17/01/2025

Ի՞նչ հետևանքներ կունենա ճամբարափոխության սինդրոմը կամ ինչո՞ւ ․․․

ՔՊ կուսակցությանը օրենքով հնարավորություն պիտի ունենա իր ուղեգծից շեղված պատգամավորին փոխարինել համամասնական ցուցակի մեկ այլ թեկնածուով:

Ինձ առարկեցին, որ օրենքը չի կարող սահմանադրությունից վեր լինել, թող կուսակցությունը նախապես իր ցուցակում ընդգրկի կայուն համոզմունքներ դավանող թեկնածուների, ոչ թե մեկ այլ քաղաքական ուժից «թռածների»:

Անկախ Հայաստանի պատմությունը գիտի մի ճամբարից մյուսին անցնելու բազմաթիվ դեպքեր, որ երբեմն զանգվածային են եղել: Ինչպես, օրինակ, 1998թ.-ին, երբ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո, իսկ փաստացի՝ մինչ այդ Ազգային ժողովում փլուզվեց կոալիցիան:

Ավելին՝ նախագահին հրաժարականի պահանջ ներկայացրած որոշ պաշտոնյաներ, այդ թվում՝ վարչապետ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀՇ վարչության անդամ էր: Բայց ոչ ոք չի կարող ՀՀՇ հիմնադիր համագումարի պատվիրակներին մեղադրել, թե ինչո՞ւ վարչության անդամների ընտրության հարցում գերզգոն չեն եղել: Քաղաքականությունը շատ հաճախ հենց ճամբարափոխություն է:

Իսկ սահմանադրությունն ինչո՞վ է սահմանափակում իր ընտրացուցակում քաղաքական ռոտացիա իրականացնելու կուսակցության հնարավորությունը: Եթե չեմ սխալվում, սահմանադրությունը պատգամավորի մասին ասում է, որ հրամայական մանդատով կաշկանդված չէ, առաջնորդվում է համոզմունքներով և խղճով:

Նման նորմ, ըստ երևույթին, սահմանվել է ի հակակշիռ խորհրդային ավանդույթի. ԽՍՀՄ-ում բոլոր մակարդակի պատգամավորը կարող էր ընտրողների նախաձեռնությամբ զրկվել մանդատից կամ, ինչպես այն ժամանակ էին ասում՝ «հետ կանչվել»:

Ժողովրդավարական երկրում, իհարկե, այդպես չէր կարող լինել, ուստի սահմանադրությունը չեղարկել է «հետկանչի» նորմը: Փոխարենը պատգամավորը «կաշկանդված» համոզմունքներով և խղճով:

Ընդ որում՝ սահմանադրական այդ նորմը գործում է 1995թ.-ից, երբ Հայաստանի ԱԺ ընտրություններն անցկացվում էին խառը՝ մեծամասնական-համամասնական ընտրակարգով, իսկ կառավարման համակարգը նախագահական-կիսանախագահական էր, և մեկ կամ նույնիսկ մեկ տասնյակ պատգամավորի ճամբարափոխությունը գործադիր իշխանության բնականոն գործունեությունը չէր խաթարի:

Հայաստանը 2018թ.-ից խորհրդարանական կառավարման պետություն է, իսկ սահմանադրությունը պահանջում է, որ ԱԺ-ում լինի քաղաքական կայուն մեծամասնություն: Դա վարչապետի, կառավարության անխոչընդոտ գործունեության երաշխիքն է: Որքանով է այդ նորմը ժողովրդավարական, որքանով՝ ոչ, այլ թեմա է:

Կոնկրետ գործող սահմանադրությունը պահանջում է, ուրեմն խորհրդարանում մշտապես պետք է լինի կայուն մեծամասնություն, քանի որ հիմնական օրենքն այդ հարցում որևէ այլ կարգավորում չունի:

Սահմանադրությունը խորհրդարանի փոքրամասնությանը պարտադրում է լինել ընդդիմություն: Այսինքն, եթե վաղը «Հայաստան» կամ «Պատիվ ունեմ» խմբակցությունից մի կամ մի քանի պատգամավոր հայտարարի, որ միանում է ՔՊ-ին, ապա դա կլինի հակասահմանադրական, որովհետև նա ստացել է ընդդիմադիրի մանդատ: և այդ կարգավիճակը նրանը չէ, այլ կուսակցությանը, դաշինքինը:

Ինչպես որ կայուն մեծամասնության մանդատն է ՔՊ-ինը: Գործող սահմանադրության իմաստով խորհրդարանի քաղաքական ստատուս-քվոն պետք է մինչև նոր ընտրություններ մնա անփոփոխ:

Գործնականում, իհարկե, ոչ ոք սահմանադրությանն ուշադրություն չի դարձնի, եթե ստեղծվի իրավիճակ, երբ ՔՊ-ն «փոշիանա», ինչպես լրատվամիջոցներից մեկն է կանխատեսել: Բայց ի՞նչ հետևանքներ կունենա ճամբարափոխության սինդրոմը կամ ինչո՞ւ ամեն ինչ մասնավորեցնել գործող իշխանության և ինստիտուցիոնալ ընդդիմության ուժերի հարաբերակցության վրա:

Պատգամավորի խիղճը նրան պետք է թելադրի, որ եթե համոզմունքները փոխվել են, ուրեմն սպառվել է իր քաղաքական մանդատը, որ ինքը ոչ թե ուղղակի ժողովրդից է ստացել, այլ՝ այն կուսակցությունից, որին վստահության քվե է տվել Հայաստանի քաղաքացին:

Սահմանադրությամբ իշխանությունը պատկանում է ժողովրդին, որ այն իրացնում է հանրաքվեների և ընտրված ներկայացուցիչների միջոցով: Խորհրդարանական կառավարման երկրում մանդատակիր ներկայացուցիչը Պողոս Պողոսյանը չէ, այլ քաղաքական ուժը: