ԱՄՆ նախագահի պաշտոնն ստանձնելուց անմիջապես հետո Դոնալդ Թրամփը տասնյակ հրամանագրեր և կարգադրություններ է ստորագրել: Այդ շարքում իր արտաքին քաղաքական ենթատեքստով առանձնանում է մեկը, նա չեղյալ է ճանաչել Հորդանանի արևմտյան ափի հրեա չորս վերաբնակիչների նկատմամբ պատժամիջոցները, որ նրա նախորդը սահմանել էր շուրջ մեկ տարի առաջ՝ 2024թ. փետրվարին:
Այդ անձինք ԱՄՆ դեմոկրատական վարչակազմի կողմից ճանաչված էին պաղեստինցիների դեմ բռնությունների կազմակերպիչ: Հորդանանի արևմտյան ափը ֆորմալ ենթարկվում է Պաղեստինի ազգային վարչակազմի կառավարմանը, բայց դա չի խանգարում, որ Իսրայելն այդ տարածքներում իրականացնի հրեաների վերաբնակեցում: Այդ խնդրի վերաբերյալ կան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևեր, որ Իսրայելին պարտավորեցնում են ոչ միայն դադարեցնել վերաբնակեցումը, այլև արդեն իսկ կառուցված բնակավայրերը դատարկել:
Հրեական պետությունն այդ որոշումները չի կատարել և կատարելու մտադրություն չունի: Իսրայելում մեծ ոգևորությամբ է ընդունվել Դոնալդ Թրամփի հայտարարությունը, որ նախագահի պաշտոնն ստանձնելով՝ ինքը Միացյալ Նահանգների պաշտոնական խոսույթում կբացառի «Հորդանանի արևմտյան ափ» բնորոշումը և կօգտագործի «Հուդեա և Սամարիա» անվանումները:
Նշված անվանումներն Իսրայելում պաշտոնական են, և այդ տարածքները համարվում են հրեական պետության անբաժանելի մաս: Մեկ տարի առաջ Բայդենի վարչակազմի կողմից Հորդանանի արևմտյան ափի հրեա վերաբնակիչների նկատմամբ սահմանված պատժամիջոցների բուն նշանակությունը քաղաքական էր, Վաշինգտոնը, թեև անուղղակի, բայց այդ տարածքների նկատմամբ Պաղեստինի ազգային վարչակազմի իրավազորությունը ճանաչում էր, դատապարտում արաբների նկատմամբ հրեաների գործադրած բռնությունները:
Չեղարկելով Բայդենի սահմանած պատժամիջոցները՝ Դոնալդ Թրամփն Իսրայելի վարչապետ Նաթանյահուին ակնհայտ ազդակ է հղում, որ նախագահության չորս տարիներին պաշտպանելու է հրեական պետություն դիրքորոշումը: Պաշտոնամուտի առթիվ Թրամփին հղած տեսաուղերձում Նաթանյահուն հիշեցրել է նախագահության առաջին շրջանում նրա ընդունած երկու կարևոր որոշումը՝ Երուսաղեմը ճանաչել Իսրայելի մայրաքաղաք, իսկ Գոլանի բարձունքները՝ նրա իրավազորության տարածք:
Նաթանյահուն հույս է հայտնել, որ Թրամփի նախագահության երկրորդ շրջանում իսրայելա-ամերիկյան հզոր դաշնակցությունը կխորանա և նոր դրսևորումներ կունենա: Հորդանանի արևմտյան ափն անեքսիայի ենթարկելու ճանապարհին ԱՄՆ նախագահն արդեն իսկ «կանաչ լույս է վառել»:
Եթե նա կատարի խոստումը, իսկ հրեա վերաբնակիչների նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների չեղարկումը հուշում է տրամադրվածությունը, և Միացյալ Նահանգների քաղաքական խոսույթում պաղեստինյան տարածքներն անվանվեն «Հուդեա և Սամարիա», ապա Պաղեստինի անկախ պետություն ստեղծելու մասին բոլոր խոսակցությունները կկորցնեն գործնական նշանակությունը:
Ողջույնի ուղերձում Նաթանյահուն բարձր է գնահատել Թրամփի նախագահության առաջին շրջանի նախաձեռնությունը, այսպես կոչված՝ «Աբրահամի ուխտի» քաղաքականությունը, որ թույլ է տվել արաբական չորս երկրների հետ կարգավորել հարաբերությունները: Իսրայելի վարչապետը, կարծես, ԱՄՆ նախագահին ակնարկել է, որ արաբական երկրներից զգուշանալու էական անհրաժեշտություն չկա: Նա գլխավոր խնդիր է համարել Իրանի միջուկային ծրագրի ոչնչացումը:
Իհարկե, հրեա վերաբնակիչների նկատմամբ պատժամիջոցների չեղարկումը և Իրանի դեմ Նաթանյահուի հավակնությունների բացահայտումն ուղղակի կապ չունեն, բայց ակնհայտ է, որ ԱՄՆ նախագահը հրեական պետությանն առաջին, թող որ խորհրդանշական, նվերն արդեն մատուցել է՝ միջազգային իրավունքի տեսակետից պաղեստինյան ճանաչված տարածքները ճանաչելով որպես «Հուդեա ևՍամարիա»:
Այդ մոտեցումն ինչպե՞ս է նա հավասարակշռելու արաբական աշխարհի և, մանավանդ, Թուրքիայի հետ հարաբերություններում, որ իր հերթին կոշտ «ուղերձ է հղել». Սիրիայի հյուսիս-արևելքում քրդական ուժերի և թուրքական բանակի աջակցությունը վայելող զինված խմբավորումների միջև մարտական գործողությունները վերսկսվել են:
Բաց մի թողեք
Թրամփ-Պուտին հեռախոսազրույց է տեղի ունեցել. Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու բանակցություններ կսկսվեն
Թուրքիայում հանցավոր խմբավորման դեմ օպերացիա է իրականացվել. 23 ձերբակալված կա
Դա անշարժ գույքի գնում չէ. Մակրոնը կտրուկ է արձագանքել Գազայի վերաբերյալ Թրամփի պլանին