Իհարկե, մենք ներթիմային խնդիրներ ունենք, եւ դրանք լուծում ենք ներթիմային քննարկումների միջավայրում: Այդ մասին նշել է ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
«Այդ միջավայրը երկար ժամանակ բաց էր մնացել, հարցեր էին կուտակվել, որի արդյունքում եղան քննարկումներ: Գուցե մամուլի խայտաբղետ մեկնաբանությունների արդյունքում այդ քննարկումներն արագացվեցին, որովհետեւ դրանք դարձան խիստ անհրաժեշտ ՔՊ-ի ներսում: Մենք ունեցանք այդ անկեղծ միջավայրը, որտեղ խոսեցինք կուտակված ամեն ինչի մասին:
Ես թե իշխանություն, թե ընդդիմություն եղած ժամանակ միշտ եղել եմ թիրախավորված, որովհետեւ միշտ եղել եմ կիզակետերում:
Արտահոսք եղավ նաեւ մեր փակ նիստից, ինչը մտահոգիչ է: Ո՞նց կարող է մեր փակ քննարկման որոշակի դրվագներ արտահոսեն: Ընդ որում, այդ արտահոսքերը սեփական ճաշակով ներկայացնելու: Նույն իսկ թերթերից մեկը գրել էր, որ ես սփրթնել էի, գունաթափվել էի: Ես միշտ եղել եմ սառնասիրտ:
Իհարկե, ժամանակի ընթացքում կուտակվում են խնդիրներ, նաեւ ներանձնային խնդիրներ, դրանք ինձ համար որոշիչ չեն, ինձ համար կարեւորը երկրի կարեւորություն է եւ այն ապահովող ուժը՝ «Քաղաքացիական պայմանագիրը»:
Թե մենք ներսում իրար ոնց կվերաբերվենք, դրանք լուծելի խնդիրներ են: Փնտրել մութ սենյակում սեւ կատու, պետք չի»,- հայտարարել է Անդրանիկ Քոչարյանը:
Դիտարկմանը, որ ըստ տեղեկությունների, ՔՊ-ի ներսում իր դեմ խոսացողների թիվն ավելանում է, անգամ հասնում է 40-ի, նա ասաց, որ դա չափազանցություն է. «Խնդիր կա բոլորիս հետ կապված, մենք բազմաշերտ քննարկում ենք ունեցել, եւ դա մերն է: Դա ձեզ համար չէր: Այո, ինձ էլ են քննադատել, ուրիշին էլ են քննադատել: Մենք խոսել ենք ամեն ինչից, ինչը մեզ հետաքրքրում է»:
Մեր ժողովրդի էլիտաները հայտնի են մեկը մյուսի դեմ դավեր նյութելով, նույն Գրողների միությունում է եղել ժամանակին,- նշել է Անդրանիկ Քոչարյանը․ «Հիմա ես հասկանում եմ՝ իշխանության կռիվ է գնում, իշխանությունը պայթեցնելու խնդիր է գնում: Բայց իմ խնդիրն է այդ պայթեցումները կանխելը: Եթե կա հեռահար նպատակ քաղաքական համակարգը պայթեցնելու, դա պետք է կանխել»:
Դիտարկմանը, որ հայտնի քննիչ հանձնաժողովների նախագահ լինելով իր ունեցած ինֆորմացիան կարող է վտանգավոր լինել իշխանության համար, Քոչարյանն ասաց. «Ես իշխանության կրող եմ, ո՞նց կարող եմ ես վտանգավոր լինել մեր իշխանության համար: Այն, ինչ ես իրականացրել եմ, դրանք պետության համար ծրագրեր են»:
Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ ՔՊ-ի փակ հանդիպումից ինքը հասկացել է, որ Նիկոլ Փաշինյանի համար անիմաստ թիրախավորումն ընդունելի չէ: Եթե կան մարդիկ, որ ուզում են պայթեցնել քաղաքական համակարգը, նրանք էլ պետք է իմանան, որ որեւէ հաջողություն արձանագրելու շանս չեն ունենալու:
Ճշտող հարցին՝ մտավախություն ունի, որ ներսից ցանկություն կա պայթեցնելո՞ւ քաղաքական համակարգը, ՔՊ-ական պատգամավորը պատասխանեց. «Ոչ, դրսից ներսում խնդիրներ առաջացնելու: Ներսում էլ կարող է գայթակղվեն, բայց դա երկրորդական է: Ակնհայտ է ընդդիմության նպատակը: Աղվան Վարդանյանը խոսում է մահապարտների մասին: Ինչի՞ համար են պետք մահապարտները՝ ֆիզիկական պայթեցման, թե՞ գաղափարական»:
Իսկ ո՞ր թիմում չկան թեւեր, բայց չպետք է լինեն այնպիսի թեւեր, որոնք խանգարում են, օրինակ, բարձրախոսը բռնել,- նշել է Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով ՔՊ-ի ներսում տիրող իրավիճակին․ «Թեւեր կարող են լինել մտածողության, ապագայի մասին պատկերացումների, բայց դրանք չեն կարող խանգարել մեր երկրի կայուն ընթացքին: Եթե այդպիսի մտահոգություն ունի, Փաշինյանը կկանխի այդ ամենը»:
Անդրադառնալով խոսակցություններին, որ ինքը կարողացել է տարբեր ուժային կառույցներում իր մարդկանց նշանակել, իր թիմերը ձեւավորել եւ ինչ-որ պահի կարող է նաեւ իշխանության փոփոխության հարց բարձրացնել, Անդրանիկ Քոչարյանն ասաց. «Լո՞ւրջ եք ասում: Ուրեմն դուք իմ կերպարը լավ չեք ուսումնասիրել: Որպեսզի լավ հասկանաք իմ կերպարը, նայեք «Մարտի 1»-ի մասին Տիգրան Պասկեւիչյանի եւ Արա Շիրինյանի «Հայաստանի կորսված գարունը» ֆիլմը, որտեղ հիմնական կինոյի տղեն ես եմ եղել, չնայած միայն իմ ձայնն է լսվել: Մենք այսօրվա վարչապետի հետ անցել ենք մի ճանապարհ, որն ուրանալ հնարավոր չէ:
Դուք այլ կերպար եք ուզում ստեղծել, չկա այդ կերպարը, դա անհնար է: Եթե ես այդ ճանապարհով գնայի, ես պետք է այստեղ չլինեի: Ժամանակին ինձնով շատ անհանգստացել է եւ Ռոբերտ Քոչարյանը, եւ Սերժ Սարգսյանը, բայց որեւէ բանի հասե՞լ են: Չէին կարող հասնել: Ինչի՞ ինձ վնասելու ցանկություն չեն ունեցե՞լ, ոնց կարող էին չունենալ, ունեցել են»:
Բաց մի թողեք
Գրիգորյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատախազություն, ըստ նրա՝ տեղի է ունենում շանտաժ
«Ռոբերտ Քոչարյանը ժողովրդավար էր» բառակապակցությունը նոնսենս է․ Ալեն Սիմոնյան
Անդոների և բլոգերների մասնակցելը 400,000 դրամից դժգոհ վարորդների ակցիային վկայում է քաղաքական նպատակը. Չախոյան