10/02/2025

Զազրախոսության եւ ներազգային թշնամանքի խրախուսում

Կարծում եմ, իմ հրապարակումներին հետեւողները կհաստատեն, որ ես մշտապես կողմնակից եմ եղել հանրային խոսքում զսպվածության եւ կոռեկտության: Սկսած այն ժամանակներից, երբ 90-ականների կեսերին «Հնչակ Հայաստանի» թերթի խմբագիր եւ գործնականում միակ հեղինակ՝ հանգուցյալ Եղիա Նաճարյանը հայհոյանքներ էր գրում Տեր-Պետրոսյանի ընդդիմախոսների հասցեին:

Ինձ համար այնքան կարեւոր չէ, թե ում է պաշտպանում կամ ում վրա է հարձակվում հայհոյանքների հեղինակը, որքան այն, թե ինչպես է նա արտահայտում իր մտքերը: Որովհետեւ այդ գրելաոճը կամ խոսելաոճն է ստեղծում հասարակական մթնոլորտ, որը նպաստում է ատելությանն ու թշնամանքին:

Իսկ դա ա/ թուլացնում է հասարակությունն ու պետությունը (ինչին մենք այսօր ներկա ենք), բ/ կարող է հանգեցնել բռնությունների: Սոցցանցերը, բնականաբար, «բացեցին հայհոյախոսների լեզուն»: Անձամբ ես դրա հետ եմ առնչվում ամեն օր:

Ինձ հայհոյում են հիմնականում նիկոլականները, երբեմն նաեւ՝ քոչարյանականները: Ենթադրում եմ, որ կան մարդիկ, որոնց «մեկնաբանողների» (իրականում՝ «հայհոյաբանողների») տոկոսային հարաբերությունը հակառակն է:

Ավելի ծանր դեպք է, երբ զազրախոսը ներազգային թշնամանք է սերմանում եւ, մասնավորապես, ներկա իշխանությանը պաշտպանելու համար անպատվում է արցախցիներին: Եվ Քննչական կոմիտեն նրա դեմ վարույթ չի սկսում, ինչպես որ հակառակ դեպքերում է լինում:

Ավելին՝ իշխանությունը նրա թեկնածությունն առաջադրում է որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամ: Այսինքն՝ նա պետք է հետեւի դատավորների բարեվարքությանը:

Այդ դեպքին չէի անդրադառնա, եթե նման մարդու առաջադրումով եւս մեկ անգամ ի հայտ չգար այն, ինչ ինձ համար վաղուց պարզ է. ներազգային թշնամանքը խրախուսվում է եւ հովանավորվում է Հայաստանի ներկայիս իշխանությունների կողմից:

Դա ոչ թե նյարդերին չտիրապետող կամ գուցե ալկոհոլի ազդեցության տակ գտնվող մարդու ինքնադրսեւորման եղանակ է, այլ մտածված քաղաքականություն, որն ուղղված է Արցախն ու արցախցիներին վարկաբեկելուն: Նպատակները հայտնի են՝ չկրկնեմ այն, ինչ-որ բազմիցս ասվել է: Իհարկե, կա նաեւ «գեղագիտական հայացքների» ներդաշնակություն՝ ինչպիսին «շեֆն» է, այդպիսին էլ նրա «ադեպտը»:

…Կարեն Անդրեասյանը նույնպես, երբ ԲԴԽ նախագահի պաշտոնն էր զբաղեցնում, սոցցանցերում նիկոլական, ՔՊ-ական մտքեր էր արտահայտում, ինչն, իմ կարծիքով, հակասում էր այդ կարգավիճակին:

Բայց, հանուն արդարության, նա անում էր դա նորմալ, քաղաքակիրթ բառապաշարով: Մինչեւ չգա վերջինը, չի հիշվի առաջինը:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ; aravot.am