15/03/2025

Մարիաննա Հարությունյանը վիրավորվել է պահակի խոսքից, իրեն չճանաչելու հանգամանքից, ծեծել են

Նախկին 8-րդ հիվանդանոցում, որն այժմ կոչվում է «Երեւան» բժշկագիտական կենտրոն, վերջերս միջադեպ է տեղի ունեցել, որն ավարտվել է ծեծով։

«Հրապարակ»-ին հասած հավաստի տեղեկություններով՝ կոնֆլիկտ է առաջացել կենտրոնի փոխտնօրեն Մարիաննա Հարությունյանի, որը, ի դեպ, այդ պաշտոնը ստացել է «թաղման բյուրոյի» ղեկավար Հրաչյա Նազարյանի շնորհիվ (նրա հետ մտերմության շնորհիվ), եւ կենտրոնի պահակներից մեկի միջեւ։

Ի՞նչ է տեղի ունեցել․ Մարիաննա Հարությունյանը, որը չունենալով որեւէ առնչություն առողջապահության ոլորտի հետ, նշանակվել է փոխտնօրեն, սակայն հազվադեպ է աշխատանքի ներկայացել։ Ամանորից հետո, երբ այցելել է աշխատավայր, մեքենան կայանել է հիվանդանոցի աշխատակիցների մեքենաների համար նախատեսված վայրում։ Քանի որ նա հազվադեպ է եղել կենտրոնում, պահակներից մեկը նրան չի ճանաչել, խնդրել է մեքենան հանել կայանատեղից, քանի որ աշխատակիցների մեքենաների համար է նախատեսված։ Մարիաննա Հարությունյանը վիրավորվել է պահակի խոսքից, իրեն չճանաչելու հանգամանքից, հավանաբար՝ կոնֆլիկտ է ծագել: Ապա ինչ-որ «տղաներ» են եկել կենտրոն եւ պահակին ծեծի ենթարկել։ Իրավիճակը ներքին կարգով փորձել են հարթել եւ ոստիկանություն չեն դիմել, բայց ողջ կենտրոնը, դրան գումարած` «թաղման բյուրոն» ու քաղաքապետարանը տեղեկացել են այս դեպքի մասին։

Կատարվածի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար մենք մեկ շաբաթ շարունակ փորձում էինք գտնել Մարիաննա Հարությունյանին: Մեզ նախ հիվանդանոցի ընդունարանից ուղղորդեցին` զանգել փոխտնօրենի ընդունարան։ Փոխտնօրենի ընդունարանի աշխատակիցը սկզբում ասաց, որ Մարիաննա Հարությունյանը տեղում չէ, եւ խոստացավ մեր հեռախոսահամարը փոխանցել, որ նա մեզ հետ կապ հաստատի։ Հետո կրկին զանգահարեցինք, պարզվեց՝ Մարիաննա Հարությունյանը դարձյալ տեղում չէ, մեր հեռախոսահամարը փոխանցելու խոստումը դարձյալ կրկնեցին, սակայն այդպես էլ զանգ չստացանք։ Տնօրենի ընդունարանից էլ մեզ ասացին, որ գրավոր հարցեր ուղարկենք իրենց էլեկտրոնային հասցեին, իսկ փոխտնօրենի համարը հրաժարվեցին փոխանցել։

Սակայն այս ընթացքում, ըստ ամենայնի, Մարիաննա Հարությունյանին տեղեկացրել են, որ «Հրապարակը» հետաքրքրվել է միջադեպով եւ ուզում է իր հետ զրուցել: Բայց փոխանակ ինքը կապվի մեզ հետ եւ պարզաբանումներ տա, նրա ընկերներից մեկն էր կապվել՝ պարզելու, թե ինչ թեմա կա նրա հետ կապված: Երբ մենք մեր ունեցած տեղեկությունները պատմեցինք սույն ընկերոջը` խնդրելով մեզ տրամադրել փոխտնօրենի հեռախոսահամարը, նա նույնպես հրաժարվեց` փոխարենը հորդորելով չանդրադառնալ այդ միջադեպին։

Ի դեպ, ներքին գործերի նախարարությունից եւս հետաքրքրվել էինք՝ տեղյա՞կ են այդ դեպքից, 2,5 ժամ անց մեզ պատասխանեցին․ «Նման ահազանգ կամ հաղորդում Քանաքեռ-Զեյթունի բաժնում չի ստացվել»։

«Հրապարակ»․ Վեճն ավարտվել է պահակին ծեծելո՞վ