Ռուսաստանը պատրաստ է Միացյալ Նահանգների հետ «կոշտ գործարքի»։ Այդ մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ռյաբկովը։ Իսկ Վաշինգտոնը Մոսկվային «գործարք» առաջարկո՞ւմ է։
Ուկրաինայի հարցով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Քելոգը, որ պատրաստվում է մասնակցել Մյունխենի անվտանգության համաժողովին և եվրոպացի գործընկերներին ներկայացնել Թրամփի «ուկրաինական պլանը», զգուշացրել է, որ եթե Մոսկվան այն չընդունի, ապա Վաշինգտոնը կխստացնի պատժամիջոցները։
Ըստ արևմտյան աղբյուրների՝ խոսքը վերաբերում է Ռուսաստանի այսպես կոչված «ստվերային նավատորմին», որ հիմնականում զբաղված է նավթի արտահանմամբ։ Ի՞նչ մեխանիզմներ է գործի դնում Մոսկվան, մանրամասնություններ չեն հրապարակայնացվում։
Հայտնի է դարձել, որ Չինաստանը տարեսկզբից իր նավահանգիստները փակել է «պուտինյան նավատորմի» առջև, որպեսզի ԱՄՆ կողմից պատժամիջոցների չենթարկվի։
Փետրվարի 6-ին ԱՄՆ նախագահը սոցցանցային գրառում է կատարել և խոսել Ռուսաստանի և Ուկրաինայի հետ «ընթացող բանակցությունների» մասին։
Ի՞նչ ձևաչափի և մակարդակի «բանակցությունների» մասին է խոսքը, նա չի մանրամասնել։ Ընդհանուր պատկերացում կարելի է կազմել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Զախարովայի այն ձևակերպումից, որ Ռուսաստանի համար ժամանակավոր հրադադարն ընդունելի չէ։
Հասկացվում է, որ ուկրաինական կարգավորման «Թրամփի պլանը» սկզբունքային փոփոխության չի ենթարկվել։ Նա շարունակում է պնդել, որ զորքերի ներկայիս շփման գծով պետք է հրադադար հաստատվի, ստեղծվի բուֆերային գոտի, որտեղ պետք է եվրոպական խաղաղապահ ուժեր տեղակայվեն, Ուկրաինային տրվեն անվտանգության երաշխիքներ, լիովին լեգալացվի Կիևին սպառազինությունների մատակարարումը։
Մոսկվան իր հերթին պնդում է, որ պատերազմը պետք է ավարտվի համապարփակ պայմանագրի ստորագրմամբ, որով Ուկրաինան կճանաչի Ռուսաստանի տարածքային նվաճումները և այն սահմանները, որ արդեն իսկ ֆիքսված են ՌԴ սահմանադրությամբ, կկրճատի Զինված ուժերը, կընդունի արտաբլոկային կարգավիճակը։ Մի խոսքով՝ կենթարկվի կապիտուլյացիայի։
Որքանո՞վ է իրատեսական ԱՄՆ-Ռուսաստան «կոշտ գործարքը» կամ «աշխարհի նոր վերաբաժանումը»։ Մոսկվայում, կարծես, սկսել են լրջորեն կասկածել, որ ԱՄՆ և Ռուսաստանի նախագահները կարող են նստել սեղանի շուրջ և կարմիր-կապույտ մատիտներով աշխարհի քարտեզը բաժանել ազդեցության գոտիների։
«Նեզավիսիմայա գազետա»-ի մեկնաբանը նման հեռանկարը չափազանց անհավանական է տեսնում ոչ թե մարդասիրական կամ բարոյական անհարմարության, այլ հենց «կոշտ գործարքում» կողմերի ռեսուրսների անհամաչափության հիմնավորմամբ։
Նա համոզված է, որ Թրամփը նույնիսկ չի լսի Հյուսիսային և Լատինական Ամերիկայում ԱՄՆ-ին չխոչընդոտելու մասին Պուտինի հավաստիացումները, քանի որ առանց այդ էլ Ռուսաստանը Երկիր մոլորակի այդ կիսագնդում Միացյալ Նահանգների համար խնդիրներ չի կարող ստեղծել։
Այլ է Չինաստանի պարագան, որ իրականում Միացյալ Նահանգների մրցակիցն է, գրեթե բոլոր աշխարհամասերում խնդիրներ է հարուցում։ Ռուսաստանցի վերլուծաբանը համոզմունք է հայտնում, որ ռուս-ուկրաինական ռազմաճակատում հրադադարի հաստատումը Դոնալդ Թրամփին պետք է Չինաստանի հետ «կոշտ գործարքի» հիմքեր ստեղծելու համար։
«Թող ամերիկացիներն ազատորեն գործեն իրենց իմպերիայի սահմաններում և հնարավորություն տան, որ մենք էլ մեր իմպերիան ունենանք»,- ռուս-ամերիկյան բանակցությունների «գաղափարական հենքի» մասին դատողություն է արել ռուսաստանցի քաղաքագետ Դուգինը, ինչից հասկացվում է, որ Վլադիմիր Պուտինը Դոնալդ Թրամփի հետ բանակցություններում փորձելու է ստանալ հետխորհրդային տարածքը «վերակազմավորելու համաձայնություն»։
Դուգինն, իհարկե, ընդունում է, որ Մերձբալթիկայի երկրների մասին խոսք լինել չի կարող։ BBC-ի ադրբեջանական ծառայության գնահատմամբ՝ ռուս-ադրբեջանական հարաբերությունների լարվածության բուն պատճառը «Թուրքիայի հետ Ադրբեջանի ռազմավարական ինտեգրացիայի նկատմամբ Ռուսաստանի խիստ բացասական դիրքորոշումն է»։
Թրամփը կարող է հետխորհրդային տարածքն առանց Մերձբալթիկայի «հանձնել» Պուտինին։ Բայց արդեն երեսունհինգ տարվա անկախ պետություն ունեցող ժողովուրդները կընդունե՞ն Ռուսաստանի «լուծը»։ Հետխորհրդային ազգային էլիտաները կհաշտվե՞ն «վասալության պարտադրանքի» հետ։ Իսկ եթե Թրամփը պարզապես խայծ է նետում, որպեսզի հետխորհրդային երկրները Մոսկվայի դեմ «ապստամբե՞ն»։
Բաց մի թողեք
Հարկատուներիս հաշվին գոյություն ունեցող Հանրայինը Ամենայն Հայոց կաթողիկոսին «պրիզնատ» չի գալիս
2025թ․ լրատվամիջոցների դեմ 67 մլն դրամ պահանջով հայցադիմումներ են ներկայացվել
Կամ Ռուսաստանը կփլուզվի, կամ Եվրոպան․ Le Monde