16/02/2026

Արթուր Բաղդասարյանն ու նրա ընտանիքի անդամները հրավիրվել են դատախազություն

Arthur Baghdasaryan

ԱԺ նախկին նախագահ, Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, ՕԵԿ երբեմնի  նախագահ  Արթուր Բաղդասարյանը, նրա ընտանիքի անդամները՝ կինը, որդին, հայրը,  հոկտեմբերի 29-ին հրավիրվել են ՀՀ գլխավոր դատախազոության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։

civic.am-ը «Ազդարար»  հարթակում հրապարակված՝ Աննա Բաղդասարյանին ուղղված ծանուցագրից  տեղեկացավ, որ Արթուր Բաղդասարյանին պատկանող  գույքի առնչությամբ իրականացվում է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր և որի հիման վրա Աննա Բաղդասարյանի  անվամբ հաշվառված գույքը հանդիսանում է բռնագանձման առարկա: Դատելով դատախազության մյուս ծանուցագրերից՝ ուղղված Բաղդասարյանի որդուն և հորը, վերջիններիս անունով հաշվառված գույքերը նույնպես հանդիսանում են բռնագանձման առարկա։

Նշենք, որ մամուլը տարիներ շարունակ գրել է նախկին պաշտոնյային պատկանող բիզնեսների ու ահռելի ունեցվածքի մասին։ 2018-ին  վերջինս հայտարարեց ակտիվ քաղաքականությունից հեռանալու և կուսակցության նախագահի պաշտոնը թողնելու մասին։

Նշենք, որ ԱԺ նախկին խոսնակին է պատկանում 2010-ին գրանցված, ալկոհոլային խմիչքներ արտադրող  «Հայասի Գրուպ» ՍՊԸ-ն։ Դրա 100 տոկոս իրական շահառուն (անուղղակի մասնակություն) ըստ պետռեգիստրի 2024 թ․ մայիսի տվյալների՝ Արթուր Բաղդասարյանն է, ռեզիդենտ ընկերությունը՝ Գավեքս Գրուպ»-ը։

2022-ին «Հետք»-ը գրեց, որ 2019-ի սեպտեմբերին Լիոնի հարևան Ռիյո լա Պապ քաղաքում (1 Allée Marcel Pagnol, Rillieux-la-Pape, France) գրանցվել է «AB Invest France» ընկերությունը: Դրա հիմնադիրը, ըստ փաստաթղթերի, Ա. Բաղդասարյանի հայկական «Գավեքս Գրուպ» ՍՊԸ-ն է, բայց վերջնական շահառու սեփականատերը հենց նախկին պաշտոնյան է: