11/10/2026

EU – Armenia

Երեկ որտեղ և ինչպիսի խրամատում էինք, իսկ այսօր որտեղ և որքանով ենք պաշտպանված․․․

Արցախի Հանրապետության ՊԲ պահեստազորի գնդապետ Սենոր Հասրաթյանը գրում է․

«Նախկին ու ներկա պաշտպանական կարողությունների միջև զուգահեռներ անցկացնելուց պետք է ելնել ոչ թե քաղաքական նպատակահարմարությունից կամ անցյալի հանդեպ ունեցած նեղանձնական ատելությունից, այլ այն իրողությունից, թե երեկ որտեղ և ինչպիսի խրամատում էինք, իսկ այսօր որտեղ և որքանով ենք պաշտպանված:

Հզոր պաշտպանությունը, դա պատրաստված զինվորից, բանիմաց հրամանատարից, ժամանակակից տեխնոլոգիաներից, կայուն մատակարարումից, արդյունավետ կառավարման համակարգից, ռազմադիվանագիտական հնարավորություններից և բարոյական ամրությունից կազմված ամբողջություն է։

Պաշտպանական համակարգի իրական մարտունակությունը պարզորոշվում է ոչ թե զորահանդեսներում կամ պաշտոնական զեկույցներում, այլ այն խրամատում կամ դիրքում, որտեղ նա ստիպված է լինում գործել հակառակորդի դեմ անմիջական հակազդեցության պայմաններում։

Ասել է թե՝ պաշտպանությունն ամուր և հզոր է, եթե համակարգն ի վիճակի է անխոցելի պահել սեփական խրամատը, իսկ, հարկ եղած դեպքում՝ նաև տիրել հակառակորդի խրամատին: