«Պայմանավորվածությունների շրջանակները, հարցերը, որոնց շուրջ ձեռք է բերվում պայմանավորվածություն, հրապարակվում են և չեն կարող գաղտնի մնալ: Վերջին հանդիպման վերաբերյալ կա հաղորդագրություն, որտեղ արտացոլված է, թե ինչ ենք մենք պայմանավորվել: Եթե Ձեր ասածն այդ պայմանավորվածության մեջ չկա, ուրեմն չկա նման պայմանավորվածություն»,-խորհրդարանում այսօր հայտարարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, որն իր ադրբեջանցի գործընկեր Շահին Մուստաֆաևի հետ օրերս առաջ կայացած հանդիպմանը պայմանավորվել է, որ հայ-ադրբեջանական սահմանագծումն ու սահմանազատումը պետք է իրականացնեն հյուսիսից հարավ տրամաբանությամբ:
Իսկ Մհեր Գրիգորյանին հարց է ուղղվել, թե արդյո՞ք Տավուշով անցնող Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի որոշ հատվածներ պետք է սահմանազատման արդյունքում անցնեն Ադրբեջանին:
Հայաստանի փոխվարչապետը հայտարարում է, որ չկա այդպիսի պայմանավորվածություն, սակայն եթե սահմանազատումն ու սահմանագծումը իրականացվելու է հյուսիսից դեպի հարավ հաջորդականությամբ, ապա դա նշանակում է, որ գործընթացն առաջին քայլերի ընթացքում կանգնելու է բարձրաձայնված հարցի առաջ:
Ավելին՝ Տավուշի հատվածում են նաև Ադրբեջանի այսպես ասած «անկլավները», որոնց մասին խոսում է Բաքուն: Հետևաբար, հայ-ադրբեջանական սահմանազատման ու սահմանագծման այդ կետին էլ գործընթացը կհասնի առաջին քայլերի շարքում, եթե, իհարկե, այդ քայլերը իրականացվեն:
Որովհետև կա հաջորդականության մասին պայմանավորվածություն, բայց կարծես թե չկա պայմանավորվածություն ժամկետների վերաբերյալ: Ի վերջո, ե՞րբ է սկսելու գործընթացը:
Բայց սկսելու դեպքում այն փաստորեն կարող է համեմատաբար բավականին արագ հանգել մի կետի, որը, ըստ էության, պարունակում է բարդություններ և կարծես թե չի նշմարվում այլ լուծում, քան տարածքային փոխանակումը, եթե, իհարկե, Հայաստանն ու Ադրբեջանը մնան այսպես ասած իրենց դիրքորոշումներին: Սակայն այստեղ է թերևս առանցքային հարցերից մեկը:
Բաքուն պատրա՞ստ է փոխանակումների, թե՞ Ադրբեջանի նպատակը բոլորովին այլ է՝ Հայաստանի հանդեպ գերակա դիրքերի խորացումը, ինչի հնարավորությունը կտա միջպետական ճանապարհի նկատմամբ իրավասության ձեռքբերումը և այսպես կոչված «անկլավների» նկատմամբ իր այսպես ասած «իրավունքը»: Ճանապարհի առումով, իհարկե, չափազանցություն է, որ կտրվում է Հայաստան-Վրաստան կապը, քանի որ կան մի քանի այլ ճանապարհներ:
Սակայն, լրջորրեն խափանվելու է Տավուշի սահմանային բնակավայրերի լոգիստիկան: Ավելին՝ այդ բնակավայրերը կենսունակության շոշափելի լիցք են ստանում այն հանգամանքից, որ գտնվում են միջպետական ճանապարհի վրա:
Եթե դադարի Հայաստան-Վրաստան անցուդարձն այդ ճանապարհով, ապա դա էապես կազդի այդ բնակավայրերի, համայնքների աշխուժության վրա: Գործնականում այն, ինչ այսօր տեղի է ունենում Սյունիքի այն հատվածներում, որոնք Գորիս-Կապան միջպետական այն ճանապարհի վրա էին, որն անցել է Ադրբեջանին:
Տպավորություն է ստեղծվում, որ «փոխանակման» տարբերակը կարող է լինել չարյաց փոքրագույնը, որպես իրավիճակի հանգուցալուծում: Եվ այդ առումով էլ առաջանում է հարցը, թե կգնա՞ դրան Ադրբեջանը: Ավելին՝ կբավարարվի՞ պարզապես «տարածքային փոխանակումով», թե՞ պաշտոնական Երևանից կպահանջի ավելին:
Բաց մի թողեք
Մարտուն Գրիգորյանը որոշել՝ առաջադրվելու է Գյումրու քաղաքապետի ընտրություններում
Բաքվում շարունակվել է ԼՂ նախկին ղեկավարների և քաղաքացիական անձանց դեմ շինծու մեղադրանքներով դատավարությունը. Տխուր լուսանկարներ
Բաքուն չի գնա որևէ էսկալացիայի` չունենալով Թուրքիայի կանաչ լույսը