17/01/2025

Բաքու-Գրոզնի օդանավի «խոցման» պահին Ալիևն իրոք օդո՞ւմ է եղել

Բաքվի «Թուրան» գործակալությունը մեջբերել է ռուսաստանցի ռազմական փորձագետ Յան Մատվեևին, որ անհավանական է համարում Բաքու-Գրոզնի չվերթի խորտակված օդանավի ֆյուզելյաժի վնասվածքները «գազաբալոնի պայթյունի հետևանք համարող վարկածը», որ առաջ է քաշել «Ռոսավիացիան»:

Նա կարծում է, որ դրանք, ամենայն հավանականությամբ, ՀՕՊ համակարգի հրթիռի ազդեցության հետևանք են:

Ադրբեջանական լրատվամիջոցը համարժեք գնահատականների այլ աղբյուրներ ևս վկայակոչելով՝ ի վերջո եզրահանգում է, որ AZAL պետական ավիաընկերության օդանավը հայտնվել է ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների «աշխատանքի գոտում», ինչը վկայում է, որ այդ նույն ժամանակ Գրոզնիի օդանավակայանից տասնութ կիլոմետր հեռավորության վրա «գործել են ՀՕՊ մի քանի համակարգեր»: Որպես հավելյալ հիմնավորում վկայակոչվում է «իրողությունը, որ օդանավն անջատվել է GPS-ից»: Փաստացի անձնակազմն այդ պահից դիսպետչերական ծառայությունների համար դարձել է անհասանելի:

«Կարելի՞ է սպասել, որ Ռամզան Կադիրովը և Ռուսաստանի ղեկավարությունը կընդունեն իրենց մեղքը, ներողություն կխնդրեն և փոխհատուցում կվճարեն՝ ինչպես պաշտոնական Բաքուն վարվեց, երբ 2020թ. նոյեմբերի 8-ին Նախիջևանի հետ Հայաստանի սահմանին խոցվել էր ռուսաստանյան ուղղաթիռը»:

Այս ձևակերպումն ուշագրավ է առնվազն երկու առումով: Գրոզնիի օդանավակայանի շրջանում և առհասարակ ամենուր ՀՕՊ և հակահրթիռային պաշտպանության միջոցներն «աշխատում են» Ռուսաստանի Զինված ուժերի համապատասխան զորքերի հրամանատարության ենթակայությամբ: Դեկտեմբերի 25-ին AZAL ավիաընկերության օդանավը «Պանցիր» համակարգի հրթիռի «միջոցով խոցելու» հետ ի՞նչ առնչություն ունի կամ կարող է ունենալ Չեչնիայի ինքնավարության ղեկավար Ռամզան Կադիրովը:

Նրան ուկրաինական ԱԹՍ-ների գործողության գոտում ուղևորատար օդանավ գտնվելու մասին զեկուցե՞լ են, և նա կարգադրել է ցանկացած թռչող սարք խոցե՞լ: Այսինքն՝ Չեչնիայում տեղակայված ՀՕՊ և հակահրթիռային պաշտպանության զորքերի ստորաբաժանումները փաստացի ենթարկվում են Կադիրովի հրամանի՞ն: Իսկ եթե այդպես չէ, հրաման արձակողն ՌԴ ԶՈՒ Գլխավոր շտաբն է կամ տվյալ զորախմբի հրամանատարը, ապա ադրբեջանական կողմն ինչո՞ւ է Կադիրովից «ներողություն և փոխհատուցում ակնկալում»՝ Ռուսաստանի ղեկավարության հետ հավասար պատասխանատվության հիմքով:

Երկրորդ և չափազանց արտառոց հանգամանքն այն է, որ «Թուրանը» փաստացի նույնականացնում է քաղաքացիական օդանավի և ռազմական ուղղաթիռի խոցումը: Ռուսական ուղղաթիռը չորս տարի առաջ Նախիջևանի հետ Հայաստանի սահմանին խոցվել է զինադադարի մասին եռակողմ հայտարարությունը հրապարակայնացնելուց մի քանի ժամ առաջ: Ադրբեջանն, իրոք, կատարվածի համար Ռուսաստանից ներողություն է խնդրել և զոհված օդաչուների ընտանիքներին փոխհատուցում վճարել:

Բայց դա ի՞նչ կապ ունի Բաքու-Գրոզնի չվերթի օդանավի «խոցման» հետ: Ադրբեջանական լրատվամիջոցն ակնարկում է, որ Ռուսաստանը «չորս տարի անց պատասխան գործողությու՞ն է իրականացրել»: Իսկ ի՞նչ իմաստ կամ նշանակություն ունի այդ «վրիժառությունը»: Մանավանդ որ օդանավում նաև ՌԴ քաղաքացիներ են եղել: Իսկ եթե «ոչինչ չկա», ադրբեջանական լրատվամիջոցն ինչու՞ է հիշեցնում ռուսական ուղղաթիռի խոցումը: Չէ՞ր կարող ասել՝ Ռուսաստանը «պետք է խոստովանի մեղքը, ներողություն խնդրի և փոխհատուցում վճարի՝ ինչպես ընդունված է միջազգային պրակտիկայում»:

Չորս տարի առաջ ընդունելով ռուսական ուղղաթիռը Հայաստանի հետ սահմանին խոցելու որոշում՝ Իլհամ Ալիևը քաղաքական ի՞նչ նպատակ է հետապնդել: Ցանկացել է ասել, որ զինադադար պետք է հաստատվի միայն ի՞ր պայմաններով: Այդ որոշումն Ալիևը միայնակ-ինքնուրո՞ւյն է կայացրել: Բաքու-Գրոզնի չվերթի օդանավի «հրթիռային խոցման» քաղաքական վճիռ Ռամզան Կադիրո՞վն է կայացրել: Ինչո՞ւ: Ալիևն իրոք այդ ժամերին օդո՞ւմ է գտնվել: