Նիկոլ Փաշինյանն օրենքով սահմանված կարգով վարորդական իրավունքից զրկված վարորդների խնդրին անօրինական ու միանձնյա լուծում առաջարկեց, որն ավելի շատ ընտրակաշառք է, քան՝ հարցի լուծում:
Հրապարակ թերթը գրել է․ Նա հարբածության պատճառով վարորդական իրավունքից զրկված վարորդներին շաբաթներ առաջ տեղեկացրեց, որ նրանց վարորդական իրավունքը կվերականգնվի առանց քննության, բայց ոչ թե 13 բալով, այլ՝ 6-ով։ «Եթե այդ մեկ տարվա ընթացքում չի զրկվում իրավունքից, վերադառնում է 13 բալի։ Եթե սրանից հետո կրկին բալերը զրոյանում են, ապա այլեւս առանց քննության հնարավոր չի լինելու իրավունքը վերականգնել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Մինչդեռ ուղիղ մեկ տարի առաջ՝ Կառավարության նիստի ընթացքում Փաշինյանը վրդովված պնդում էր, որ վարորդների 95 տոկոսը նորմալ մեքենա վարել չգիտի, ու պետք է ատեստավորել նրանց: «Խմում` գնում ա պատին տալիս ա, 7-8 հոգի զոհվում ա, դուրս է գալիս, ասում ա՝ «արա, էսի երկիր չի ընդհանրապես»։ Լավ, սենց չի ըլնի, ժողովուրդ ջան։ Որովհետեւ եթե մեր պատասխանատվությունն ա, ուրեմն պտի փակենք, ասենք՝ «չեք քշում»,- հայտարարում էր նա:
Իսկ ընտրություններին ընդառաջ, քարոզարշավի 9-րդ օրը պարզվեց` այնքան էլ վատ բան չէ խմած վարելն ու մեքենան ջարդելը, կարելի է ընդամենը 50 հազար դրամի տուգանք վճարել եւ վարորդական իրավունքը հետ ստանալ` առանց նոր քննություն հանձնելու։ «Նրանք, ում մի տարին արդեն լրացել ա, մենք առաջարկում ենք առանց քննության, որոշակի, պարզապես առանց քննության չէ … սպասեք, սպասեք…», եւ խաղի նոր կանոններ է առաջարկում․ 13-ի փոխարեն սկզբնականում՝ 6 բալ, իսկ եթե սրանք էլ մեկ տարում զրոյանան, ապա այդ դեպքում նոր քննություն հանձնել։
Մենք Ներքին գործերի նախարարությունից տեղեկացանք, որ միայն 2025 թվականին վարորդական իրավունքից զրկվել է ավելի քան 5 հազար 400 քաղաքացի: Հիշեցնենք, որ այս տարեսկզբին էլ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հայտնել էր, որ անձանց վարորդական իրավունքից զրկելու գերակշիռ պատճառը եղել է ալկոհոլ օգտագործած վարելը։

Բաց մի թողեք
Նախկին ՔՊ-ականը ոստիկանությանը հայտնել է, որ իրենից պահանջել են 480 հազար դոլար ու uպառնացել. Լուսանկար
ՄԱՊ-ի Ալիկի որդու ՍՊԸ-ից 103.5 մլն դրամի գնում
Մտածել են՝ գլուխները կպրծացնեն, բայց սխալվել են