03/01/2025

Հայաստանից որևէ բան պահանջելու կարիք չի էլ լինի …

Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը «անկեղծ ջանքեր» են գործադրում խաղաղության համար: Էրդողանը հայտարարել է, թե իրենք կշարունակեն համակարգել իրենց գործողությունները «եղբայրական Ադրբեջանի» հետ:

Էրդողանի գնահատողական հայտարարությունը՝ «անկեղծ ջանքեր», ներառում է նաև Հայաստանը, ինչը հետաքրքիր է: Եթե Հայաստանն ու Ադրբեջանը, ըստ Թուրքիայի նախագահի, «անկեղծ ջանք» են գործադրում, ապա ստացվում է, որ խաղաղության պայմանագիրը չավարտելու պատճառը Հայաստանն ու Ադրբեջա՞նը չեն:

Այդ դեպքում ո՞վ է, կամ ովքե՞ր: Ո՞ւմ է ակնարկում Էրդողանը: Եթե Հայաստանն ու Ադրբեջանը անկեղծ ջանում են, ինչպես հայտարարում է Էրդողանը, ապա ի՞նչը կամ ո՞վ է խանգարում, որ չի ստացվում նրանց ջանքի արդյունք, համենայն դեպս ավարտուն արդյունք: Թուրքիայի նախագահն ակնարկում է Մոսկվային ու Թեհրանին, կամ նրանցից գուցե մեկին, թե՞ Վաշինգտոնին, որը օրեր առաջ ներկայացրել է նոր առաջարկներ: Թե՞ նա պարզապես «քողարկում» է Ադրբեջանի կեղծ խաղաղասիրությունը և իրականում անկեղծ ջանք գործադրում է Հայաստանը, իսկ Ադրբեջանը որևէ կերպ չի ձգտում խաղաղության:

Ավելին՝ խաղաղության չի ձգտում նաև Թուրքիան: Հակառակ պարագայում նրանք Հայաստանի հանդեպ չէին դրսևորի առավելապաշտության քաղաքականություն՝ այդ կերպ գործնականում անհնարին դարձնելով հավասարակշռված խաղաղության պայմանագրի հեռանկարը: Հնարավոր է, որ առավելապաշտությունը պայմանավորված է հենց այն գործոններով, որոնք, ըստ Էրդողանի ակնարկի, դուրս են Հայաստանի ու Ադրբեջանի «անկեղծ ջանքից»:

Այլ կերպ ասած, Թուրքիան առավելապաշտությամբ է դիրքավորվում այն պատճառով, որ ստիպված է պայքարել այլ երրորդ կողմերի հետ, իսկ, եթե ոչ ոք չխանգարի, ապա կարող են նաև հրաժարվել Հայաստանի հանդեպ առավելապաշտությունից: Դա՞ է Թուրքիայի նախագահի հայտարարությունների բազմաշերտ տողատակում:

Զարմանալի չէ, քանի որ Թուրքիան վստահ է, որ «մենակ» մնալու պարագայում, Հայաստանից որևէ բան պահանջելու կարիք չի էլ լինի, քանի որ Անկարան ունի բոլոր պահանջները «փափուկ ուժի» տարատեսակներով հանգիստ, սահուն ապահովելու հնարավորություն: