Նիկոլ Փաշինյանի համոզմամբ, պետք է դեռ հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել Հայոց ցեղասպանության ժամանակ, ինչու և ում միջոցով ենք մենք ընկալել Հայոց ցեղասպանությունը։ Կառավարության տարածած տեսանյութում շվեյցարահայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների հետ հանդիպմանը Փաշինյանն, առանց որևէ խոսք ասելու Օսմանյան կայսրության մեղավորության ու ցեղասպան քաղաքականության մասին, չգիտես ինչու կարևորել է այն հարցը, թե ինչու եւ երբ է Հայաստանի օրակարգում հայտնվել Հայոց ցեղասպանության հարցը։
«Մենք Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, պետք է հասկանանք, լավ՝ ինչ է տեղի ունեցել և ինչու է տեղի ունեցել, և ինչպես ենք մենք դա ընկալել, ում միջոցով ենք ընկալել, ոնց է, որ 1939 թվին Հայոց ցեղասպանության օրակարգ չի եղել, և ոնց է որ1950-ին Հայոց ցեղասպանության օրակարգ հայտնվել է: Սա մենք պե՞տք է հասկանանք, թե՞ չպետք է հասկանանք», – հայտարարել է վարչապետը։
Ինչո՞ւ է պատերազմում պարտված, Արցախը հանձնած, 120 հազար մարդուց տուն ու գերեզման խլած, 5000 զոհ տված Նիկոլ Փաշինյանը հիմա էլ որոշել պատմական անցքերը քննել, ժխտել ակնհայտ իրողությունները եւ խփել հայ ժողովրդի ամենանուրբ լարերին:
Քաղաքագետ, գրականագետ Անուշ Սեդրակյանը «Հրապարակի» հետ զրույցում Փաշինյանի վերջին գործողություններտ գնահատում է այսպես. «Զուգահեռները կսկսեմ Դոնալդ Թրամփից: Նա իշխանության եկավ այն գաղափարական ալիքի վրա, որ Արևմուտքի դեմ մղվում է ներքին գաղափարական պատերազմ, որում ներգրավված են բոլշևիկյան ձախական լիբերալ-ֆաշիստները և իսլամական գործոնը: Այսինքն` իսլամական փողերով և ռուսական պրոպագանդայի շնորհիվ ԱՄՆ-ի դեմ ծավալվում էր գաղափարական պատերազմ, որտեղ այդ երկիրը քայքայում էին ներսից, քանի որ Ամերիկան դրսից հզոր է:
Նրա դեմ տեխնոլոգիական պատերազմ մղելը դժվար է, բայց գաղափարական պատերազմը որոշիչ է յուրաքանչյուր պատերազմի ընթացքում: Այս է պատճառը, որ Ամերիկայի ժողովուրդը զարթնեց, և եկավ այն եզրահանգման, որ բարոյալքության է ենթարկվում: Մարդկանց բերել էին այն օրակարգ, որ իրենց միակ խնդիրը տրանսգենդերների իրավունքների պաշտպանությունն է, դպրոցում դրա քարոզը, ինչը մենք տեսանք, որ Թրամփը մի քանի օրում փլուզեց: ԱՄՆ թշնամիներն օգտագործում էին ձախական թեզերը Ամերիկան կործանելու համար:
Այժմ շատ ավելի փոքր մասշտաբներով, սակայն ավելի խոշոր հետևանքներով նույն բանն իրականացվում է Հայաստանի դեմ: Թվարկենք հերթով։ Առաջին` պայքար պատմության դեմ: Ամերիկայում էլ փլուզում էին Կոլումբոսի արձանները, ասելով, որ նրանք ստրկատերեր էին: Վիճարկում էին հանգամանքը, որ անգլոսաքսոնական համակարգը վերջ է դրել ստրկությանը: Օրինակ` «Քամուց քշված» ստեղծագործությունը շրջանառությունից հանել էին, իբրև ռասիզմի գովերգման մասին է այն:
Ի՞նչ է անում Նիկոլ Փաշինյանը. պայքար հայոց պատմության դեմ, որտեղ պատմական գործոնները, որոնք կազմում են անձի ինքնության առանցքը` Արցախ, ցեղասպանություն, պատմական փառավոր անցյալ, մշակութային ժառանգություն, հերոսականության գերընկալում, բանակի դերի գերընկալում, փորձում են ոչնչացնել: Ամերիկյան աղբյուրներն ասում են, որ Արցախի բանակցությունները փայլուն էին ընթանում, Նիկոլ Փաշինյանը պնդում է հակառակը: Համեյնայնդեպս, տարածաշրջանում Արցախը որպես գործոն հաշվի էր առնվում:
Նիկոլ Փաշինյանն այդ բոլոր գործոնները հետևողականորեն ոչնչացնում է, քանի որ նա հասկանում է, որ ինքնության ընկալման այս շրջանակներում իր ու իր թիմի գործունեությունը չի կարող դավաճանությունից զատ այլ կերպ ընկալվել: Եթե մարդկանց ինքնության հիմքում ցեղասպանությունն է, պատմական անցյալը, Արցախը, ապա Նիկոլ Փաշինյանը չի կարող այստեղ ունենալ ապագա:
Դա է պատճառը, որ նա խնդիր է դրել արագ ոչնչացնել հայ ժողովրդի ինքնությունը: Բայց ինչպե՞ս: Նա ամենաբացահայտ, ցինիկ կերպով փորձում է այնպես անել, որ գաղափարական բնակչությունը զզվի, հոգեխանգարմունքի մեջ ընկնի ու հեռանա Հայաստանից: Նա մարդկանց ստիպում է, որ մտածեն՝ իր դեմ խաղ չկա ու ընկնեն հուսահատության մեջ, բայց դա բավարար չէ ազգային հիմքերը կործանելու համար: Դրա համար կա այլ հանգամանք ևս. պայքարը պատմության դեմ բավարար չէ, անհրաժեշտ է պայքար նաև աշխատող միջին դասի դեմ:
ԱՄՆ-ում էլ այդպես էր: Ամերիկացի աշխատողները, բանվոր դասակարգն իրեն դեմորալիզացված էր զգում, ճնշված, որովհետև ստիպված էր աշխատել անլեգալ էմիգրանտների բարեկեցությունն ապահովելու համար:
Այժմ Նիկոլ Փաշինյանը բոլոր քիչ թե շատ բարիք ստեղծող մարդկանց, մարդկանց, ովքեր Հայաստանն ապրեցնողն են, ոչնչացնում է: Ոչնչացնում է հայտարարագրով, թանկացումներով, տրանսպորտի թանկացումներով, ընդ որում` կիրառում է Լենինի բոլշևիկյան տակտիկան: Բոլշևիկները հեղափոխությունից հետո արեցին այն ամենի հակառակը, ինչ խոստացել էին: Մյուս պայքարը տերմինների ու խորհրդանիշների դեմ է:
Մարդու էությունը և գոյությունը, ամենամեծ դրդիչ ուժը` անգիտակցականը, մանավանդ կոլեկտիվ անգիտակցականը, ուղղորդվում է խորհրդանիշային արքետիպային համակարգով: Յունգը մի հետաքրքիր բան է ասում. «Գերմանացիները ընդունեցին քրիստոնեությունը, որովհետև հռոմեական իմպերիան էր դա պահանջում, բայց երբ իմպերիան քայքայվեց, ինչո՞ւ գերմանացիները չվերադարձան իրենց կրոնին»:
Կամ` հրեաներն ընդունում են այն կրոնները, որոնք իմպերիաները պահանջում էին, բայց հետո` քրիստոնեությունը թողեցին, վերադարձան իրենց կրոնին: Յուրաքանչյուր ժողովուրդ ընտրում է այն կրոնը, որը մոտ է իր արքետիպերին: Նիկոլ Փաշինյանը միանգամից հուժկու պայքար է սկսել կոլեկտիվ անգիտակցականի բոլոր արքետիպային հատվածների վրա. Այն է` կրոն, գերբ, դրոշ, դրանց բառային ձևակերպումները, օրինակ` «ազգային» բառը:
Նա փորձում է ազգայինը ջնջել պետական ինստիտուցիոնալ բառապաշարից: Բայց Արևմուտքում ազգն է դառնում պետություն: Ինչո՞ւ է այս ամենը տեղի ունենում, որպեսզի բոլոր գաղափարական, ինչպես նաև բարիք ստեղծող մարդիկ խելագարվեն ու հեռանան: Ընդ որում` գաղափարական մարդկանց` գաղափարական կողմից է հասցնում հոգեխանգարմունքի, արարող, աշխատող մարդկանց` թանկացումներով և հարկային բեռով»։
Բաց մի թողեք
Մի իշխանություն, որն արդեն տվել է Արցախը, կարող է տալ նաև Սյունիքից մի հատված․ Օսկանյան
Իրական խաղաղության մասին․ Արա Այվազյան
Սյունիքից մի հատված տրվելու է Ադրբեջանին․ Օսկանյան