Հայ-ադրբեջանական բանակցային գործընթացում Երևանը չի ակտուալացնում Ադրբեջանի սահմանադրությամբ Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջների թեման:
Նիկոլ Փաշինյանն ասում է, որ թեև Ադրբեջանի մուսավաթական կառավարությունը 1919 թվականին Անտանտի երկրներին ներկայացրել է մի քարտեզ, որով հավակնում է ՀՀ ներկայիս տարածքի գրեթե վաթսուն տոկոսին, բայց պայմանագրի համաձայնեցված հոդվածներից մեկի համաձայն՝ կողմերը չեն կարող ազգային օրենսդրության պատճառաբանությամբ չկատարել ստանձնած պարտավորությունները:
Ինչպես ասում են՝ պարդոն: Ցանկացած երկիր միջազգային պայմանագիր է ստորագրում, եթե այն չի հակասում իր սահմանադրությանը: Այս իմաստով Փաշինյանի բերած հիմնավորումը եթե բարի ցանկություն չէ, ուրեմն գործ ունենք իրավական ծուղակի հետ: Ադրբեջանը կարող է ստորագրել պայմանագիր, որով Հայաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչվում է, բայց հետո մեկնաբանել, որ դա ուժ ունի այնքանով, որքանով չի հակասում իր սահմանադրությանը:
Խնդիրն այս առումով չափազանց բարդ է, քանի որ 1918-20 թվականներին գոյություն ունեցած՝ Ադրբեջանի դեմոկրատական հանրապետության իրավահաջորդության իմաստով ներկայիս Ադրբեջանը 1995-ին ընդունած սահմանադրության պրեամբուլայի իմաստով հավակնում է ոչ միայն Հայաստանի, այլև Վրաստանի և Ռուսաստանի տարածքի մի մասին:
Եթե ավելի կոնկրետ ասենք, ապա Ադրբեջանի գործող սահմանադրությունը ֆորմալ առումով իրավազորություն է հաստատում Դաղստանի ինքնավարության Դերբենտ քաղաքի և շրջակայքի, Վրաստանի Քվեմո-Քարթլի մարզի ադրբեջանաբնակ շրջանների կամ, ինչպես Բաքվում է ընդունված ասել՝ «վաղնջական թյուրքական հող Բորչալուի» նկատմամբ:
Ինչ պայմանագիր էլ որ ստորագրել են Ադրբեջանը և Վրաստանը, Ռուսաստանը և Ադրբեջանը՝ ռուս-ադրբեջանական և վրաց-ադրբեջանական հարաբերություններում տարածքային խնդիրը վերջնականապես կարգավորված չէ:
Ավելի քան երեք տասնամյակ է՝ վրաց-ադրբեջական միջպետական սահմանի դելեմիտացիան ավարտված չէ, իսկ Ռուսաստանը և Ադրբեջանը, չնայած սահմանազատման պայմանագիր են ստորագրել, փոխադարձ կասկածամտությունը լիովին չեն հաղթահարել:
Բաքու-Գրոզնի չվերթի օդանավի աղետը բացահայտել է ռուս-ադրբեջանական հարաբերությունների ողջ «հմայքը»: Բավական է հետևել ադրբեջանական վտարանդիության աղբյուրների թունոտ ակնարկներին, որպեսզի ակնհայտ լինի, որ իրականում Մոսկվա-Բաքու «ռազմավարական գործընկերությունը, դաշնակցային հարաբերությունները» կառուցված են Պուտին-Ալիևի «կորպորատիվ քիմայի» վրա և որևէ համակարգային-քաղաքակրթական հիմք չունեն: Այդ դաշինքն աշխարհաքաղաքական կոնյունկտուրայի փոփոխության որևէ փորձության չի դիմանա:
Խնդիրն այն է, թե կողմերից ո՞վ է առաջինը բացահայտվելու: Բաքուն կհավականի՞ պաշտոնապես հայտարարել, որ Դերբենտն ադրբեջական քաղաք է: Ռուսաստանը նման հեռանկար կանխատեսու՞մ է: Նոյեմբերի 27-ին Թուրքիայի նախագահ Էրդողանը Վլադիմիր Պուտինին «հայտնի տեղ է ուղարկել»՝ միանձնյա «պրոտեկտորատ հաստատելով» Սիրիայում:
Կա՞ տեսանելի սցենար, որ Բաքուն աշխարհաքաղաքական վերադասավորումների դեպքում Մոսկվային «երեք մատի կոմբինացիա ցույց կտա» և կարգելափակի Կասպից ավազանում նրա հավակնությունները:
Եթե իրականությանը մոտ են տարածվող տեղեկությունները, ապա Ռուսաստանը Բաքու-Գրոզնի չվերթի ինքնաթիռի աղետի հանդեպ բացահայտ սադիստական վերաբերմունք է ցուցաբերել՝ արգելելով մոտակա ռուսաստանյան օդանավակայաններում նրա վայրէջքը:
Դա կարող է միայն մի բացատրություն ունենալ. Ռուսաստանն Ադրբեջանին հասկացրել է, որ Հյուսիսային Կովկասում անելիք չունի, Մախաչկալան և Գրոզնին Ալիևի «նախաբաղնիքը չեն»: Իսկ եթե ավելի առարկայական ասվի, ապա Մոսկվան Բաքվին պարզ ասել է, որ «Դերբենտն ադրբեջանական քաղաք չէ»:
Ադրբեջանցի վտարանդի լրագրողն AZAL ավիաընկերության օդանավի խորտակումը համեմատել է «սև հունվարի» (1990 թ. հունարի լույս 20-ի գիշերը Բաքու խորհրդային զորքեր մտցնելու և քաղաքացիական բնակչության շրջանում սպանությունների դեպքերի) և Խոջալուի «ցեղասպանության» հետ և ասել, որ ինչպես նախորդ, այնպես էլ երրորդ «հանցագործության համար ներում չի լինելու»:
Հարավային Կովկասում «երկրորդ ճակատ բացելու արևմտյան ծրագրին օժանդակելու» մեջ Հայաստանին վերջին երկու տարիներին քննադատող Ռուսաստանը, այսպիսով, կամա թե ակամա, բայց իրական քաղաքական ռեժիմում առերեսվում է ոչ միայն, ոչ այնքան Ադրբեջանի, այլև թուրքական աշխարհի հետ բաց դիմակայության մարտահրավերին:
Այդ «ճակատից» փախուստը Մոսկվայի ռազմավարական պարտությունն է: Բայց ո՞րն է երաշխիքը, որ առարկայական բախումն ավելի ծանր հետևանքներ չի ունենա: Հայաստանի շուրջ աշխարհաքաղաքական իրավիճակը, գուցե, հստակվում է, բայց դա ավելի շատ նման է սպառնալիքների առարկայական բացահայտման:
Բաց մի թողեք
Պայմանագրի ստորագրմանը հաջորդում է աղմկոտ հանցագործություն Թեհրանում
Ո՞ր ոլորտներում է Կոբախիձեն պատկերացնում ՎՀ, ՀՀ, ԱՀ եռակողմ ձևաչափ
Մեծ Բրիտանիան «ապահովագրում է» Ուկրաինային