22/11/2024

Հայտնաբերվել են դեղատների կողմից ապօրինի թմրաշրջանառությամբ զբաղվելու դեպքեր, կասեցվել է 3 դեղատան լիցենզիա

2023 թվականի ընթացքում Գլխավոր դատախազությունում ուսումնասիրվել և ամփոփվել է 2021-2022 թվականների ընթացքում համակարգչային տեխնիկայի, սոցիալական կայքերի և հեռահաղորդակցման հավելվածների օգտագործմամբ իրացման նպատակով թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառության վերաբերյալ քրեական վարույթների նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության և մեղադրանքի պաշտպանության վիճակը:

Այս մասին Ազգային ժողովում՝ հանցավորության վիճակի, բարեփոխումների արդյունքների վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ, նշեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ նշելով՝ պարզվել է, որ իրացվող թմրամիջոցի դիմաց վճարումները, և վճարված թվային արժույթի հետագա տնօրինումն իրականացվում է կրիպտոարժույթի փոխանակմամբ զբաղվող՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող անձանց միջոցով:

Ընդ որում, ըստ վարդապետյանի, վերջիններս, առանձին դեպքերում տեղեկացված լինելով իրենց միջոցով շրջանառված կրիպտոարժույթների հանցավոր ծագման մասին, անմիջական մասնակցություն են ունենում դրանց օրինականացմանը:

«Հանձնարարվել է նշված դեպքերով քննության առարկա դարձնել թմրամիջոցների դիմաց վճարում ստանալու համար տրամադրված և դրա հետ փոխկապակցված կրիպտոարժույթի հաշվեհամարներին փոխանցված գումարի չափը, դրա հետագա շարժն ու տնօրինման եղանակը, կրիպտոարժույթի փոխանակմամբ զբաղվող անձանց միջև կապերի բնույթը՝ ստուգելով հանցավոր ճանապարհով ստացված գույքի օրինականացման վարկածը և դրա արդյունքներով լուծել փողերի լվացման հիմքով քրեական վարույթ նախաձեռնելու հարցը:

Գլխավոր դատախազության կողմից Ներքին գործերի նախարարությանը հասցեագրված՝ 2024 թվականի սեպտեմբերի 20-ի գրությամբ առաջարկվել է խստացնել տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ քրեաիրավական պայքարի գործիքակազմը, մասնավորապես՝ դիտարկել իրացման նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար պատասխանատվություն նախատեսող՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասում հանցակազմը ծանրացնող նոր հատկանիշ նախատեսելու հնարավորությունը, այն է՝ արարքի կատարումը տեղեկատվական կամ հեռահաղորդակցական տեխնոլոգիաների՝ ներառյալ համացանցի օգտագործմամբ»,-մանրաասնել է դատախաը:

Բացի այդ, Գլխավոր դատախազությունում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում վեր են հանվել դեղատնային գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների կողմից թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու դեպքեր:

Աննա Վարդապետյանի խոսքով՝ դրանց հիման վրա նախաձեռնված քրեական վարույթների արդյունքում գլխավոր դատախազի տեղակալի կողմից 2023 թվականի հոկտեմբերի 12-ին և 2024 թվականի մարտի 27-ին միջնորդագրեր են ներկայացվել Առողջապահության նախարարություն՝ դեղատների գործունեությունը կասեցնելու հարցը քննարկելու նպատակով:

Միջնորդագրերի քննարկման արդյունքում 2023 թվականի նոյեմբերի 15-ին և 2024 թվականի օգոստոսի 1-ին առողջապահության նախարարի հրամաններով՝ կասեցվել է երեք դեղատան լիցենզիա»: