06/12/2024

Հայաստանը ՌԴ-ին տնտեսական պատերազմ է հայտարարում՝ խոզի միսը սահմանին

Արդեն երկու օր է, ինչ Բագրատաշենի անցակետից ավելի քան 1000 խոզ չեն թողնում Ռուսաստանից Հայաստան ներմուծել:

Պատճառաբանում են, թե իբրև ՍԱՏՄ-ն ստուգումներ է իրականացնում, այնինչ ներկրողները վստահ են՝ իշխանություններն ամեն բան անում են, որպեսզի Ռուսաստանից Հայաստան խոզ չներմուծվի, որպեսզի իշխանություններին մոտ կանգնած անձինք տեղական մսի սպառումը վերցնեն իրենց ձեռքը:

Հիշեցնենք, որ դեռ օգոստոսին «Հրապարակը» գրել էր, որ Էկոնոմիկայի նախարարությունը նախագիծ է դրել շրջանառության մեջ, համաձայն որի վեց ամսով Ռուսաստանից Հայաատան խոզի մսի ներմուծումը կասեցվելու է, ինչը Ռուսաստանից Հայաստան խոզի միս ներկրողները պնդում են, որ ազդելու է Հայաստանի տնտեսության վրա, շարժելու է ռուսական կողմի զայրույթը և իհարկե՝ խթանելու է տեղական մսի գնի բարձրացմանը, ինչից կարող են շահել տեղական մսի արտադրությամբ զբաղվող ընկերությունները, որոնք կապված են իշխանությունների հետ:

Հրապարակին դիմած ընկերություններն ասում են, որ բացառված է Ռուսաստանից անառողջ կենդանիներ հասնեն Բագրատաշեն, քանի որ վրացական կողմը մանրակրկիտ ստուգումներ է իրականացնում, և եթե կենդանին Վրաստանից Բագրատաշեն է հասնում, ապա վստահաբար կարող եք համոզված լինել, որևէ խնդիր լինել չի կարող, սա հերթական սադրանքն է Ռուսաստանին և իշխանությանը մոտ կանգնած անձանց բիզնեսը խթանելու համար:

Ըստ նրանց՝ եթե հայկական կողմը պնդի, որ Հայաստանում կան վարակված խոզեր, Ռուսաստանը երեք տարով գյուղատնտեսական մթերքների արտահանումը կկասեցնի, ինչը կհանգեցնի լուրջ տնտեսական խնդիրների: Խոզի միս ներմուծող ընկերություններն ասում են, որ իշխանությունները քվոտա են ցանկանում մտցնել, սա կարող է լուրջ խնդիրներ առաջացնել Ռուսաստանի հետ հարաբերություններում և ռուսական կողմը կարող է, օրինակ, հայկական ծիրանի մուտքը ամռանը կասեցնել:

Սա ըստ էության նշանակում է, որ Հայաստանը ՌԴ-ին տնտեսական պատերազմ է հայտարարում։ Չհավատալով Ռուսաստանի պետական լաբորատորիաներին կարող են տնտեսական խնդիրներ առաջանալ: Նրանք նաև նշում են, որ ՌԴ-ի հետ պայմանագրեր ունեն մսի ներմուծման համար և եթե Ռուսաստանից Հայաստան խոզի մսի ներկրումն արգելվի, իրենք ևս ահռելի ֆինանսական խնդիրների առաջ են կանգնելու։ Ներմուծողները պնդում են, որ երկու օր շարունակ անցակետում մնալով որոշ խոզեր կարող են սատկել, իսկ ո՞վ է փոխհատուցելու այդ վնասը, ինչու երկու օր շարունակ ՍԱՏՄ-ն ստուգումներ չի իրականացնում, առաջներում չի եղել նման բան։

ՍԱՏՄ խոսնակը «Հրապարակի» հետ զրույցում վստահեցնում է՝ եթե կենդանիներն առողջ են, ապա անպայման ստուգումից հետո Հայաստան կմտնեն, հարցին, եթե դրանք իսկապես լինեին հիվանդ, ինչպե՞ս կարող էր վրացական կողմը այն իր տարածք թողնել, կենդանիները սատկում են Բագրատաշենում, ո՞վ է փոխհատուցելու վնասը, ՍԱՏՄ խոսնակն ասաց. «Մենք ի՞նչ գործ ունենք Վրաստանի հետ, մենք մեր աշխատանքն ենք կատարում, եթե կենդանիներն առողջ են, ապա ստուգումից հետո Հայաստան կմտնեն, ինչ վերաբերում է վնասը փոխհատուցելուն, մենք ստուգելու տերն ենք, բավականին բարդ խմբաքանակ է, ստուգումը ավարտելուց հետո բաց կթողնեն, ոչ մի վտանգավոր խնդիր չկա»,- նշեց նա: