Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ երկիրը կարող է անցկացնել նախագահական ընտրություններ, եթե Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը համաձայնի 60-օրյա լիակատար հրադադարի։
Այդ մասին հայտնում է ուկրաինական «Страна» պարբերականը իր Telegram-ալիքում։
«Եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի, Ուկրաինան ընտրություններ կանցկացնի», — Զելենսկու խոսքն է մեջբերում պարբերականը։
ABC News հեռուստաալիքին տված հարցազրույցում Զելենսկին ընդգծել է, որ նախագահի ընտրության հարցը պետք է լինի ուկրաինական հասարակության որոշումը՝ պատասխանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ երկրի նոր առաջնորդ ընտրելու կոչին։
«Նախևառաջ, նախագահ Թրամփի հանդեպ ամբողջ հարգանքով հանդերձ, դա պետք է որոշի մեր հասարակությունը, մեր ժողովուրդը՝ ընտրելով այս կամ այն առաջնորդին», — ասել է Զելենսկին։
Ըստ նրա, նա Թրամփի թիմի ներկայացուցիչներին բացատրել է, որ ընտրություններ անցկացնելու համար անհրաժեշտ է Ռուսաստանից հասնել երկամսյա հրադադարի։
«Եթե դուք իսկապես ուզում եք, որ Ուկրաինան ընտրություններ անցկացնի, խնդրում եմ, ասեք Պուտինին՝ մեզ տվեք երկու ամիս, 60 օր լիակատար հրադադար, և մենք կկազմակերպենք ընտրությունները», — հայտարարել է Ուկրաինայի նախագահը։
Զելենսկին նշել է, որ ռազմական գործողություններում նման դադարը անհրաժեշտ է քվեարկության կազմակերպման և ընտրական գործընթացի անվտանգության ապահովման համար։
Հայտարարությունը հնչել է Զելենսկու և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև հարաբերությունների նոր սրման ֆոնին, քանի որ վերջինս նախօրեին կոչ էր արել Ուկրաինային փոխել պետության ղեկավարին։
Հոկտեմբերի 10-ին Թրամփը Սպիտակ տանը լրագրողներին հայտարարել էր, որ Ուկրաինային անհրաժեշտ է նոր առաջնորդ, որը կկարողանա պայմանավորվել պատերազմի ավարտի շուրջ։
«Ես նրանց առաջարկում եմ գտնել նոր առաջնորդ, որը կկարողանա գործարք կնքել, որովհետև նա կարող էր բազմաթիվ գործարքներ կնքել, բայց ինչ-ինչ պատճառներով երբեք դա չի անում», — ասել է ամերիկյան նախագահը՝ նկատի ունենալով Զելենսկուն։
Թրամփը նաև հայտարարել է, որ Ուկրաինայի համար ժամանակն է ընտրել նոր նախագահ։ Նա քննադատել է ուկրաինական հարվածները ռուսաստանյան նավթավերամշակման գործարաններին՝ դրանք կապելով ԱՄՆ-ում դիզելային վառելիքի գների աճի հետ։


Բաց մի թողեք
Եվրոպային «ավելի մեծ ձվեր» են պետք՝ Պուտինին դիմակայելու համար
Ֆոն դեր Լայենը կներկայացնի «հավակնոտ առաջարկ»՝ տեխնոլոգիական ինքնիշխանությունը ֆինանսավորելու համար
ԵՄ երկրները կհայտարարեն Ռուանդայի հետ արտաքսման կենտրոնի մասին համաձայնագրի մասին