30/01/2025

ԱՄՆ Պենտագոնի ղեկավարն ու Հայաստանը

ԱՄՆ պաշտպանության նոր նախարար է նշանակվել Փիթ Հեգսեթը: Նրա թեկնածությունը ԱՄՆ սենատում հաստատվել է միայն փոխնախագահ Վենսի ձայնի շնորհիվ:

Հանրապետականների ու դեմոկրատների քվեարկության արդյունքում Հեգսեթը ստացել է հավասար ձայներ, ինչը նշանակում է, որ եղել են անգամ նրա դեմ քվեարկող հանրապետականներ, քանի որ թե՛ Ներկայացուցիչների պալատում, թե՛ Սենատում մեծամասնությունը հանրապետական է: Հավասար ձայների պարագայում վճռորոշ է եղել ԱՄՆ փոխնախագահ Վենսի քվեարկությունը:

ԱՄՆ փոխնախագահը Սենատում ունի քվեարկության իրավունք: ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնը կարևոր պաշտոններից է ոչ միայն ԱՄՆ ներքին քաղաքականության համար, այլ նաև միջազգային հարաբերությունների, հաշվի առնելով Նահանգների հսկայական դերը դրանցում:

Փիթ Հեգսեթը, ըստ էության, քաղաքական գործիչ չէ, նա վետերան է, ծառայել է Աֆղանստանում, դրանից հետո աշխատել է հեռուստատեսությունում՝ ռազմական փորձագետ-մեկնաբանի կարգավիճակով:

Նրա թեկնածությունն առաջադրելուց հետո տեղեկություններ եղան ալկոհոլի հետ կապված խնդիրների մասին, ինչն էլ թերևս Սենատում քվեարկությունը բարդացրած գործոններից էր: Հեգսեթը, այդուհանդերձ, դարձավ պաշտպանության նախարար, իսկ այդ հարցում վճռորոշ դեր ունեցած փոխնախագահ Վենսը լրագրողներին ասել է, որ Հեգսեթն այն թեկնածուն է, որի գլխավորությամբ կարող են իրականացվել ԱՄՆ պաշտպանության նախարարությունում և բանակում անհրաժեշտ էական վերափոխումները:

Վենսը հայտարարել է, որ բանակում կա կադրային լուրջ խնդիր, համալրման հետ կապված խնդիրներ, նաև լուրջ խնդիրներ մատակարարումների, դրանց գնագոյացման, ժամանակացույցի պահպանման և այլնի հետ:

Վենսը հայտարարել է, թե ԱՄՆ վերջին 40 տարում «ձեռնմուխ» է եղել մի քանի պատերազմի՝ չունենալով հաղթանակի որևէ պլան, չտանելով դրանցում որևէ հաղթանակ: Ըստ նրա՝ պետք է ալրապատես փոխել բանակի թե՛ ֆինանսավորման, թե՛ մատակարարումների, թե՛ համալրման գործընթացները:

«Նա մարդ է, որն աշխարհը տեսնում է ոչ թե գեներալների և բյուրոկրատների աչքերով, այլ տղամարդկանց ու կանանց աչքերով, որոնց մենք ուղարկում ենք մեր պատերազմներին մասնակցելու»,- հայտարարել է փոխնախագահ Վենսը:

Այդ հարցերը, ինչպես նշեցի, միայն այսպես ասած ներամերիկյան չեն: Հայաստանի համար էլ դրանք ունեն անմիջական նշանակություն թե՛ այն առումով, որ ԱՄՆ հետ կա ստորագրված ռազմավարական գործընկերության հանձնաժողովների կանոնադրություն, որը ներառում է գործակցություն նաև պաշտպանական բնագավառին առնչվող հարցերում, թե՛ նաև կա այդ բնագավառում արդեն ավելի քան երկու տասնամյակի որոշակի գործընկերություն տարբեր՝ թե՛ նահանգային, թե՛ ֆեդերալ մակարդակներում:

Դրանից բացի, նախորդ տարեվերջին Հայաստանի պաշտպանության նախարարն էր այցելել Վաշինգտոն, որտեղ նրան Պենտագոնում ընդունեց պաշտպանության նախկին նախարար Օսթինը:

Հանրությանը հայտնի չեն այդ հանդիպման դետալներ, սակայն դեռ այդ ժամանակ էր հարցադրումն էական, թե ի՞նչ հեռանկար կարող է ունենալ հանդիպումն ու քննարկումը հեռացող վարչակազմի՝ պաշտպանության հեռացող նախարարի հետ:

Այժմ նշմարվում է, որ նոր նախարարի պարագայում կարող են տեղի ունենալ աշխարհայացքային փոփոխություններ, ըստ այդմ մեր դիտանկյունից առաջանալ հարցեր, թե դրանք ի՞նչ ազդեցություն կարող են թողնել հայ-ամերիկյան փոխհարաբերության վրա:

Անշուշտ, Պենտագոնի համար այդ փոխհարաբերությունը, մեղմ ասած, առաջնային հետաքրքրությունների շարքում չէ, առավել ևս, որ պաշտպանական բնագավառի գործակցությունն այդ տեսանկյունից ոչ միայն իր մասշտաբով և քաղաքական նշանակությամբ մեծ չէ, այլ նաև իր այսպես ասած բաղադրիչների: Այն գործնականում չունի ռազմատեխնիկական բաղադրիչ:

Բայց Հայաստանի համար նույնիսկ կրթական, փորձի փոխանակման, անգամ որոշակի նյութատեխնիկական բաղադրիչների առումով կարող է ունենալ էական նշանակություն: Հետևաբար, վերստին արդրական է հարցը, թե ինչ կոմունիկացիա է լինելու Պեննտագոնի նոր ղեկավարության պայմաններում՝ հաշվի առնելով նաև այն շեշտադրումները, որ Պենտագոնի նոր ղեկավարի նշանակման համատեքստում անում է ԱՄՆ փոխնագահ Վենսը: