13/01/2025

Հանրային բարօրությունը չպետք է ստորադասվի մասնավոր շահին

Նախատոնական ժամանակահատվածն ավանդաբար լավ պատեհություն է՝ ամփոփելու ժամանակային որոշակի հանգրվանում կատարված աշխատանքի արդյունքները, խոսելու բացթողումների, սայթաքումների մասին եւ մտորելու ապագայի ուղենիշների ու ծրագրերի շուրջ:

Օգտվելով առիթից, կփորձենք տարեվերջյան վերլուծականը նվիրել այդ թեմայի մի քանի կարեւոր դիտանկյունների, մասնավորապես անցած ժամանակահատվածում երկրում թույլ տրված էական խոցերի վերհանմանը՝ դրանք շտկելու հույսով: Հոդվածում օգտագործված են զուտ պաշտոնական փաստեր ու տվյալներ՝ ե՛ւ պատմության գիրկն անցնող 2024-ի, ե՛ւ ՔՊ իշխանության կառավարման նախորդ շրջանի կտրվածքով:

Չարաբաստիկ 2018-ի «թավշյա» պատուհասից հետո անցել է մոտավորապես յոթ տարի: Ամենապարզ հարցին, թե ինչ է փոխվել այդ ընթացքում, կարելի է տալ նույնքան պարզ պատասխան՝ շատ բան է փոխվել, բայց՝ դեպի վատը:

Նույն տարվա օգոստոսին USAID-ը՝ NDI-ի եւ CRRC Armenia-ի հետ համատեղ, «Հեղափոխությունից հետո. ՀՀ քաղաքացիների սպասելիքները նոր կառավարությունից» խորագրով հետազոտություն էր հրապարակել: Հասարակական կարծիքի ուսումնասիրությունն արվել էր ողջ երկրում՝ Նիկոլի, այսպես կոչված, «թավշյա հեղափոխությունից» երեք ամիս անց, երբ հանրության ոգեշնչանքը դեռ իր կիզակետում էր:

Անխտիր բոլոր հարցվածներն այն ժամանակ համոզմունք ունեին, որ նոր վարչակարգը իշխանավարման առնվազն առաջին ժամկետում որակապես կփոխի Հայաստանի դեմքը՝ բոլոր ուղղություններով: Դիտարկենք մի քանի ոլորտներ:

Սոցիալական ոլորտ

Հայաստանի «դեմքը», իհարկե, փոխվեց, ինչպես նշվեց վերը, բայց՝ ոչ որակապես: Այդ մասին վկայում է անգամ պետական վիճակագրությունը՝ ազգաբնակչության սրված սոցիալական վիճակի շուրջ բերելով բավական ուշագրավ փաստեր: Փորձագիտական գնահատականները դնելով մի կողմ՝ կներկայացնենք պաշտոնական վիճակագրությունից ընդամենը մի քանի դրվագ.

Ահավասիկ՝ ա/ ՀՀ-ում 475 հազար մարդ մոտ 80 հազար դրամ կազմող պարենային զամբյուղից շատ ցածր (կոմունալ, տրանսպորտի, հագուստի ծախսերը չեն ներառված), մոտ 45-52 հազար դրամ ստացող կենսաթոշակառուներ են; բ/ ավելի քան 190 հազար մարդ պաշտոնապես գրանցված գործազուրկներ են; գ/ 220 հազար մարդ՝ անհուսալի, անվերադարձելի վարկեր ունեցողներ են (նախորդ երկու խմբերի ներկայացուցիչներին փաստացի վարկ չեն տրամադրում); դ/ եթե սրան հավելեք մինչեւ 18 տարեկաններին, ծննդկաններին, հիվանդներին, զինծառայողներին, պատերազմի հաշմանդամներին, հողազուրկ գյուղացիներին, ազատազրկվածներին, Արցախից բռնագաղթվածներին, ապա կամբողջացվի բնակչության սոցիալական վիճակի իրական պատկերը:

Չորս փոքրիկ, բայց խոսուն դրվագներ… ըստ նույն Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ այս տարվա առաջին կիսամյակում գործազրկությունը կազմել է շուրջ 15 տոկոս: Ի դեպ՝ շատերը որպես գործազուրկ չեն գրանցվում, քանի որ դրա համար այժմ նպաստ չի տրամադրվում: Դժվար է ասել, թե ապրուստի հետզհետե թանկացման պայմաններում աշխատող մարդկանց քանի տոկոսն է կարողանում լուծել իր ընտանիքի նվազագույն սոցիալական կարիքները, բայց մի բան հստակ է՝ ՀՀ քաղաքացիների գործազրկության հարցը մոտ յոթ տարի անց տակավին մնում է չլուծված: Թոշակառուն գոյատեւում է պարենային զամբյուղից էլ ցածր, խղճուկ թոշակով, աղքատությունը եւ, հատկապես, ծայրահեղ աղքատությունը նվազելու միտումներ չունի:

Փոխարենը բնակչության մեծ մասի աղքատության հենքին ամեն տարեմուտի երկրում շրջում է թանկացումների ուրվականը: 2018-ից ի վեր մինչեւ 2024-ը ներառյալ տարեցտարի աճել են լայն սպառման ապրանքների գները՝ յուրաքանչյուր տարի նախորդից ավելի բարձր պրոգրեսիայով: Օրինակ՝ 2019-ի մայիսին՝ 2018թ. մայիսի համեմատ սպառողական ապրանքների գները բարձրացել են 2,8 տոկոսով, 2021-ի դեկտեմբերին՝ 2020թ. դեկտեմբերի համեմատ՝ 7,7 տոկոսով եւ այդպես մինչեւ 2024-ի վերջը: Այս ցուցանիշները որոշ իմաստով կարող են համադրելի չլինել ժամանակագրության առումով, բայց ակնհայտ է, որ 2018-ի համեմատ 2023թ.-ին տեղի է ունեցել սպառողական գների առնվազն 20,5% բարձրացում:

Ամենտարյա թանկացումների գոնե մասնակի փոխհատուցում լիներ: Ընդհակառակն՝ գնաճին գումարվում են ծառայությունների դիմաց գանձվող վարձավճարները, անընդհատ «ծլող» հարկատեսակներն ու վարչական տուգանքները: Մարդամեկը ընդդիմադիր ժամանակ քննադատում էր իշխանությանը, թե «քաղաքացին տուգանքի մատերիալ չէ՛», հիմա քաղաքացուն այնքան է նվաստացրել, որքան Ալիեւն՝ իրեն: Յոթ տարվա ընթացքում կենսաթոշակի նվազագույն չափը 31.600 դրամից հասցվել է 36.000-ի, իսկ աշխատանքային թոշակինը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը 21.000-ի փոխարեն սահմանվել է 24.000 դրամ: Աշխատավարձերի բարձրացում եղել է, բայց պետական ու հանրային ծառայողների համար՝ պագեւավճարների կամ հավելավճարների տեսքով: Շարքային քաղաքացու համար որեւէ հարց չեն լուծել:

Տնտեսական ոլորտ

Թվում է՝ մակրոտնտեսական ցուցանիշները խոսում են տնտեսական դիմակայունության մասին, սակայն դա մեծապես բխում է Ռուսաստանի դեմ արեւմտյան պատժամիջոցների չկանխատեսված օգուտներից, որոնք տնտեսական որոշ գործունեություն վերաուղղորդել են դեպի Հայաստան։ Սակայն հայաստանցիների մեծամասնությունը դրա օգուտները չի զգում։ Կյանքի թանկացումը, լճացած աշխատավարձերը, արտաքին պարտքի կրկնակի աճը, օտարերկրյա ներդրումների պակասը, աշխատատեղերի ստեղծման սահմանափակ քանակությունը եւ աննախադեպ բարձր հարկերը սովորական քաղաքացիների ծանր վիճակը չեն թեթեւացրել, ինչը վկայում է մակրոտնտեսական ցուցանիշների եւ առօրյա իրականության միջեւ անջրպետի մասին։

Վիճակագրական կոմիտեն եւ կառավարությունը վերանայել են Հայաստանի ՀՆԱ-ի աճի ցուցանիշները 2023-ի վերջին եռամսյակի եւ 2024-ի առաջին կեսի համար: Նախորդ գնահատականների համեմատ՝ նոր տվյալները ցույց են տալիս աճի տեմպի շոշափելի նվազում: Տնտեսագետների դիտարկմամբ, Հայաստանի տնտեսական աճի վրա զգալի ազդեցություն են ունեցել թանկարժեք մետաղների եւ քարերի վերաարտահանման ծավալները: Այս երեւույթը, որ սկսվել է 2023-ի վերջից, արհեստականորեն բարձրացրել է տնտեսական ցուցանիշները՝ առանց էական որակական փոփոխությունների հանգեցնելու տնտեսության կառուցվածքում:

Ըստ տնտեսագետ Աղասի Թավադյանի հաշվարկների՝ 2024-ի առաջին եռամսյակում Հայաստանի արտահանման 75%-ը կազմել է ՀՀ-ի տարածքով Ռուսաստանից դեպի ԱՄԷ եւ Չինաստան թանկարժեք քարերի ու մետաղների վերաարտահանումը: Միաժամանակ տնտեսության այլ կարեւոր ճյուղեր անկում են գրանցել: Սա արհեստականորեն ուռճացրել է ՀՆԱ-ի եւ արտահանման ցուցանիշները։ «Այս ոսկու տենդը ապահովել է կարճաժամկետ թանկարժեք էֆեկտ»,- ՖԲ իր էջում գրել է Թավադյանը: Նա մտահոգիչ միտումներ է նկատում նաեւ ՏՏ ոլորտում, որն առաջ համարվում էր ռազմավարական ուղղություն: «Այս միտումները ցույց են տալիս, որ մեր տնտեսությունը կախված է ժամանակավոր եւ արհեստական գործոններից»,- եզրափակել է տնտեսագետը:

Ժողովրդավարության հետընթացը

Մեծ հաշվով՝ Հայաստանում ժողովրդավարությունը միշտ ձեւական բնույթ է կրել. հետանկախական Հայաստանի ղեկավարներից եւ ոչ մեկին չի հաջողվել կանգնեցնել կառավարման բռնապետական թափանիվի պտույտները: ՔՊ-ական իշխանակարգի տարիներին այդ պտույտների արագությունը տասնապատկվել է: «Ժողովրդավարության բաստիոն» ընդհանուր վերտառության ներքո գեղեցիկ, գույնզգույն փաթեթավորումները բավական չեն ժողովրդավարական էություն, ջիղ, համուհոտ ստանալու համար: Արաբական ասացվածք կա՝ ասում է «Հալվա-հալվա» գոչելով՝ բերանդ չի քաղցրանա:

Անցնող տարվա, թերեւս, ամենամտահոգիչ միտումը ժողովրդավարական հետընթացն է։ Հայաստանն այժմ սահուն անցում է կատարում դեպի միապետական (ավտորիտար) կառավարում։ 2018-ին ՔՊ-ի օրոք սկսված ժողովրդավարական զարթոնքի հույսի շրջանը փոխակերպվել է մեկ մարդու իշխանության։ Եվ, չնայած հանրային վստահության ցածր մակարդակին՝ Փաշինյանը իշխանությունը պահպանում է շնորհիվ խորհրդարանական մեծամասնության, որը նրան պաշտպանում է հաշվետվողականությունից։ Իշխանության այս գերկենտրոնացումն արտացոլում է ՀՀ ժողովրդավարական համակարգի ավելի խոր բացը՝ ղեկավարներին հաշվետու պահելու կամ կենսունակ ընդդիմություն ձեւավորելու անկարողությունը։

Ժողովրդավարության համար կենսական նշանակություն ունեցող հաստատությունները՝ ինչպիսիք են դատական անկախ համակարգը, ազատ մամուլը քաղհասարակությունը, ավելի են թուլացել Փաշինյանի իշխանավարման ներքո։ Չհանդուրժելով այլախոհությունը եւ կենտրոնացնելով իշխանությունը՝ նրա կառավարությունն անտարբերություն եւ հիասթափություն է սերմանել քաղաքացիների շրջանում։ Շատ հայաստանցիներ այժմ խիստ թերահավատ են փոփոխության գործիքի՝ ընտրությունների արդյունավետության հանդեպ՝ վախենալով, որ ժողովրդավարական ճանապարհով իմաստալից իշխանափոխությունը գնալով դառնում է անհասանելի։

Այդ քաղցր բառը՝ կոռուպցիա

«Համակարգային կոռուպցիա մեզանում չկա»,- պատեհ-անպատեհ հայտարարում էր Նիկոլ Փաշինյանը՝ պնդելով, թե ուղղակի կոռուպցիոն բացահայտումներն են շատացել, եւ շփոթմունք է առաջացել։ Ըստ նրա, համակարգային կոռուպցիայի դեպքում այդքան շատ բացահայտումները չէին լինի, քանզի դա կնշանակեր, որ ինքը դրանից փայ ունի: Բայց անկախ ամեն ինչից՝ փաստն այն է, որ կոռուպցիոն երեւույթները զանգվածային բնույթ են կրում, ինչի վկայությունը շատացած բացահայտումներն են: Թող անունը դնենք ոչ թե համակարգային, այլ համատարած, թեպետ դրանք նույն բանը չեն: Համատարած կոռուպցիայի տարրապատկերն ավելի լայն է. այն ներառում է ամենացածրից մինչեւ պետական բարձր օղակներ:

Լավ, ենթադրենք Հայաստանում համակարգային կոռուպցիան նախորդ իշխանության հետ մեկտեղ մերժվել-գնացել է: Հիմա՝ այսպիսի մի հարց. ինչպե՞ս, օրինակ, նախկինում ամբողջ գիտակցական կյանքը պատմության ուսուցիչ աշխատած, այժմ Պնախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանը կարողացավ Երեւանում 168 հազար դոլարով ձեռք բերել 165 քմ տարածքով էլիտար բնակարան՝ ի դեպ, շուկայականից զգալիորեն ցածր գնով: Կարելի է, իհարկե, հազարումի մտացածին փաստարկ բերել, թե մարդը այսչափ տարի չի կերել, չի խմել, ուսուցչական աշխատավարձը «ետ է գցել» նեղ օրվա համար կամ, օրինակ, Միացյալ Նահանգներում ապրող հարուստ ազգականն է օգնել եւ այլն: Ասում են, չէ՞, որ լեզվի տակ ոսկոր չկա:

Կա կոռուպցիոն ռիսկի հետ կապված ավելի զավեշտալի մի դիպված, որին ժամանակին մամուլն անդրադարձել էր: 2023-ի փետրվարին Հակակոռուպցիոն դատարանի նախագահ է նշանակվում Խաչիկ Ղազարյանը, ով ներգրավված է եղել դատական դեպարտամենտում կեղծ գործուղումներ ձեւակերպելու եւ դրանց դիմաց «գործուղումային» ծախսեր դուրս գրելու ու ստանալու համար: Ղազարյանն այս քրգործով վերականգնել էր 5,8 մլն դրամի պատճառված վնասը, եւ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր: Ո՞րն է զավեշտալին: Փոխանակ կեղծիքի մեջ մեղադրվող պաշտոնյային հեռացնելու, քրեական պատասխանատվության ենթարկելու, առաջ են քաշում բարձր պաշտոնի՝ նշանակելով Հակակոռուպցիոն դատարանի նախագահ: Մի՞թե կոռուպցիան այդքան քաղցր է:

Սոցիալական խտրականությունը, անարդարությունը, հավատարիմ անձանց նկատմամբ հովանավորչությունը, նրանց տրամադրվող հատուկ արտոնությունները հասարակական վստահության համակարգային դավաճանություն են, որոնք խորացնում են անհավասարությունն ու հուսահատությունը։ Կոռուպցիայի հարաճուն այս մշակույթը քայքայում է երկրի հիմքերը՝ մարդկանց թողնելով այն ծանր գիտակցության հետ, որ պետությունը մասնավոր շահի, այլ ոչ թե հանրային բարօրության գործիք է։

Գեւորգ Բրուտենց