15/01/2025

Ինչքա՞ն փող ունեք, կասե՞ք, Արցախի՞ց էիք բերել այդ գումարները, Հայաստան խոպան էիք եկել. Ալեն Սիմոնյանը՝ Լևոն Քոչարյանին

Ազգային ժողովում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը արձագանքեց ընդդիմադիր պատգամավորներ Ռոբերտ Քոչարյանի որդի՝ Լևոն Քոչարյանի կոռուպցիայի մասին ելույթներին։

Նա ասաց, որ «Հայաստան» խմբակցությունն ամենակոռումպացված թեմաների շուրջ մեղադրանքներ ունեցող խմբակցությունն է։

Վերջինս, հիշեցնելով Քոչարյանների ընտանիքի ունեցվածքի մասին, նշեց 4 մլրդ դոլար թիվը, և դիմելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանին, նկատեց. «Թվի մե՞ջ է խնդիրը։ 4 չէ, 3,8 է, 5 է, 1 է։ Ինչքա՞ն է, Լևոն ջան, կասե՞ս։ Ինչքա՞ն է։ Ինչքա՞ն փող ունեք, կասե՞ք։ Պարոն Քոչարյան, կասե՞ք ինչքան գումարի է տիրապետում Քոչարյանների ընտանիքը։ Արցախի՞ց էիք բերել այդ գումարները»։

Ըստ Սիմոնյանի՝ իրականությունն այն է, որ ՀՀ նրանք «խոպան էին եկել»։

Ալեն Սիմոնյանը հիշեցրեց «Առագաստ» սրճարանում Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք նրա թիկնապահների կողմից սպանված Պողոս Պողոսյանի դեպքը՝ ցուցադրելով վերջինիս լուսանկարը, ապա՝ 2008թ. «Մարտի 1»-ի սպանությունները, և նշեց. «Երբ խոսք է գնում մարդ սպանելուց, կոռուպցիայից, ես կարծում եմ՝ ճիշտը դահլիճից դուրս գալն է, բոյկոտելը։ Ամենաճիշտ տրամաբանությունն է»։

***

«Իրականում երբ լսեցի, որ խմբակցության անունից պարոն Քոչարյանը պետք է խոսի կոռուպցիային վերաբերող հարցի մասին, ես հիշեցի «Մաֆիա» խաղը, որտեղ որ «սևը» կեղծ շերիֆ է բացվում և սկսում է «կարմիր» խաղ խաղալ: Բարեբախտաբար, կյանքը ՀՀ-ում «Մաֆիայի» նման չԷ հատկապես 2018 թվականից հետո»:

Այս մասին Ազգային ժողովում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ հիշեցնելով, թե «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի անունով ինչ բիզնեսներ կան գրանցված. «Պարոն Քոչարյան, դուք շատ հաջողակ բիզնեսմեն եք։ Սիլիկոնային հովտում ձեր տեղը ուղղակի չգիտեն։ Եկել, այստեղ զբաղված եք հարկատուների հաշվին օրենսդիր գործունեությամբ։ Ձեր ինչի՞ն է պետք։ Դուք «Ֆորբսի» ամենահայտնի միլիարդատերների ցուցակում հայտնվելու հնարավորություն ունեք։ Դուք պատանի տարիքում համարյա դոլարային միլիոնատեր դառնալու ճանապարհին եք եղել, հիմա եկել, այստեղ խոսում եք կոռուպցիայի դեմ պայքարից»։

Ապա Կոնջորյանը, դիմելով Քոչարյանին, նկատեց՝ ասում եք՝ հաղթանակած ազգ ենք եղել, հաղթանակած ազգի ու պետության մեջ ո՞նց է 1 միլիոն մարդ արտագաղթել:

«Ձեր մանկության տարիներից սկսած՝ թանկարժեք մեքենաների պատուհանից այն կողմ, թանկարժեք պալատների պարիսպներից այն կողմ չեք տեսել, թե այդ հաղթանակը ինչ է դարձրել ձեր իշխանությունը, որովհետև դուք եղել եք իմ նկարագրած երկրում թանկարժեք մեքենանների պատուհաններից այս կողմ և այդ պալատների պարիսպներից այս կողմ, դրա համար դուք ձեր բարեկեցությունը՝ հաղթանակած կյանքը, պրոյեկտել եք հանրության վրա մտածելով, որ բոլորն այդպես են ապրում: Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ, երբ որ դուք խոսում եք կոռուպցիայի դեմ պայքարի մասին»,- ասաց Կոնջորյանը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում: