19/03/2025

Թուրքիայում քաղաքական կուսակցությունների ղեկավարներ, արվեստագետներ և լրագրողներ են ձերբակալվել

Ստամբուլի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ «Ժողովուրդների դեմոկրատական կոնգրեսի» (HDK) դեմ հետաքննության շրջանակներում միաժամանակ գործողություններ են իրականացվել Ստամբուլում և 9 այլ նահանգներում։

Այս մասին հայտնել են թուրքական լրատվամիջոցները: Ձեռնարկվել է «Արշալույս օպերացիան», որի հետևանքով 60 կասկածյալներից 52-ը ձերբակալվել են։ Ձերբակալվածների թվում են մի շարք քաղաքական կուսակցությունների ղեկավարներ, արվեստագետներ և լրագրողներ։ Մասնավորապես իրականացված գործողության արդյունքում ձերբակալվել են Ստամբուլի նահանգային ղեկավարը, Գյունգյորեն շրջանի նախագահը, «Կանաչների ձախ» (Yeşil Sol Parti) կուսակցության կենտրոնական գործադիր խորհրդի անդամը, արհմիության նախագահը, գործադիրներ և այլոք։

Թուրքիայի «Աշխատավորական» կուսակցության (Emek Partisi) նախագահ Սեյիթ Ասլանը խստորեն արձագանքել է տեղի ունեցածին և նշել.

«Թուրքիայում ժողովրդավարական իրավունքների վրա ճնշումը մեծանում է, միանձնյա կառավարությունը, որը ցանկանում է Թուրքիան վերածել բաց բանտի, չի կարողանա հասնել իր նպատակներին: Մենք չենք հանձնվի այս մտածելակերպին, որը պայքարում է իրավունքների համար»։

Գործողության արդյունքում բերման են ենթարկվել նաև 3 լրագրող։ Մասնավորապես, Ստամբուլում ձերբակալվել են լրագրողներ Էլիֆ Աքգյուլը և Էրջումենտ Աքդենիզը, իսկ Անկարայում՝ Յըլդըզ Թարը, որոնց հետաքննության շրջանակներում 24 ժամով արգելել են հանդիպել փաստաբանի հետ։

Ձերբակալվածների թվում է նաև նկարչուհի Փընար Այդընլարը։