Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների հետ խորհրդակցություններից հետո հրավիրված ճեպազրույցում հայտարարել է, որ քաղաքացիների բողոքը, որը շարունակվում է արդեն 4 օր, դուրս չի գալիս Սահմանադրության շրջանակից:
Սալոմե Զուրաբիշվիլին հայտնել է նաև, որ ընդդիմադիր ուժերի հետ կնքվել է «ազգային համաձայնություն» այն մասին, թե ինչ է պետք անել ստեղծված իրավիճակում:
Համաձայնության առաջին կետը այն մասին է, որ երկիրը չի գնում դեպի Ռուսաստան, այլ գնում է Եվրոպա:
«Այդ բողոքը և բոլոր մյուս գործողությունները մնում են Սահմանադրության շրջանակում: Մենք հասարակություն ենք՝ մեր քաղաքացիական նախաձեռնություններով, մենք Սահմանադրության կողքին ենք, պաշտպանում ենք Սահմանադրությունը և այս երկրի ապագան:
Հակառակը՝ իշխող կուսակցությունն իր յուրաքանչյուր քայլով դուրս է գալիս Սահմանադրության շրջանակից, խախտում է այն անգամ իր վերջին որոշումներով»,- ասել է Զուրաբիշվիլին ճեպազրույցում։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դեկտեմբերի 1-ի երեկոյան իր նստավայրում խորհրդակցության է հրավիրել ընդդիմադիր չորս կուսակցությունների ներկայացուցիչներին: Այս տեղեկությունը տարածել է Ռուսաստանի ՏԱՍՍ պետական գործակալությունը՝ «Նախագահը գլխավորում է պետական հեղաշրջումը» խորագրի ներքո:
Apsny.ge-ի փոխանցմամբ՝ խորհրդակցության ընթացքում կողմերը «եկել են ընդհանուր հայտարարի, որ Վրաստանում իշխանության միակ լեգիտիմ ինստիտուտը նախագահն է, և քաղաքական գործընթացները պետք է ծավալվեն նրա շուրջ»: Նույն աղբյուրը տեղեկացնում է, որ կառավարությունը մտադիր չէ հրաժարվել նախագահի ընտրություն կազմակերպելու իր որոշումից: Վարչապետ Կոբախիձեն ասել է, որ Զուրաբիշվիլին «կթողնի իր նստավայրը»:
Ավելի վաղ Վրաստանի նախագահը հայտարարել է, որ չի թողնի պաշտոնը մինչև խորհրդարանական նոր ընտրություններ չանցկացվեն: Նա Սահմանդրական դատարանում վիճարկում է խորհրդարանական ընտրությունների սահմանադրականությունը: ՍԴ-ն, ըստ օրենքի, պարտավոր է հայցը քննության առնել և կայացնել համապատասխան վճիռ:
Թբիլիսիում ներքաղաքական իրավիճակը, իրոք, ծայրահեղ լարված է: Եվրամիությանն անդամակցելու հարցով բանակցություններ չսկսելու մասին վարչապետ Կոբախիձեի որոշումը քննադատում են ոչ միայն նախկին, այլև գործող պաշտոնյաներ: Առնվազն չորս երկրում Վրաստանի դեսպանները հրաժարական են տվել, կառավարության որոշումը քննադատել է ԱԳՆ հարյուրից ավելի աշխատակից:
«Լուրջ պետություն հնարավոր է կառուցել միայն հուսալի գործընկերների հետ»,- կառավարությանը հասցեագրած դիմումով ասել է պաշտպանության նախկին նախարար Ալասանիան: Նա համարում է, որ Վրաստանի ««եվրոպական ընտրությունն է նրա ժողովրդի կամարտահայտությունը, ոչ մի կառավարություն դա անտեսելու լիազորություն չունի»:
Դեկտեմբերի 1-ին հայտարարություն է տարածել նաև Վրաց ուղղափառ եկեղեցու պատրարքարանը և իշխանություններին ու ընդդիմությանը հորդորել, որ քաղաքական հավակնությունները թողնեն մի կողմ, նստեն բանակցությունների սեղանի շուրջ: Այս տեղեկությունը տարածելով՝ civil.ge-ն հարկ է համարել ավելացնել, որ խորհրդարանական ընտրություններում պատրիարք-կաթողիկոս Եղիա Երկրորդը «պաշտպանել է իշխող ուժին»:
Այս ակնարկը, հավանաբար, պետք է հասկանալ այն իմաստով, որ Վրաց ուղղափառ եկեղեցին հանրային աջակցություն չունի, և նրա հորդորը հազիվ թե ներքաղաքական իրավիճակի վրա որևէ ազդեցություն գործի:
Թբիլիսիում ի՞նչ զարգացումներ են հնարավոր: Խորհրդարանի խոսնակ Պապուաշվիլին մամուլի ասուլիս է հրավիրել և ցուցարարներին մեղադրել օրենսդիր մարմնի նստավայրի «մոտ հիսուն աշխատասենյակի վնաս հասցնելու» մեջ: Նրա ներկայացմամբ՝ «հրկիզվել է խորհրդարանի մուտքի փայտե դուռը»: Վարչապետ Կոբախիձեն պնդել է, որ ցուցարարները «Մոլոտովի կոկտեյլ են կիրառել, տասնյակ ոստիկաններ այվածքներ են ստացել»:
Վրաց պաշտոնյաների այս հայտարարություններից կարելի է եզրակացնել, որ իշխանությունները ցուցարարների դեմ ուժի կիրառման տեղեկատվական հող են նախապատրաստում: Ամենայն հավանականությամբ, ոստիկանությունը Թբիլիսիի կենտրոնը «մաքրելու» հատուկ գործողություն է նախապատրաստում: Նախկին վարչապետ Գախարիան ասել է, որ Բիձինա Իվանիշվիլին ամեն ինչ անում է, որպեսզի ««երրորդ կողմի միջամտության առիթ ստեղծի»: Վրաստանին ևս մեկ փորձությու՞ն է սպասվում: Դա մարտահրավեր է Հարավային Կովկասին:
Բաց մի թողեք
Մեծ Բրիտանիան «ապահովագրում է» Ուկրաինային
Եվրոպական երկրների դեսպանների հետ այցելում ենք Հայաստանի Վայոց ձորի մարզ. Ֆրանսիայի դեսպան
Ալիևի «մյունխենյան» և Արցախի նախկին ղեկավարների «բաքվյան» դատավարությունները