15/03/2025

Ո՞վ կհրավիրի Թուրքիային կամ՝ ո՞վ կմերժի Անկարայի «ընդհանուր աշխարհագրության» նախագիծը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի հետ բանակցություններից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սոցցանցային գրառում է կատարել և կրկին վստահաբար պնդել, որ Գազայում տևական հրադադարի հաստատումից հետո պաղեստինյան անկլավը կանցնի Միացյալ Նահանգների կառավարմանը։

Ըստ Թրամփի, պաղեստինցիները կվերաբնակեցվեն ավելի անվտանգ և գեղեցիկ բնակավայրերում, նոր և ժամանակակից տներում։ Նրանք կունենան ազատ, անվտանգ և երջանիկ ապրելու հնարավորություն։

«Աշխատելով ամբողջ աշխարհից ակնառու թիմերի հետ, Միացյալ Նահանգները դանդաղ և զգուշորեն կսկսեն կառուցել այն, որ իր տեսակի մեջ ամենախոշոր և տպավորիչ նախագիծը կլինի ամբողջ աշխարհում։ Ամերիկյան զորքերի կարիք չի լինի։ Տարածաշրջանում կթագավորի կայունությունը»,- մասնավորապես գրել է ԱՄՆ նախագահը։

Պաղեստինյան ՀԱՄԱՍ կազմավորումն արձագանքել է միանշանակ: «Մենք դա (Գազայի վերաբերյալ Թրամփի ծրագիրը) գնահատում ենք որպես տարածաշրջանում լարվածության և քաոսի դեղատոմս։ Անհրաժեշտ է ոչ թե մեր մարդկանց բռնատեղահանել իրենց հողերից, այլ վերջ տալ օկուպացիային և մեր ժողովրդի դեմ ագրեսիային»,- պաղեստինյան խմբավորման հայտարարությունը մեջբերում է իսրայելական vesty.go.il-ը։

Առայժմ պարզ չէ, թե «աշխարհի ակնառու թիմեր» ասելով ո՞ւմ նկատի ունի ԱՄՆ նախագահը, բայց Գազայում ՛կարգավորման» նրա առաջարկությունը դեռևս ոչ մի երկրի հրապարակային աջակցությանը չի արժանացել։ Թրամփի նախագծին դեմ է արտահայտվել նաև ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Գուտերեշը՝ շեշտելով, որ ինչպես բոլոր մարդիկ՝ պաղեստինցիներն էլ իրենց սեփական հողում ազատ ապրելու իրավունք ունեն։

Պաղեստինի նկատմամբ պատմական հավակնություններ ունի Թուրքիան, որ այդ տարածքները կորցրել է Առաջին համաշխարհային պատերազմում պարտությունից հետո։ Շուրջ երեսուն տարի Պաղեստինը գտնվել է Մեծ Բրիտանիայի մանդատային կառավարման ներքո։ Իսրայել պետությունը փաստացի հռչակվել է բրիտանական մանդատի չեղարկման արդյունքում, բայց ՄԱԿ-ի բանաձևով ճանաչված է նաև անկախ պետություն ունենալու պաղեստինցի արաբների իրավունքը։

Այդ որոշումից մոտ ութ տասնամյակ է անցել, և Պաղեստինի խնդիրը, իրոք, Մերձավոր Արևելքում լարվածության և մի քանի պատերազմների պատճառ է դարձել։ Եթե պայմանականություններից վերացարկվենք, ապա Պաղեստինի անկախ պետություն կառուցելու նկատմամբ ԱՄՆ նախագահ Թրամփի թերահավատությունը, իրոք, հիմնավոր է։

Թեկուզ այն պատճառով, որ պաղեստինյան երկու՝ «Պաղեստինի ազատագրման կազմակերպության» և ՀԱՄԱՍ-ի միջև այդ պետության բնույթի, տարածքի, քաղաքական կազմակերպվածության և արտաքին քաղաքական կողմնորոշման հարցերի շուրջ կոնսենսուս չկա, և նրանց հարաբերությունները կարգավորելու ոչ մի փորձ նվազագույն հաջողությամբ իսկ չի պսակվում։

Պատմականորեն Միացյալ Նահանգները Մերձավոր Արևելքում ազդեցության բաժանման մասնակից և դերակատար չէ։ Առաջին համաշխարհային պատերազմի շահառուներն այդ տարածաշրջանում Անգլիան և Ֆրասիան են։ Այդ ստատուս քվոն Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո գրեթե անփոփոխ է մնացել՝ բացառությամբ Պաղեստինի հրեական և արաբական հատվածների մասնատման։

Իրական քաղաքական ռեժիմում կարգավորման երկու տարբերակ կա․ կամ արաբական աշխարհն ընդունում է, որ նախկին բրիտանական ենթամանդատային Պաղեստինն ամբողջությամբ պատկանում է Իսրայելին, կամ ազդեցիկ դերակատարներից որեւէ մեկը Պաղեստինի արաբաբնակ տարածքներում արտաքին կառավարում է սահմանում։

ԱՄՆ նախագահն առաջարկում է երկրորդ՝ իր կարծիքով հնարավորինս իրացնելի տարբերակը։ Դժվար է հավատալ, թե նա առաջնորդվում է զուտ մարդասիրական մղումներով, որպեսզի արաբներին և հրեաներին ձերբազատի հավերժական թշնամանքից։

Ըստ երևույթին, Դոնալդ Թրամփը Մերձավոր Արևելքի ՛թխվածքաբլիթից» զուտ ամերիկյան մասնաբաժին ունենալու հայտ է ներկայացնում, քանի որ այն կարող է բաժին ընկնել Մեծ Բրիտանիային։ Ամենևին էլ պատահական չէ, որ նույն օրը Ֆրանսիայի նախագահ Մակրոնը կապ է հաստատել Սիրիայի «անցումային շրջանի» իշխանությունների հետ։

Քննարկվում է Տարտուսից Ռուսաստանի հեռանալու հարցը։ Իսկ Միջերկրականի այդ հատվածում էներգակիրների նոր պաշարներ են հետախուզվել։ Գազան, ամենայն հավանականությամբ, Մերձավոր Արևելքի Ռիվերիա չի դառնա, ինչպես գեղեցկախոսել է ԱՄՆ նախագահը։ Բայց այնտեղ ամերիկյան ներկայությունը կհակաշռի Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի աշխարհաքաղաքական նկրտումները։

Հարց է, թե կողմերից ո՞վ կհրավիրի Թուրքիային կամ ո՞վ կմերժի Անկարայի «ընդհանուր աշխարհագրության» նախագիծը։ ԱՄՆ նախագահը չափազանց խնդրահարույց նախագիծ է հռչակել։ Դա կարող է բերել հարաբերական մոդուս-վիվենդիի, բայց, երևի, ավելի մեծ է առճակատման հավանականությունը։