«Թուրքիայի համար ռազմավարական նպատակը մնում է Եվրամիությանն անդամակցությունը»,- Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա Ֆոն Դեր Լայենի հետ Անկարայում տեղի ունեցած բանակցությանը հայտարարել է Թուրքիայի նախագահ Էրդողանը:
Նա խոսել է Թուրքիայի կարևորության մասին, ինչը, ըստ նրա, ցույց տվեցին նաև վերջին իրադարձությունները: Էրդողանը հայտնել է, թե Եվրամիությունից ակնկալում են նոր մոտեցումներ: Թուրքիան, իհարկե, գուցե և դեմ չլինի անդամակցել Եվրամիությանը:
Թուրքիայի անդամակցությանը դեմ են Եվրոպայում, և առաջին հերթին Եվրոպական Միության միակ միջուկային տերությունը՝ Ֆրանսիան: Իհարկե, միայն Ֆրանսիայով չի սահմանափակվում Թուրքիային ԵՄ-ում տեսնել չցանկացողների շրջանակը:
Այդուհանդերձ, Ֆրանսիայի պարագան բնականաբար առանցքային է՝ հաշվի առնելով այդ երկրի կարգավիճակը: Այդ առումով, Եվրահանձնաժողովի նախագահի առաջ հիշեցնելով Թուրքիայի անդամության ռազմավարական նպատակը, Անկարան ըստ էության դիմում է քողարկված շանտաժի:
Եվրամիությունը Թուրքիայի անդամության ճանապարհին արգելքներ սահմանելու համար բնականաբար պետք է խնդիրներ դնի Անկարայի առաջ: Իսկ Անկարան այդ խնդիրները կօգտագործի ԵՄ հետ հարաբերության լարման համար՝ պատասխանատվությունը լարվածության համար թողնելով հենց եվրոպական կողմի վրա: Այս տողատակն ունի նաև Էրդողանի հայտարարությունը, որ Եվրամիությունից սպասում են նոր տեսլականի՝ կապված Թուրքիայի անդամության հարցի հետ:
Այս թեման Հայաստանի համար էլ, անշուշտ, ունի թե՛ ռազմավարական նշանակություն և թե՛ տակտիկական: Ռազմավարական իմաստով, իհարկե, խնդիրն այն դաշտում է, որ Թուրքիան փաստորեն գտնվելով Եվրամիության ու Կովկասի միջև, ըստ էության կարող է տարբեր միջոցներով կանխորոշել Կովկասում եվրոպական քաղաքականության առարկայականության աստիճանը, անկախ թե առարկայականության ինչ աստիճան է պատկերացնում Եվրամիությունն ինքը:
Հարկ է նկատել, որ Թուրքիան այդ իմաստով ունի նաև Ադրբեջանին: Ահա այստեղ նաև կա տակտիկական խնդիր: Մասնավորապես, բոլորովին բացառելի չէ, որ Եվրամիությանն անդամակցությունն իր ռազմավարական նպատակ բարձրաձայնող Անկարան Ադրբեջանի միջոցով կարող է բարձրաձայնել Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության կազմում ընդգրկվելու նպատակ, հատկապես, որ ԵՄ-Հայաստան ամիսներ առաջ վավերացված համաձայնագիրը ԵՄ-ին չգիտես ինչու տվել է «ոչ անդամ երկրի» ներգրավման հնարավորություն:
Ադրբեջանը, որ առիթը բաց չի թողնում Ֆրանսիայից դժգոհելու համար, կարող է դիտորդական առաքելության հարցում ԵՄ հետ պայմանավորվածության գին սահմանել Թուրքիայի ներկայացուցիչների ներգրավումը՝ որպես իր համար վստահելիության ցուցիչ:
Իսկ Եվրամիությունը թերևս չի կարող Հայաստանում առաքելության տեղակայման ժամկետի երկարաձգման մասին որոշումը կայացնել առանց Ադրբեջանի հետ պայմանավորվածության:
Բաց մի թողեք
Զելենսկին մերժում է Օրբանին և ԱՄՆ-ից ակնկալում է անվտանգության ուղիղ երաշխիք՝ հրադադարի գնալու համար
Նիդերլանդների դեսպանը միացել է Խաչիկ գյուղում ԵՄ դիտորդական առաքելության պարեկային խմբին. Լուսանկար
Ո՞րն է Հայաստանի տեղն այսօր, որտե՞ղ պետք է լիներ