30/01/2025

ԼՂՀ նախկին նախագահներին Ադրբեջանին «հանձնելու» դիմաց Մոսկվան Ալիևից երաշխիքներ է ստացել

ԼՂՀ ռազմաքաղաքական նախկին ղեկավարության դեմ Ադրբեջանի կազմակերպած «դատավարության» հիմքում, որքանով հասկացվում է տարածվող չափազանց սուղ տեղեկատվությունից, դրված է քաղաքական կանխավարկած, որ Ղարաբաղյան շարժումը նախապես հետապնդել է ագրեսից պատերազմ սանձազերծելու, ԼՂ-ում էթնիկ զտումներ իրականացնելու և Ադրբեջանից տարածքներ զավթելու նպատակ:

Սխալ կլինի ասել, թե դա քառասունչորսօրյա պատերազմից հետո մշակված թեզ է: Ադրբեջանում տասնամյակներ շարունակ հազարավոր քրեական գործեր են հարուցվել և «գզրոցներում փակել»: Դրանք «փոշիներից մաքրվել»-թարմացվել են:

Ըստ Ադրբեջանի դատախազության հաղորդագրության՝ գործով տուժող է ճանաչվել ավելի քան հինգ հարյուր հազար անձ կամ նրա իրավահաջորդը: Խոսքը, անշուշտ, պատերազմական գործողությունների հետևանքով ԼՂ-ից և հարակից շրջաններից տեղափոխված բնակչության մասին է:

Կասկած չկա, որ «քրեական գործով հիմնական մեղադրանքը» վերաբերում է Խոջալուի դեպքերին: Եվ այստեղ ծագում է մի շատ կարևոր հարց: Բանն այն է, որ Ադրբեջանի դատախազության կողմից դեռևս 1992 թվականին հարուցված քրեական գործով բուն իրադարձությունը ներկայացված է այնպես, որ Խոջալու բնակավայրը գրավվել է հայկական ապօրինի զինված խմբավորումների կողմից՝ Ստեփանակերտում տեղաբաշխված 366-րդ գնդի անմիջական աջակցությամբ: Քրեական գործով մեղադրյալի կարգավիճակ է ունեցել այդ զորամասի նախկին հրամանատար գնդապետ Յուրի Զարվիգորովը:

Տեղեկություն չկա և, ամենայն հավանականությամբ, չի էլ լինի՝ այսօր ԼՂՀ նախկին նախագահներին, մյուս պաշտոնյաներին և զինվորականներին ներկայացված «մեղադրանքի», կոնկրետ Խոջալուի դեպքերին վերաբերող դրվագն ինչպե՞ս է ձևակերպված: Պահպանվե՞լ է նախկին պաշտոնական վարկածը, որ բնակավայրը գրավվել է ԱՊՀ Միացյալ զորքերի 366-րդ գնդի անմիջական աջակցությամբ:

Եթե այդ ձևակերպումը մնում է «մեղադրանքի» հիմքում, ապա ծագում է երկրորդ հարցը: Ադրբեջանը Յուրի Զարվիգորովին մեղադրյալի կամ վկայի կարգավիճակով դատարան ներկայանալու պահանջ Ռուսաստանի իշխանություններին ներկայացրե՞լ է:

Զարվիգորովի մահվան մասին որևէ տեղեկություն հայտնի չէ: Բայց եթե նա «մահացել է», ապա մեղադրող կողմը պարտավոր է հայտնել, որ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվում է:

Նման հաղորդագրություն նույնպես հայտնի չէ: Մնում է ենթադրել, որ կամ Յուրի Զարվիգորովի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է «ներքին կարգով» կամ քրեական գործի Խոջալուի իրադարձությունների դրվագով առհասարակ 366-րդ գնդի մասնակցության մասը հանվել է:

Խնդիրն այստեղ Յուրովի Զարվիգորովի անձի մեջ չէ: Ժամանակին նա որպես սպա բավական ստույգ վկայություններ է տվել Ստեփանակերտում 1992թ. հունվար-փետրվար ամիսներին ստեղծված իրավիճակի մասին, վկայել, որ զորամասը Շուշիից ենթարկվել է հրթիռա-հրետանային հարձակումների, նշել զոհվածների, այդ թվում՝ գումարտակի հրամանատարներից մեկի կնոջ, անունները:

Հարցը բացառապես քաղաքական է: Եթե Ադրբեջանը հետամուտ է, որպեսզի Խոջալուի «ցեղասպանության բոլոր մեղավորները պատժվեն», ապա ինչու՞ ԼՂՀ նախկին ղեկավարության դեմ հարուցված գործից «366-րդ գնդի անմիջական մասնակցության» հարցը նախաքննության առարկա չի դարձել:

ԼՂՀ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը և Արայիկ Հարությունյանը, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը Ստեփանակերտից հեռանալու փորձ չեն արել: Ըստ տեղեկությունների, Արայիկ Հարությունյանից բացի մյուսները մի քանի օր գտնվել են ռուսական զորախմբի հրամանատարական կետում:

Նրանք պատանդառվել են ռուսական զորախմբի հրամանատարության իմացությամբ: Կարո՞ղ ենք ենթադրել, իրավունք ունե՞նք առաջադրել վարկած, որ ռուսական զորախմբի հրամանատարությունը կարող էր կազմակերպել նրանց տարհանումը, բայց ոչինչ չի ձեռնարկել:

Իսկ դրանից չի՞ հետևում, որ ԼՂՀ նախկին նախագահներին Ադրբեջանին «հանձնելու» դիմաց Մոսկվան Ալիևից երաշխիքներ է ստացել, որ Խոջալուի դեպքերին 366-րդ գնդի «անմիջական մասնակցության» նախաքննական վարկածը նոր քրեական գործով չի դիտարկվի: