13/05/2025

Զեկուցագիր գրած ՀՀ ոստիկանը օրենքը չգիտի, սակայն գրում է․ Լևոն Քոչարյանի դատական նիստից

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի և Հայաստանի եռամարտի ֆեդերացիայի քարտուղար Սերգեյ Ասատուրովի գործով դատական նիստը։ Պաշտպանական կողմի հարցերին պատասխանում է տուժող ոստիկան Հրաչիկ Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ Լևոն Քոչարյանը 2023 թվականի սեպտեմբերի 22-ին Երևանում ընդդիմության ակցիայի ժամանակ բերման էր ենթարկվել, ավելի ուշ նրան մեղադրանք էր առաջադրվել ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու համար, թեև, ըստ փաստաբանների, միջադեպի տեսագրություններում ոստիկաններն են Քոչարյանին հարվածել:

Հիշեցնենք նաև, որ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը դեպքից անմիջապես հետո հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել՝ Լևոն Քոչարյանին դաժան ծեծի ենթարկելու հատկանիշներով։ Ոստիկանության լեյտենանտ Հրաչիկ Խաչատրյանն այն ոստիկանն է, ում դեմ հաղորդում էր ներկայացվել, հետագայում պարզվել է սակայն, որ նա նաև այն տուժող ճանաչված ոստիկանն է, ում նկատմամբ իբրև բռնություն էր գործադրվել։

Այս փաստի վերաբերյալ այսօրվա դատական նիստում իրենց զարմանքն արտահայտեցին թե՛ Լևոն Քոչարյանը և թե՛ նրա պաշտպանները․ «Այնպես է ստացվում, որ մի ոստիկան է իմ դեմ զեկուցագիր գրում, ու դա հենց այն ոստիկանն է, ում դեմ հաղորդում է ներկայացվել ինձ հարվածներ հասցնելու համար։ Էս ամեն ինչը նորմալ եք համարո՞ւմ»,- հարցը տուժող Հրաչիկ Խաչատրյանին ուղղեց Լևոն Քոչարյանը։ Նույն հարցադրումը կատարեց նաև փաստաբան Արամ Վարդևանյանը։ Հարցերը, դատարանի և մեղադրող կողմի միջամտությամբ, մնացին անպատասխան, որովհետև զեկուցագիր գրած ՀՀ ոստիկանը օրենքը չգիտի, սակայն դա նրան արդյոք ազատում է պատասխանատվությունից։