30/01/2025

Մեծ հակամարտությունից առաջ ռուս – ադրբեջանական նոր բեմադրությունը

Մոսկվայում Ադրբեջանի դեսպանը հրավիրվել է ՌԴ ԱԳՆ: Նրան ընդունել է փոխարտգործնախարար Գալուզինը: Վերջինս անցած ամիսներին մի քանի անգամ «փայլել է» հայ-ադրբեջանական կարգավորման հարցում Բաքվի մոտեցումներին աջակցությամբ:

Այս անգամ նրան վիճակվել է Ադրբեջանին «ուշքի բերելու» շատ բարդ առաքելություն: Գալուզինը հորդորել է, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունները պետք է մնան ռազմավարական գործընկերության և դաշնակցության մակարդակում՝ ինչպես սահմանված է 2022թ. փետրվարի 22-ի Պուտին-Ալիև հռչակագրով:

Ադրբեջանի դեսպանը «մրցագորգ է կանչվել» Դավոսում Զելենսկի-Ալիև հանդիպումից հետո: Այս առումով ուշագրավ հայտարարություն է արել Ուկրաինայի նախագահը: Նա խոսել է Եվրոպա ադրբեջանական գազի տարանցման ծավալների մեծացման մասին և ակնարկել, որ թեման Ալիևի հետ քննարկել է:

Ի՞նչ երթուղով կարող է Եվրոպան ադրբեջանական գազի լրացուցիչ ծավալներ ստանալ: Առայժմ միակ հնարավորությունը Բաքու-Էրզրում խողովակաշարի թողունակության մեծացումն է, բայց դա մեկ օրում կամ մի քանի ամսում դժվար թե հաջողվի: Զելենսկու հայտարարությունն, այսպիսով, քաղաքական է:

Պատահական չէ, որ Գալուզինն Ադրբեջանի դեսպանին հիշեցրել է Պուտին-Ալիև ռազմավարական համաձայնությունները: Դրանցից մեկը վերաբերում է էներգետիկ ծրագրերը փոխադարձաբար համաձայնեցնելու պայմանավորվածությանը:

Այսինքն՝ եթե Ալիևը հետևելու լինի Պուտինի հետ պայմանավորվածության ոչ միայն տառին, այլև ոգուն, ապա ԵՎրամիության երկրներ գազի արտահանման ծավալների մեծացման հարցը պետք է նրա հետ համաձայնեցնի:

Կար տարբերակ, որ Ադրբեջանն Ռուսաստանի տարածքում կգնի գազ և որպես սեփական կարտահանի Եվրոպա՝ օգտագործելով Ուկրաինայի ենթակառուցվածքները: Այդ ծրագիրը Զելենսկին մերժել է և հիմնավորել, որ թույլ չեն Ռուսաստանի հարստացումը:

Զելենսկի-Ալիև հանդիպումից հետո Եվրահանձնաժողովը քննարկման է ներկայացրել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ, որի ընդունումը, սակայն, կասեցվել է: Հունգարիան և Սլովակիան դեմ են արտահայտվել: Հունվարի 27-ին, սակայն, հայտնի է դարձել, որ Հունգարիան և Սլովակիան առարկությունը չեղյալ են հայտարարել՝ ստանալով էներգետիկ անվտանգության երաշխիքներ:

Խոսքն ի՞նչ և ո՞ւմ կողմից տրվող երաշխիքների մասին է, եթե Ուկրաինայի տարածքով ռուսական գազի մատակարարումը չի վերականգնվում: Ուկրաինայի և Մոլդովայի նախագահների բանակցություններից հետո Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է նույնիսկ Մերձդնեստրին քարածուխ մատակարարել, որպեսզի ջերմաէլեկտրակայանն աշխատի, միայն թե Քիշնևը չենթարկվի ճնշումներին և գործարքի չգնա Մոսկվայի հետ:

Այս իրավիճակում Հունգարիան և Սլովակիան Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի ընդունման համաձայնության դիմաց էներգետիկ ապահովության ի՞նչ երաշխիքներ են ստացել: Ադրբեջանը շատ սերտ հարաբերություններ ունի թե՛ Հունգարիայի, թե՛ Սլովակիայի հետ: Դավոսում, երևում է, Ուկրաինայի նախագահն Ալիևին խոստացել է Եվրահնաձնաժողովի հետ նրա երկխոսության միջնորդ լինել:

Բայց ի՞նչ պաշարների հաշվին, ի՞նչ ենթակառուցվածքներով կարող է Ադրբեջանը նպաստել Հունգարիայի և Սլովակիայի էներգետիկ անվտանգության ապահովմանը: Ընդ որում՝ այստեղ արդեն, ամենայն հավանականությամբ, ռուս-ադրբեջանական որևէ գործարքի մասին խոսելն անիմաստ է, քանի որ Հունգարիան և Սլովակիան էմեգետիկ անվտանգության դիմաց հակառուսական որոշման առջև «կանաչ լույս են վառել»:

Եթե այդ դիրքորոշման մեջ Բաքվի երաշխիքներն անգամ որոշիչ չեն, միևնույն է՝ խորքային իմաստով Զելենսկի-Ալիև-Եվրահանձնաժողով շփումներն ուղղված են Ռուսաստանի ոչ միայն էներգետիկ, այլև ռազմաքաղաքական շահերի դեմ:

ՌԴ փոխարտգործնախարար Գալուզինը բավական պարզորոշ է սահմանել, որ Մոսկվա-Բաքու հարաբերությունները պետք է մնան Պուտին-Ալիև պայմանավորվածությունների շրջանակներում: Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահ Լյուքսենբուրգի արտաքին գործերի նախարար Բետելը ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի բացմանը ելույթում կարևորել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումը: Ըստ երևույթին՝ դա քաղաքական կանխածրագրի մի դրսևորում է միայն: