«Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը անտեղյակ է իր կողմից ղեկավարվող ոլորտից կամ հրապարակավ ստում է։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Բանն այն է, որ օրերս լրագրողների հետ զրույցում Հովհաննիսյանը սխալ է ներկայացրել որոշ փաստական տվյալներ ՀՀ պետական բյուջեի վերաբերյալ։
Նախարար Հովհաննիսյանը, պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե խնդիր ունենալո՞ւ է իշխանությունը հարկերի հավաքման հարցում, պատասխանել է. «Երբ մենք 2024 թվականին պլանավորել ենք 2025 թվականի բյուջեն, հիմք ենք ընդունել այն հարկերի մակարդակը, որը հավաքվել է 2024 թվականին։
Այսինքն՝ 2024 թվականի վերջը ելակետային թիվ է։ 2024 թվականի իրական թվերը եղել են մի փոքր այլ, քան այն, ինչ մենք գրել էինք 2025 թվականի բյուջեն պլանավորելիս։ Այս պատճառով որոշակիորեն ճշգրտվելու են այն կանխատեսումները, որոնք մենք ունենք 2025 թվականի հարկային եկամուտների վերաբերյալ. դեպի ներքև կանխատեսումներ են լինելու։ Բայց ուրախալի նորություն կա. քանի որ այս ռիսկի կառավարման համար ունենք պահուստային ֆոնդ, ապա բյուջեի կատարման հետ կապված ռիսկեր չունենք», – ասել է Հովհաննիսյանը:
Հարկ է նշել, որ 2025-ին բյուջեի դեֆիցիտը կկազմի 609 մլրդ դրամ, իսկ նախարարն այստեղ խնդիր չի տեսնում։ Հարցին, թե պահուստային ֆոնդը 9 ամիսների՞ հաշվարկով է կազմել 200 մլրդ դրամ, նախարարն ուղղում է՝ տարվա։
«Ամփոփ վերջնական թվերը դեռ չունենք, ամփոփման և ճշգրտման փուլում ենք։ Բայց գիտենք, որ մոտավորապես 200 միլիարդ դրամի շրջանակներում քիչ է կատարվել հարկերի հավաքագրում»:
Մինչդեռ փաստն այն է, որ Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով նախատեսված՝ Կառավարության պահուստային ֆոնդի ընդհանուր հատկացումների սահմաններում Կառավարության կողմից առանձնացվում է հարկաբյուջետային ռիսկերի կառավարման պահուստ՝ 95.4 մլրդ դրամի չափով, այլ ոչ թե 200 մլրդ: 2025 թվականի ընթացքում Կառավարության պահուստային ֆոնդի՝ հարկաբյուջետային ռիսկերի կառավարման նպատակով նախատեսված միջոցների հաշվին հատկացումներն իրականացվում են Կառավարության սահմանած կարգով:
Դեֆիցիտը 609 մլն դրամ է, իսկ հավաքագրված հարկերը պակաս են 200 մլրդ դրամով։ Նախարարի խոսքով՝ սա ռիսկ է, որի համար կա պահուստային ֆոնդ, սակայն պահուստային ֆոնդը գրեթե 8 անգամ քիչ է պահանջվող գումարից։
Սա ևս մեկ ապացույց է, որ Կառավարությունում ֆինանսների հաշվողականության փորձի պակաս կա, անպատասխանատվություն ու փնթի կառավարում կա»:
Բաց մի թողեք
Հակակոռուպցիոն կոմիտեն ՊՆ կապիտալ շինարարության գործ է քննում, վարչության պետն ազատվել է աշխատանքից
Իրեն «լավ մասնագետ» հռչակած արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը կարուսել շատ է սիրել
Ավինյանի թանկարժեք ավիատոմսի համար պատժվողներ դեռ չկան