երբ հաջողվեց կնքել Իրան-Վեցյակ գործարքը: Ինչպես հայտնի է, գործարքը աշխատեց ըստ էության մոտ երկու տարի, քանի որ նախագահ ընտրվելուց հետո Դոնալդ Տրամպը համարեց, որ այն չի բխել ԱՄՆ շահից եւ չեղարկեց գործարքը, նոր պատժամիջոցներ սահմանելով Իրանի դեմ:
Միացյալ Նահանգներում ներկայումս ընտրական գործընթաց է եւ այն, որ Իրանն այդ ֆոնին սկսում է քննարկումներ, կամ հայտարարում դրա պատրաստակամության մասին, հնարավոր է միտված է նախագահի ընտրությանը դեմոկրատական վարչակազմի դիրքերին որոշակի ամրացմանը:
Ամերիկյան հեղինակավոր մամուլում շաբաթներ առաջ հրապարակվեց տեղեկություն, որ Թեհրանը պատրաստվում է անել հնարավորը՝ Տրամպի հաղթանակին խանգարելու համար: Դրա հիմք է դիտվում այն, որ Տրամպը ուժեղ աջակցություն է ցուցաբերում Իսրայելին: Ավելին, ըստ տարբեր գնահատականների, Նաթանյահուի հույսն է Տրամպը եւ նա փորձում է ներկայումս Իսրայելի վարչապետի պաշտոնում «դիմանալ» մինչեւ նոյեմբերի 5:
Թեհրանը ըստ երեւույթին համարում է, որ Տրամպի ընտրության դեպքում Իսրայելը կարող է դառնալ առավել ագրեսիվ եւ անզուսպ, ինչի պարագայում Թեհրանին գուցե ավելի բարդ կլինի չներգրավվել մեծ պատերազմի մեջ:
Այդ պայմաններում, Իրանը ըստ ամենայնի հաղորդագրություն է հղում, որ պատրաստ է միջուկային գործարքի հարցում ըստ էության որոշակի «քարտ-բլանշ» տալ դեմոկրատական վարչակազմին, նվազագույնը տեղեկատվական մակարդակում: Միեւնույն ժամանակ, այսօր այսպես ասած կառուցողական ֆոնը անհրաժեշտ է նաեւ Իրանին:
Թերեւս կա երկու հանգամանք: Եթե Իրանը պատրաստվում է հոկտեմբերին Կազանում ԲՐԻԿՍ գագաթնաժողովի շրջանակում ստորագրել Ռուսաստանի հետ ռազմավարական ընդգրկուն պայմանագիրը, ապա միջուկային գործարքի ուղղությամբ իր որոշակի նախաձեռնողականությունը կարող է ունենալ հավասարակշռության իմաստ՝ Արեւմուտքի ուղղությամբ:
Մյուս կողմից, Իրանը ներկայումս բարտ ռազմա-քաղաքական եւ տնտեաական շրջափուլում է եւ մեղմ ասած դեմ չի լինի, եթե Արեւմուտքի հետ դրական տոնայնություն պահելով ոչ միայն հավասարակշռի Ռուսաստանի հետ աշխատանքը, այլ նաեւ հասնի որոշակի պատժամիջոցների չեղարկման համաձայնությունների, երկրի ներսում սոցիալ-տնտեսական իրադրությունը թեթեւացնելու համար:
Եթե Իրանին հաջողվի ապահովել այդ հավասարակշռությունը եւ դրա շնորհիվ նաեւ ինչ որ առումով լիցքաթափել իր շուրջ կուտակված լարվածությունը, կամ բարձրացնել դրա կառավարելիության աստիճանը, ապա դա թերեւս արժեքավոր կլինի նաեւ Հայաստանի համար:
Բաց մի թողեք
Ռուսաստանը հասկանում է, որ Ադրբեջանում դինաստիական իշխանության երաշխավոր միայն ի՞նքը կարող է լինել
Բաքուն Հայաստանից պահանջում է տվյալներ տրամադրել անհետ կորած ադրբեջանցիների մասին. Երևանից արձագանքում են
Ալիևը կունենա արևմտյան Ադրբեջան, քանի դեռ չի «բռնվել կառավարության վախը»