12/12/2024

Ո՞վ է Սամվել Բաբայանին «պատին դեմ տալիս» կամ՝ ով կարող է ․․․

Պարզվում է, վերջերս արցախյան որոշ շրջանակներ Սամվել Բաբայանին «պատին դեմ են տվել»՝ հետաքրքրվելով, թե ինչպես է ադրբեջանցիների հետ կապի դուրս եկել, ինչպես է բանակցել:

Լրատվամիջոցը գիտի, որ որպես կանոն՝ ադրբեջանցիները պատահական մարդկանց չեն ընդունում: Բաբայանը տվել է այն մարդու անունը, որ իր և ադրբեջանցի որոշ պաշտոնյաների միջև միջնորդի դեր է ստանձնել:

Նա, իբր, որոշ պարբերականությամբ փաստաթղթերը տարել է Կարմիր շուկայի ադրբեջանական անցակետ, փոխանցել, ապա «իրենցը վերցրել»: Լրատվամիջոցին հայտնի է դարձել նաև ադրբեջանցիների միջև Սամվել Բաբայանի «կապավորի անունը»:

Ո՞րն է խնդիրը, եթե Սամվել Բաբայանը 2023թ. օգոստոսի 28-ին Ազգային ժողովի պատգամավորների, քաղաքական ուժերի ղեկավարների, և նախկին նախագահների ներկայությամբ հրապարակային հայտարարել է, որ ադրբեջանցիների հետ բանակցում է:

Արցախի խորհրդարանի ազգային-հայրենասիրական ուժերը, նախկին նախագահները չէին կարո՞ղ Բաբայանին տեղում «պատին դեմ տալ» և բացահայտել նրա «կապավորին»: Կամ հենց տեղում որոշեին, որ «դավաճանները պետք է պատասխանատվության ենթարկվեն»:

Ինչի՞ համար է այս ամբողջ պատմությունը: «Ստացվում է, որ Սարգիս Գալստյանի նկատմամբ ՀՀ իշխանությունները քրեական հետապնդումներ են իրականացնում լրտեսության մեղադրանքով, սակայն աչք են փակում մեկ այլ անձի՝ Բաբայանի միջնորդի վրա»,-գրում է Սամվել Բաբայանին «պատին դեմ տվող» լրատվամիջոցը:

Ստացվում է, որ մամուլին ոչ թե Բաբայան-ադրբեջանցիներ բանակցությունների առարկան, ընթացքը, ձախողումը և հետագա ողբերգական իրադարձություններն են հետաքրքրում, այլ՝ թե ինչո՞ւ «կապավորը» քրեական հետապնդումների չի ենթարկվում, իսկ Սարգիս Գալաստյանի դեմ դատավարություն է ընթանում:

Որ Բաբայանի «կապավորի» պատմությունը «սպիտակ թելերով է կարված», ակնհայտ է: Մանավանդ որ Բաբայանը բոլորի ներկայությամբ ասել է, որ բանակցում է Արայիկ Հարությունյանի իմացությամբ, վերջինս հաստատել է: Այս դեպքում որևէ նշանակություն չունի, թե փաստաթղթերը երբ, որտեղ և ում միջոցով են փոխանակվել:

Էական է, որ Բաբայանը Բաքվի ներկայացուցիչների հետ բանակցություններ է վարել, որոնք ընդհատվել են Արայիկ Հարությունյանի հրաժարականով: Այսինքն, տապալվել է Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունն իր բնօրրանում քաղաքական որոշակի իրավունքներով պահելու ծրագիրը:

Փոխարենն ստացել ենք մեկօրյա ահաբեկչական պատերազմ, հարյուրավոր զոհեր, բնակչության բռնատեղահանության և ԼՂ քաղաքական սուբյեկտության լուծարում: Սամվել Բաբայանի դեմ քարոզչությունը հետապնդում է այս ամենը մոռացության տալու նպատակ, նրան և «կապավորին» ադրբեջանցիների հետ համագործակցություն է վերագրվում, որպեսզի Բաբայանը չխոսի՞:

Ո՞վ է Սամվել Բաբայանին քաղաքական առումով «պատին դեմ տալիս» և հասկացնում, որ չանդրադառնա անցյալ տարի Ստեփանակերտում ծավալված խարդավանքին, մանրամասնություններ չբացահայտի:

Ենթադրենք, Բաբայանը տեղի տվեց և լռեց, իսկ մյուսներին ինչպե՞ս են լռեցնելու: Արցախում իշխանափոխության գաղտնիքը հանրայնորեն բացահայտված է: Սոցիալական ցանցերի տասնյակ օգտատերեր արդեն բաց խոսում են պաշտոնյաների շահատակությունների մասին: Բաբայանը լռի՝ խոսելու են նրանք: