13/02/2025

Պուտինը Թրամփին «գցել է ոտքին»

Դոնալդ Թրամփի երդմնակալությունից ժամեր առաջ Ռուսաստանի նախագահը պաշտոնամուտի կապակցությամբ շնորհավորել է նրան և հավաստիացրել, որ պատրաստ է համագործակցության, այդ թվում և Ուկրաինայի հարցում:

Վլադիմիր Պուտինը, սակայն, պարզաբանել է, որ կարգավորումը պետք է լինի ոչ թե միջանկյալ, այլ համապարփակ և հաշվի առնի «այնտեղ բնակվող բոլոր ժողովուրդների շահերը»:

Երդմնակալության պաշտոնական արարողությունից հետո Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հանդես է եկել ծրագրային ելույթով, որտեղ Ուկրաինայի խնդրին և ռուս-ամերիկյան հարաբերություններին որևէ անդրադարձ չի արել: Նա առհասարակ միջազգային քաղաքական օրակարգի հրատապ հարցերը շրջանցել է և բավարարվել մի ձևակերպմամբ՝ պատերազմները պետք է դադարեն, ԱՄՆ-ի խնդիրն է չներքաշվել պատերազմի մեջ:

Թրամփի ծրագրային ելույթին Կրեմլից կամ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունից ուղղակի արձագանք դեռևս չի տարածվել: ՏԱՍՍ պետական գործակալությունը փոխանցել է Դաշնային ժողովի Վերին պալատի փոխնախագահ Կոսաչևի տեսակետը, ըստ որի՝ Թրամփն Ուկրաինայի խնդրին, Ռուսաստանի հետ հարաբերություններին և գլոբալ սպառազինության հետ կապված հարցերին չի անդրադարձել վերջնական և հստակ տեսակետի բացակայության պատճառով:

Ասվածը կարելի էր հասկանալ այնպես, որ Մոսկվայում ԱՄՆ-ի նախագահի առաջին պաշտոնական ելույթից առանձնակի սպասումներ չեն ունեցել, եթե Ռուսաստանի «Սենատի» փոխնախագահը չավելացներ, որ այդ իրավիճակն ավելի շատ հարցեր է ծնում, քան կային:

Սա արդեն թույլ է տալիս եբթադրել, որ Վլադիմիր Պուտինը Թրամփին շնորհավորել և նոր վարչակազմի հետ համագործակցության պատրաստակամություն է հայտնել՝ ակնկալելով, որ ԱՄՆ նախագահը կփոխադարձի որոշակիորեն ընկալելի ուղերձով:

Կրեմլի և Թրամփի պաշտոնամուտի ելույթը նախապատրաստող աշխատանքային խմբերի միջև քննարկումներ այդ առթիվ անցկացվե՞լ են, տեղեկատվական միջավայր ստեղծելու շուրջ ընդհանուր մոտեցումներ ձևավորվե՞լ են, բայց ԱՄՆ նախագահը վերջին պահին կոնկրետությունից խուսափե՞լ է, թե՞ Ռուսաստանի նախագահը քաղաքական իմպրովիզացիա է արել, որպեսզի շոշափի ապագա վիզավիի տրամադրությունը, հարցադրումների և ենթադրությունների մեծ տարածք կա:

Հստակ է, որ ՌԴ «Սենատի» փոխնախագահը չէր կարող ԱՄՆ նախագահի առաջին պաշտոնական ելույթին նման ոչ այնքան լավատեսական գնահատական տալ, եթե այն չհամընկներ կամ առնվազն շատ մոտ չլիներ Կրեմլի տեսակետին: Դոնալդ Թրամփը, անկասկած, չէր կարող պաշտոնամուտի խոսքում պարզորոշ հայտարարել, որ մոտ ապագայում նախապատրաստվում է իր և Ռուսաստանի նախագահի հանդիպումը, բայց ինչ-որ ազդակ, համենայն դեպս, կաներ, եթե ուկրաինական կարգավորման հարցում Վլադիմիր Պուտինի սահմանած պարամետրերն ընդունելի կամ գոնե բանակցելի տեսներ:

Հնարավոր է, որ Թրամփի կողմից ուկրաինական կարգավորման թեմայի շրջանցումը, իրոք, պայմանավորված է հստակ տեսակետի բացակայությամբ կամ քննարկումներում անորոշությամբ: Բայց նույնիսկ այդ դեպքում չի հաստատվում Ռուսաստանի փորձագիտական հանրության այն տեսակետը, որ նա Ռուսաստանի հետ համաձայնությունը չի պայմանավորի եվրոպական երկրների դիրքորոշմամբ:

Ըստ երևույթին՝ ԱՄՆ նախագահի թիմում զգուշացել են Եվրամիության շատ հավանական դգոհությունից: Ֆրանսիան այդ մասին վարչապետի մակարդակով շատ բաց հայտարարություն է արել, որ Եվրոպան պետք է միասնական լինի, որպեսզի Թրամփի առջև չխոնարհվի: Դա լուրջ ազդակ է, որի հանդեպ Վաշինգտոնը չի կարող ընկալունակ չլինել:

Արդյունքում, կարծես, Վլադիմիր Պուտինը Դոնալդ Թրամփի հետ դիվանագիտական «առաջին մենամարտը» չի շահել: Հակառակ դեպքում Կոսաչևի մոտ ավելի շատ հարցեր չէին ծագի, քան մինչ այդ կային: