09/11/2025

ԱԳՆ Արարատ Միրզոյանն էլ ամփոփեց 2024-ը․ Զենք ձեռք բերելը ՀՀ սուվերեն իրավունք է ․․․

«Մենք բարեփոխում ենք մեր բանակը և այդ բարեփոխումների մի բաղադրիչն է սպառազինության ձեռքբերումը»:

Այս մասին 2024 թվականի աշխատանքներն ափոփելիս ԱԳՆ-ում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Հայաստանի Հանրապետույունը ձեռք է բերել և շարունակելու է ձեռք բերել սպառազինություններ՝ ունենալով բացառապես և միայն պաշտպանական նպատակներ։

Մեր սուվերեն տարածքից 200 քկմ-ից մի փոքր ավելի գտնվում է Ադրբեջանի վերահսկողության ներքո։ Եվ նույնիսկ այս տարածքների վերադարձման համար մենք չենք պատրաստվում ռազմական ճանապարհը դիտարել, այլ՝ սահմանազատման գործընթացը։ Այնպես որ, մենք ձեռք ենք բերում սպառազինություն և դրանք, բնականաբար, հետ ուղարկել չենք պատրաստվում։ Բայց եթե Ադրբեջանի մտահոգություններն անկեղծ են, և մենք էլ ունենք մեր անկեղծ մտահոգությունները, ապա պատրաստ ենք և առաջարկել ենք ստեղծել երկկողմ սպառազինությունների վերահսկման մեխանիզմ»,-հայտարարեց Արարատ Միրզոյանը։

Հիշեցնենք՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե Հայաստանը պետք է անհապաղ դադարեցնի զինվելը, արդեն ՀՀ հասցված զենքերն էլ պետք է վերադարձվեն։

«Ցավոք, թուրքական կողմը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը կապում է ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հետ»:

Այս մասին 2024 թվականի աշխատանքներն ափոփելիս ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ նշելով, որ այդ եզրակացությանն է եկել Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ զրույցի արդյունքում. «Իմ համոզմամբ՝ հակառակ կողմից սկսելը, այսինքն՝ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները կարգավորելը, գուցե, շատ ավելի հեշտացներ և դրական ազդեցություն թողներ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման վրա»։

Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում էական ձեռքբերումներ ենք ունեցել. «Հունվարին տեղի կունենա երկու երկրների փոխվարչապետների միջև հերթական հանդիպումը, կա ընկալում, թե ինչպես և որտեղից շարունակել սահմանազատումը»։

Ինչ վերաբերում է Խաղաղության պայմանագրին, նախարարը մանրամասնեց. «Չունենք ստորագրված փաստաթուղթ, ամիսուկես առաջ ուղարկել ենք մեր հերթական առաջարկը և սպասում ենք ադրբեջանական կողմի արձագանքին։ 17 քննարկվող հոդվածներից 15-ը համաձայնեցված են, տեսնենք, թե ինչպիսին կլինի ադրբեջանական կողմի պատասխանն այն երկուսի վերաբերյալ։ Վստահ ենք, որ փոխընդունելի լուծումներ ենք առաջարկել Ադրբեջանին, որոնք հնարավորություն կտան ամբողջական լուծում տալու գոյություն ունեցող խնդիրներին»։

Անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան տրանսպորտային ուղիների ապաշրջափակմանը՝ ԱԳ նախարարն ասաց՝ ադրբեջանական կողմին առաջարկ է արվել, դրանք հնչեցրել են Նիկոլ Փաշինյանը և Մհեր Գրիգորյանը. «Ադրբեջանական կողմի առաջնային արձագանքը բավական դրական էր։ Ցավոք, այս մասին մինչ այսօր պաշտոնական պատասխան չենք ստացել»։

«Եթե Թուրքիայի հետ լինի գործող բաց սահման և երկու երկրների միջև լինի բարձր վստահություն, ինչպես Հայաստանի և Իրանի միջև է, ապա հնարավոր է՝ դիտարկվի և քննարկվի հայ-թուրքական սահմանից ռուս սահմանապահներին կրճատելու հարցը»:

«Ռուսական ռազմաբազան Հայաստանից դուրս բերելու հարց այս պահին օրակարգում չկա»,- նշել է Արարատ Միրզոյանը։

«ՀՀ-ն չի էլ ուզում և չի էլ պատրաստվում, շահեկան էլ չէ լինել պատնեշ: Մենք ապրում ենք 21-րդ դարում, որտեղ բոլոր երկրներն ուզում են հարաբերություններ, առևտուր, շարժ ունենալ մնացած բոլոր երկրների հետ։ Սա բխում է պետությունների կենսական շահերից։ Մենք ուզում ենք լինել ոչ թե պատնեշ, այլ՝ կամուրջ այլ պետությունների, մեր հարևան երկրների միջև»,- ասել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ արձագանքելով «Զանգեզուրի միջանցքը» բացվելու վերաբերյալ Ալիևի հայտարարությանը․ «Մենք ուզում ենք լինել ոչ թե սեպ, այլ կապող օղակ, կամուրջ։ Սա վերաբերում է և՛ աշխարհագրորեն մեզ մոտ երկրներին՝ բառացիորեն կամուրջ լինելով, և՛ հեռու երկրներին»։

«Մենք շարունակում ենք ստանալ ադրբեջանական կողմից ապացույցներ այն մասին, որ Արևմտյան Ադրբեջան կոչված ադրբաջանական նառատիվը ուղղակիորեն տարածքային պահանջ է, կա՛մ հավակնություններ է, կա՛մ ենթադրում է ոտնահարում Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության նկատմամաբ»՝ պատասխանելով հարցին, այն է, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է․ «Լավ կլիներ, որ ՀՀ վարչապետն ընդուներ Արևմտյան Ադրբեջանի համայնքի ներկայացուցիչներին․ որքան ինձ հայտնի է, նրանք պատրաստ են գնալ նաև Երևան», նշել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը․ «Նույնիսկ անունից սկսած, եթե նայենք Արևմտյան Ադրբեջանը, Արևմտյան Ադրբեջանը Ադրբեջանի հանրապետության արևմտյան շրջաններն են, Հայաստանի տարածքը անվանել Արևմտյան Ադրբեջան արդեն իսկ խոսում է Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամաբ հավակնությունների մասին, նույնիսկ իրենց կառույց ունեն ստեղծած՝ Արևմտյան Ադրբեջանի համայնք : Խնդրում եմ ուշադրություն դարձրեք, ո՛չ թե Հայաստանի ադրբեջանցիների , ո՛չ թե անգամ Հայաստանից ադրբեջանցի փախստականների կամ որևէ այլ համայնք, այլ Արևմտյան Ադրբեջանի համայնք:

Եվ այս կազմակերպությունը ոչ միայն իր հայտարարություններով, այլև նույնիսկ կանոնադրական փաստաթղթերում շատ հստակ ցուց է տալիս, և ենթադրում են իրենց կանոնադրական փաստաթղթերը, սպառնալիքներ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ:Այնպես, որ սա հերթական շինծու և հավակնոտ առավելապաշտական նախագիծն է, որը հովանավորվում է հենց ուղղակիորեն, և իրենք չեն էլ թաքցնում, ըստ էության, Ադրբեջանի իշխանությունների կողմից»։

Միրզոյանը շեշտեց՝ Հայաստանը երբեք չի թաքցրել, որ խորհրդային շրջանում Հայաստանում ապրել են ադրբեջանցիներ, և նրանք հեռացվել են Հայաստանից Խորհրդային միության փլուզման գործընթացին զուգընթաց․ «Բայց ուզում եմ կարևորել և ընդգծել շատ ուշագրավ և անվիճարկելի հանգամանք։ Նախ՝ Հայաստանից Ադրբեջանցիները հեռացել են ճնշող մեծամասնությամբ, այսինքն հակառակը ուղղակի եզակի բացառություն է, բավականին քաղաքակիրթ ճանապարհով , կարող եմ անգամ թվեր բերել․ 100 ընտանիք կարողացել է վաճառել իր բնակարանը , բռնագաղթի կամ բռնի տեղահանության ժամանակ այդպիսի բան պատկերացնել հնարավոր չի: Պատկերցնում եք՝ 100 ընտանիք ուղղակի վաճառել է իր բնակարանը, եթե ճիշտ եմ հիշում թիվը 12 հազար ընտանիքից ավել կարողացել է փոխանակել բնակարանները Ադրբեջանում ապրող հայերի հետ և 160 հազարից ավել մարդ՝ ադրբեջանցի, ովքեր հեռացել են Հայաստանից, ստացել են Հայաստանի կառավարությունից փոխհատուցում, հետևաբար այստեղ իրավունքներն էլ են սպառված։ Մենք կարող ենք զուգահեռ տանել Ադրբեջանում ապրող, եթե Լեռնային Ղարաբաղն էլ հետը հաշվենք, շուրջ 500 հազար հայերի և հիշել նրանց ճակատագիրը, հիշել Բաքվի ջարդերը, Սումգայիթի ջարդերը , մյուս հալածանքները, և այս ամենը ինչը, որ ես ասում եմ՝ փաստ է, փաստաթղթավորված փաստ, թե՛ մեր տված փոխհատուցումները, որոնց վերաբերյալ փաստաթղթեր կան, թե՛ հայերի ջարդերը Ադրբեջանում, և այս մասին նույնիսկ Խորհրդային միության վերջին շրջանում դատավարություններ են եղել և այլն։

Անդրադառնալով նաև այն հարցին, նման քննարկում երբևէ եղե՞լ է հայկական և ադրբեջանական կողմի հետ, Միրզոյանը ընդգծեց․ «Նման հարց մեր օրակարգում չկա»։