04/02/2025

Մոսկվայում այսօրվա պայթյունով լիկվիդացրել են ռուսների կողմից կռվող «Արբատ» հայկական գումարտակի հիմնադրին. Լուսանկարներ

Մոսկվայի «Ալիե Պարուսա» բնակելի համալիրում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ծանր վիրավորում ստացած Արմեն Սարգսյանը հիվանդանոցում մահացել է:

Այս մասին հայտնում են լրատվամիջոցները՝ հղում կատարելով իրավապահ համակարգի աղբյուրին։

«Նա մահացել է վերակենդանացման բաժանմունքում՝ գիտակցության չգալով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Տեղեկատվության պաշտոնական հաստատում չկա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Մոսկվայի «Ալիե Պարուսա» բնակելի համալիրում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ծանր վիրավորվել էր «Արբատ» առանձին հատուկ նշանակության գումարտակի հիմնադիր և Դոնեցկի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արմեն Սարգսյանը:

Նախնական վարկածով՝ կատարվածը մահափորձ է, թիրախը հենց Սարգսյանն է եղել:

Մոսկվայի «Ալիե պառուսա» բնակելի համալիրում «Արբատի» հիմնադիր Արմեն Սարգսյանի դեմ մահափորձը եղել է պատվիրված և մանրակրկիտ ծրագրված, հայտնում են ռուսական օպերատիվ ծառայությունները։

Համալիրում ինքնաշեն պայթուցիկ սարքը կարող էր տեղադրված լինել մուտքի նախասրահում դրված բազմոցի կամ բազկաթոռի մեջ։ Այդ մասին է վկայում տուժածների վնասվածքների նկարագիրը։

Բնակիչների խոսքով՝ նախասրահում վերելակների մոտ մի քանի բազկաթոռ և բազմոց է դրված եղել։ Աղբյուրների տեղեկություններով՝ տուժածներից գրեթե բոլորը ոտքի վնասվածքներ ունեն. վիրավորներից երկուսի մոտ սրունքի բաց կոտրվածքներ կան, իսկ պայթյունից Արմեն Սարգսյանի ոտքը կտրվել է։ Սա նույնպես վկայում է, որ ռումբը թաքցրել են կահույքի մեջ։

Դեպքի առթիվ մայրաքաղաքի գլխավոր քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել։

Ավելի վաղ հայտնել էին․ Մոսկվայի «Ալիե Պառուսա» բնակելի համալիրում պայթյունի հետևանքով զոհվել է ոչ թե Արմեն Սարգսյանը, այլ նրա անվտանգության աշխատակիցը, հայտնում է «Կոմերսանտ»-ը։

Արմեն Սարգսյանի ձախ ոտքը կտրվել է, և նա կոմայի մեջ է, հայտնում է SHOT աղբյուրը։

Ավելի վաղ որոշ Telegram-ալիքներ գրել էին «ԴԺՀ-ի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ» և «Արբատ» գումարտակի հիմնադիր Սարգսյանի մահվան մասին։

Ինչպես Ինտերֆաքս»-ին հայտնել են իրավապահ մարմինները, Արմեն Սարգսյանը՝ հայտնի որպես Արմեն Գորլովսկի, ծանր վիրավորում է ստացել Մոսկվայի հյուսիս-արևմուտքում գտնվող «Ալիե Պառուսա» բնակելի համալիրում պայթյունի հետևանքով։

«Սարգսյանը հոսպիտալացվել է: Նրա վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր»,- ասել է գործակալության աղբյուրը։

Մոսկվայի Ավիացիոննայա փողոցում գտնվող «Ալիե Պառուսա» բնակելի համալիրում տեղի է ունեցել պայթյուն, հայտնում են Baza, Shot, Mash հեռագրային ալիքները և «Մոսկվա» գործակալությունը։

Baza-ի տեղեկություններով՝ շենքի մուտքում ինքնաշեն պայթուցիկ սարք է գործի դրվել։ «112» հեռագրային ալիքը գրում է նռնակի պայթյունի մասին։

Telegram ալիքները հայտնում են առնվազն հինգ տուժածների մասին։ Պայթյունի մասին հայտնել են նաև ՏԱՍՍ-ը և «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով արտակարգ ծառայությունների աղբյուրներին: Նրանց տեղեկություններով՝ տուժել է երեք մարդ։

Baza-ն և Mash-ը ավելի ուշ հայտնել են, որ պայթյունի հետևանքով մեկ մարդ է զոհվել։ Այս տեղեկատվությունը պաշտոնապես առայժմ չի հաստատվել։

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Մոսկվայում այսօրվա պայթյունի միջոցով, ըստ որոշ տեղեկությունների, ուկրաինացիները լիկվիդացրել են ռուս-ուկրաինական պատերազմին ռուսների կողմից կռվող «Արբատ» հայկական գումարտակի հիմնադիր, Դոնբասի բոքսի ֆեդերացիայի նախագահ Արմեն Սարգսյանին, ով, ըստ որոշ տեղեկությունների, վերջին շրջանում զբաղված էր Արցախի մեր որոշ հայրենակիցների գումարի դիմաց հավաքագրելու և պատերազմ ուղարկելու «գործով»:

Մարդը պետք է ապրի և իր ապրուստը վաստակի այնպես, որ զոհվելուց հետո գոնե մի լավ ասելու բան գա մտքիդ: Իսկ այս դեպքում` մնում է ընդամենը ափսոսալ, որ հանգուցյալի ազգանունը ուներ «յան» վերջածանցը: Տարոսը մարդկանց գլուխն ուտելով զբաղված մյուս «գործարարներին»: