ՌԻԱ-Նովոստիի մեկնաբանը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկարաձգման Եվրամիության որոշումը գնահատել է որպես ԵՄ անդամ բոլոր քսանյոթ պետությունների կողմից արդեն ոչ հիբրիդային, այլ ուղղակի պատերազմին հավասարազոր քաղաքական վճիռ:
ԱՄՆ նախագահի կողմից համանման քայլ կատարելու հավանականության մասին հարցին Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղարը պատասխանել է, թե այդտեղ նոր ոչինչ չկա: Ռուսաստանցի տասնյակ փորձագետներ Կրեմլի այդ արձագանքը մեկնաբանել են այսպես:
«Պատժամիջոցները, իհարկե, մեզ անհանգստություն պատճառում են, բայց ոչ այնքան, որպեսզի փոխարենը համաձայնենք ներկայիս շփման գծով Ուկրաինայում հրադադար հաստատելու առաջարկին»:
Իր հերթին Ռուսաստանի նախագահը հեռուստալրագրող Զարուբինին հարցազրույցում ասել է, որ եթե ԱՄՆ-ը դադարեցնի Ուկրաինային աջակցությունը, սպառվի ուկրաինական բանակի սպառազինությունը և զինամթերքը, ապա «հակամարտությունը մեկուկես-երկու ամիս հետո կավարտվի»: Նախկինում Կրեմլը նման իրավիճակում Ուկրաինայի կապիտուլյացիայի մեկշաբաթյա ժամկետ էր նշում:
Այս ֆոնին ռուսաստանյան քիչ թե շատ լիբերալ միակ պարբերականը՝ «Նեզավիսիմայա գազետան», անդրադարձել է այսպես կոչված «երրորդ աշխարհում սոցիալիստական կարգեր հաստատելու» խորհրդային իդեա-ֆիքսի պատմությանը: Առանց երկրներ և մասնավոր օրինակներ նշելու՝ հեղինակն արձանագրել է, որ Արևմուտքի հետ աշխարհաքաղաքական այդ մրցակցությունը Խորհրդային Միության ժողովուրդներից խլել է աստղաբաշխական գումարներ, որ չեն փոխհատուցվել:
Որոշ դեպքերում, ընդհակառակը, այդ երկրները ԽՍՀՄ-ին և նրա իրավահաջորդ Ռուսաստանին մեղադրել են իրենց բնական պաշարները «վայրենաբար շահագործելու, շրջակա միջավայրին ահռելի վնասներ պատճառելու» մեջ:
Պարբերականն արձանագրում է իրողությունը. Աֆրիկայի, Ասիայի և Լատինական Ամերիկայի այն երկրների առաջնորդները, որ Ռուսաստանը կանխատեսում է միավորված տեսնել որպես առանձին բևեռ, կրթությամբ, քաղաքակրթական արժեհամակարգով և տնտեսական շահերով կապված են Արևմուտքին, նախընտրում են լինել պրագմատիկ, քան տուրք տալ «հակագաղութային պայքարի քարոզչությանը»:
«Նեզավիսիմայա գազետան», հավանաբար, արտահայտում է Ռուսաստանի հանրային կամ քաղաքական որոշակի շրջանակների մտահոգությունը: ՌԻԱ-Նովոստիի մեկնաբանը միանշանակ պնդում է, որ Արևմուտքի հետ պատերազմի ավատն արդեն ուրվագծվում է, և ակներև է, թե ով կհաղթի:
Անկասկած է, որ հաղթողի դափնին վերապավում է Ռուսաստանին: «Նեզավիսիմայա գազետան», մինչդեռ, ակնհայտորեն չկասկածելով Ուկրաինայում ռազմական հաղթանակին, մտահոգված է, թե ի՞նչ է հետևելու դրան, ի դեմս Ռուսաստանի՝ աշխարհն ինչպիսի՞ երկիր է ճանաչելու:
«Նեզավիսիմայա գազետան» տեղեկացվա՞ծ էր նախօրեին Դամասկոսում ռուս-սիրիական բանակցությունների մանրամասնություններից: Ըստ երևույթին՝ այո, քանի որ այդ մասին գրում են միջազգային բոլոր հեղինակավոր լրատվամիջոցները, իսկ աղբյուրը Սիրիայի պետական լրատվական գործակալությունն է:
Բաշար Ասադի վարչակազմի տապալումից հետո Ռուսաստանի փոխարտգործնախարար Բոգդանովը և նախագահ Պուտինի անձնական ներկայացուցիչ Լավրենտեւը, պարզվում է, ալ-Ջուլանիի հետ բանակցություններում քննարկել են ոչ թե Տարտուսի և Հմեյմիմի ռազմակայանների պահպանման, այլ ունեցած սպառազինությունները Ռուսաստան տեղափոխելու հարցը:
Փաստացի դա նշանակում է, որ Սիրիայի «անցումային կառավարությունը» երկրում Ռուսաստանի սպառազինությունների և սպասարկող ենթակառուցվածքների նկատմամբ «կալանք է կիրառել»:
Ըստ տեղեկությունների՝ ալ-Ջուլանին համաձայնել է, որ Ռուսաստանը Սիրիայից ռազմական ենթակառուցվածքները և սպառազինությունները տեղափոխի, բայց միայն մի պայմանով:
Սիրիայի ժողովուրդը պետք է կրած զրկանքների և իրեն պատճառած վնասների դիմաց արժանի փոխհատուցում ստանա: Reuters-ի տեղեկացվածությամբ՝ նա բարձրացրել է նաև Բաշար Ասադի ֆինանսական միջոցները Սիրիայի «ժողովրդին վերադարձնելու» հարցը:
Սիրիայում Ռուսաստանի ռազմական ներկայության սկզնական փուլում տպավորություն կար, որ այնտեղ ամրապնդվելու համար Վլադիմիր Պուտինը Հարավային Կովկասը կդարձնի ռազմավարական թիկունք: Գուցե քառասունչորսօրյա պատերազմն սկսվել է այդ հաշվարկո՞վ, և Սերգեյ Շոյգուն անկեղծ էր, երբ հայտարարեց, որ Թուրքիայի հետ «բարդ գործողություն են իրականացրել»:
Բայց Ռուսաստանի սիրիական ամոթն այսօր վկայում է, որ կամ Թուրքիան պարզապես մոլորեցրել է Մոսկվային, կամ այնտեղ՝ Կրեմլում, Լուբյանկայում, ԱԳՆ-ում և Գլխավոր շտաբում դիլետանտներ են:
Բաց մի թողեք
«Կոկորդիլոսագետ» Գարիկ Սարգսյանի հոր «Toyota»-ն «պլաշչադկա» է տեղափոխվել խմածության համար
Ինչպես է Մինասյանը կես գնով մասնավորեցրել Նորատուսի ռադիոկայանը․ ապօրինի գույքի վերադարձի պատմությունը. Fip
Անկարայի «վրեժն» է այն վարքագիծը, որ Բաքուն է այս շրջանում ցուցաբերում Ռուսաստանի նկատմամբ