Թող ներվի, բայց մի շուրջ երեսնամյա վաղեմության դեպք եմ հիշեցնելու: Այդ տարիներին ադրբեջանական քարոզչությունը միջազգայնացրել էր թեզ, որ Բաքվում «երեսուն հազար հայ է ապրում, իսկ Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում ոչ մի ադրբեջանցի չկա»:
Հայաստանի պարագայում վկայում անել չեմ կարող, իրավիճակին չեմ տիրապետում, բայց Լեռնային Ղարաբաղում առաջին պատերազմից հետո էթնիկ ադրբեջանցիներ ապրում էին, իսկ խառն ամուսնության ծնունդ անձանց թիվը մոտավոր հաշվարկներով հասնում էր երկու-երեք հարյուրի: Նրանցից շատերը պատերազմի մասնակից էին, Պաշտպանության բանակի շարքերում կռվել էին Ադրբեջանի դեմ:
«Չարժե՞ այդ մարդկանց հետ քննարկել և ստեղծել «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնք» ՀԿ»,- դիմեցի մի բարձրաստիճան պաշտոնյայի, որ ԼՂՀ արտաքին քաղաքականության պատասխանատուներից էր: Նայեց ինձ այնպես, ասես Լուսնից էի իջել: Ստիպված էի որպես Ազգային ժողովի պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ գաղափարը գրավոր ձևակերպել, հիմնավորել և ներկայացնել կառավարությանը:
Պաշտոնական պատասխան, ինչպես և սպասում էի, չստացա: Պարզապես «լուսնահարիս» հրավիրեցին առանձնազրույցի և մերժման այլ «հիմնավորում» չգտան, բացի՝ որ ԼՂՀ քաղաքացուն ասել, որ «ինքն ադրբեջանցի է, նշանակում է վիրավորել նրա արժանապատվությունը»: Թեման փակվեց: (Իսկ որ այդ մարդկանց մի զգալի մասը չէր թաքցնում, որ էթնիկ ադրբեջանցի է, տարին մեկ-երկու անգամ մեկնում էր Ռուսաստան և հանդիպում բարեկամներին, դա ոչ ոքի չէր հետաքրքրում):
Այս պատմությունն ինչու՞ եմ հիշում: Պաշտոնական Երևանը Բաքվին առաջարկում է հրաժարվել «Արևմտյան Ադրբեջան» խոսույթից: Իդեալական կլիներ, եթե Իլհամ Ալիևը հրապարակային հայտարեր, որ արևմտյան Ադրբեջանն սկսվում է Ղազախից և ավարտվում Զանգելանում, բայց նա ինչու՞ պիտի այդ քայլին գնա, եթե իր երկրի սահմանադրության պրեամբուլայում կոդավորված է, որ «Իրավանը վաղնջական թյուրքական հող է»:
Ալիևը քաղաքական ողջախոհության կգնա միայն մի դեպքում. եթե Բաքվից, խորհրդային Ադրբեջանի այլ քաղաքներից, Դաշքեսանի, Շամխորի, Խանլարի, Շահումյանի շրջաններից, Լեռնային Ղարաբաղից բռնատեղահանության ենթարկված ավելի քան կես միլիոն հայությունը, նրա իրավահաջորդները բարձրացնեն վերադարձի իրենց իրավունքի հարցը:
Ալիևն ասում է, որ «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի խնդիրը չի ենթադրում, որ Ադրբեջանը Հայաստանից տարածքային պահանջներ ունի»: Իհարկե, «ողնուն էլ հասկանալի» է, որ բուն նպատակը ՀՀ մասնատումն է, նրա ինքնիշխանության սահմանափակումը, բայց մարդը գիտի միջազգային հանրության հետ խոսելու դիվանագիտական լեզուն, իր երկրում լիովին վերահսկում է իրավիճակը, վստահ է, որ ՀԽՍՀ-ից տեղափոխված ոչ մի ադրբեջանցի իր դեմ հրապարակային ոչինչ չի ասելու և վստահաբար հայտարարում է, որ «արևմտյան ադրբեջանցիների ներկայացուցիչները պատրաստ են Հայաստանի վարչապետի հետ Երևանում քննարկել իրենց անվտանգ վերադարձի հետ կապված հարցերը»:
Մենք կարո՞ղ ենք քաղաքական «խարդախամտության» պարիտետ ստեղծել: Հնարավո՞ր է ստեղծել մի հանրային կառույց, որ պատրաստ կլինի Ադրբեջան, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղ, անվտանգ վերադարձի իրավունքի հարցն իր լիազորված ներկայացուցիչների միջոցով Բաքվում քննարկել Իլհամ Ալիևի հետ:
Սա է «Արևմտյան Ադրբեջան» խոսույթին վերջ տալու միակ հնարավոր և ամենաարդյունավետ տարբերակը: Միայն այդ դեպքում Ալիևը հարկադրված կլինի «արևմտյան ադրբեջանցիների Հայաստան վերադարձի» թեման ոչ օրակարգային դարձնել:
Մյուս տարբերակները չեն աշխատելու: Ոչ էլ միջազգային դերակատարներն են սատարելու Հայաստանի պացիֆիզմին, դա նրանց խնդիրը չէ, ոչ էլ՝ այն, թե Հայաստանն ի՞նչ սահմաններում է Ադրբեջանի հետ խաղաղության կամ հարաբերությունների կարգավորման պայմանագիր ստորագրելու:
Բաց մի թողեք
Բլինքենին կփոխարինի Ռուբիոն. ԱՄՆ Սենատը հաստատել է նոր պետքարտուղարի թեկնածությունը
ԵՄ պատվիրակությունը Գորիսում է՝ տեղեկանալու՝ ինչ իրավիճակ է հայ-ադրբեջանական սահմանին. Լուսանկար
«Ունեցել են քառասուն սպանված, փորել հարյուր գերեզման». Բաքվի ջարդերի 35-րդ տարին