Նիկոլ Փաշինյանը խորհրդարան-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում, անդրադառնալով ադրբեջանական մամուլում Հայաստանին վերագրվող իբրև թե ռազմական սադրանքի ծրագրման մասին հետևողական ու պարբերական հրապարակումներին, հայտարարել է, որ ինքը բացառում է Հայաստանի կողմից լարվածության տանող որևէ քայլ:
Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը հավատարիմ է խաղաղության օրակարգին և ինքը չի տեսնում հայ-ադրբեջանական էսկալացիայի որևէ հիմք: Փաշինյանը հայտարարում է, որ ադրբեջանական մամուլի այդ հոդվածները ցույց են տալիս, որ կան ուժեր, որոնք շահագրգռված են ռեգիոնալ ապակայունացմամբ: Իսկ որո՞նք, կամ ովքե՞ր են այդ ուժերը:
Նա չի մանրամասնում: Այդ ուժն Ադրբեջանը չէ՞: Այդ դեպքում ինչպե՞ս են հոդվածները հայտնվում ադրբեջանական մամուլում, որտեղ հազիվ թե կարող է հայտնվել Բաքվի կամքին դեմ որևէ հոդված, առավել ևս մեդիաարշավ:
Ավելին, կա ոչ միայն մեդիաարշավ, այլ դրան զուգահեռ և համահունչ գործում է Ադրբեջանի պաշտպանության նախարարը՝ այցելելով Հայաստանի հետ սահմանամերձ զորամասեր և զորքին կոչ անելով զգոնության ու մարտական պատրաստվածության: Նիկոլ Փաշինյանը իհարկե, իրավացի է, որ Հայաստանը պետք է անհօգնել կրկնի, որ չունի էսկալացիայի որևէ մտադրություն ու մոտիվ:
Ամբողջ հարցն այն է, որ, դա չի ունենալու էական զսպող նշանակություն, եթե ուժերը, որոնք շահագրգռված են ապակայունացմամբ, ստանան իրենց շահագրգռություններն առաջ մղելու հնարավորություն:
Հետևաբար, ապակայունացման ռիսկերը չեզոքացնելու համար Հայաստանին բոլորովին բավարար չէ էսկալացիայի հարցում որևէ շահագրգռություն չունենալն ու որևէ գործողություն բացառելը: Այսօր ուժերի բալանսն այնպիսին է, որ անգամ առանց Հայաստանի հայտարարությունների էլ բոլորին պարզ է, որ Երևանը որևէ կերպ չի կարող ունենալ էսկալացիայի մտադրություն:
Ինքնին այդ մասին հայտարարելը շատ քիչ է էսկալացիայի հնարավոր ռիսկերը կանխարգելելու համար: Այդ հայտարարությունները կարող են լոկ նախադրյալ ստեղծել՝ ասելու, որ Երևանն ամեն ինչ արել է այդ էսկալացիան թույլ չտալու համար: Մինչդեռ, շատ բարդ կլինի միարժեք և վստահաբար ասել, թե արդյո՞ք իրապես արվել և արվում է առավելագույնը:
Բաց մի թողեք
Այդուհանդերձ ներիշխանական պրոցեսները ունեն ավելի լուրջ հիմք, մոտիվ կամ պատճառ
ԵՄ դիտորդները Հայաստանում անվտանգային աչք ու ականջ են
Ակամա Վրաստանը դիտարկելը Հայաստանի խոչընդոտ՝ խնդիր է