21/01/2025

Թե ում է պետք այս ինֆորմացիան և ինչ է տալիս դա մեր հանրությանը՝ գիտի երևի միայն Փաշինյանը

Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան մի չափազանց կարևոր ինֆորմացիայով է կիսվել իր ֆեյսբուքյան պատին։

Նա, մասնավորապես, գրել է․  «2025թ. առաջին վեց օրերի տվյալներով 2024-ի նույն օրերի համեմատ օդային տրանսպորտով ՀՀ ժամանած ուղեւորների թիվը աճել է 19.8 տոկոսով։ Ընդհանուր առմամբ օդային տրանսպորտով ուղեւորահոսքը աճել է գրեթե նույնքան։ ԵՄ-ից ստացած տվյալներով 2018-ից ի վեր ՀՀ-ից դեպի ԵՄ օդային տրանսպորտով ուղեւորահոսքը աճել է շուրջ 400 տոկոսով»։

Թե ում է պետք այս ինֆորմացիան և ինչ է տալիս դա մեր հանրությանը՝ գիտի երևի միայն ինքը։

Փոխարենը, Երևանի նախկին քաղաքապետ ու Փաշինյանի նախկին թիմակից Հայկ Մարությանը որոշել է օգտվել առիթից և հենց այս հրապարակման տակ Փաշինյանից ճշտել, թե ի՞նչ է մտածում նա փետրվարի 1-ից Երևանի տրանսպորտի թանկացման մասին։ Մարությանը նաև իր էջում բացատրել է, թե ինչու է ինքն այս հարցի պատասխանը փորձել ճշտել Փաշինյանից այս գրառման տակ։

«Սիրելի հայրենակիցներ, եթե հիշում եք, Տիգրան Ավինյանի հետ բանավեճի ժամանակ ես նրան երեք անգամ հարցրեցի՝ ի՞նչ է մտածում Նիկոլ Փաշինյանը տրանսպորտի թանկացումների մասին։ Հարցերս անպատասխան մնացին։

Հիմա, արդեն երկրորդ անգամ նույն հարցը տալիս եմ կառավարության ղեկավարին: Ես բացառում եմ, որ Փաշինյանը մայրաքաղաքի տրանսպորտի կտրուկ թանկացման վերաբերյալ կարծիք չունենա եւ հուսով եմ, նա կամք կգտնի իր մեջ՝ ձվածեղի ու հեծանիվի արանքում պատասխանելու այս կարևոր հարցին»,- գրել է Մարությանն իր ֆեյսբուքյան էջում և դրան կցել Փաշինյանի գրառման տակ շարադրած իր հարցերի սքրինները։

Այս պահի դրությամբ Նիկոլ Փաշինյանից դեռ արձագանք չկա Հայկ Մարությանի հարցերին։ Հետաքրքիր է՝ կպատասխանի՞, թե՞ կթողնի անարձագանք։