Տգեղ երեւույթ է, երբ մարդ չի գտնում իր տեղը կյանքում՝ ընդհանրապես, եւ նախընտրած աշխատանքային գործունեության մեջ՝ մասնավորապես: Տուժում է ե՛ւ մարդը, ե՛ւ ոլորտը, որտեղ նա աշխատում է:
Սխալը գալիս է չհավասարակշռված, ապաշնորհ կադրային քաղաքականությունից, ինչը նշանակում է կադրերի ընտրության, տեղաբաշխման եւ վերապատրաստման սկզբունքների քամահրում, առաջատար մասնագետների կերպարի նսեմացում:
Լավ կյանքից չէ, որ ճարտարագետի բարձրագույն կրթության դիպլոմը գրպանում անձը հարկադրված է տաքսու վարորդ աշխատել կամ մանկավարժականը փայլուն ավարտած մաթեմատիկայի երիտասարդ ուսուցիչը՝ չիր ու ընդեղեն վաճառել շուկայում:
Օրեր առաջ Երեւանի պետհամալսարանի (ԵՊՀ) ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը հրաման էր ստորագրել Մայր բուհի ամբիոնների վարիչների թափուր տեղերի համար մրցակցային ընտրություններ անցկացնելու մասին:
Լրագրության ֆակուլտետի Տպագիր եւ հեռարձակվող լրատվամիջոցների ամբիոնի ղեկավարի թափուր տեղի համար միակ թեկնածուն նույն բուհում ժամավճարով աշխատող դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու Տարոն Դանիելյանն է:
Նա էլ, ըստ երեւույթին, «անախոյան» մրցույթի արդյունքում կգլխավորի վերոնշյալ ամբիոնը, որը 2021թ. նոյեմբերից վարիչ չունի: Տարոնը միաժամանակ լայն ճանաչում ունեցող հանդիսավար է՝ թամադա:
Բանասեր գիտնականը թամադայությունից ստացվող գումարով ջանում է ինչ-որ կերպ համակշռել, լրացնել դասախոսի համեստ աշխատավարձը եւ հոգալ ընտանիքի հարաճուն կարիքները: Aravot.am-ը նրանից հետաքրքրվել է՝ ամբիոնի վարիչ ընտրվելու դեպքում կարողանալո՞ւ է համատեղել հանդիսավարի իր աշխատանքը դասավանդման եւ ամբիոնի ղեկավարման հետ:
Դանիելյանի խոսքով՝ հանդիսավարությունը գիտությամբ ու դասախոսական գործունեությամբ զբաղվելուն երբեք չի խանգարել: Իսկ ամբիոնի վարիչի պաշտոնում ընտրվելու դեպքում խոստանում է թամադայի գործով զբաղվել միայն շաբաթ եւ կիրակի օրերին:
Ամեն դեպքում երկրորդ աշխատանքից չի ուզում հրաժարվել եւ չի էլ կարող, քանի դեռ պետությունն արժանվույնս չի գնահատում գիտության, կրթության, արվեստի, մշակույթի ու հումանիտար թեքումով այլ հաստատությունների աշխատողների գործունեությունը եւ կատարած աշխատանքի դիմաց նրանց պատշաճ չափով չի վարձատրում:
Կադրային քաղաքականության աղետալի վիճակի մասին է վկայում այն փաստը, որ պետական համակարգում պատասխանատու առաքելություն իրականացնող պաշտոնյան՝ տվյալ դեպքում ԵՊՀ ամբիոնի ղեկավարը, ստիպված է ապավինել կողմնակի վաստակին, այսինքն՝ հեշտ ձեւով փող աշխատելու ճարպկությանը, ինչը լավ մասնագետի համար ինչ-որ առումով նվաստացուցիչ է:
Ի դեպ՝ թամադան ոչ միայն հարսանիքի հանդիսավարն է, այլ՝ մարդ, որի ուսերին կարեւոր մի խնդիր է դրված՝ ոչ միայն զվարճացնել ու զբաղեցնել հյուրերին, այլեւ բառացիորեն ուղղորդել եւ ղեկավարել խնջույքը: Լավ թամադայի մեջ պետք է համադրվեն արտիստի, հոգեբանի եւ հանդիսավարի լավագույն հատկանիշները:
Ինքնին լրջագույն խնդիր է այն, որ հայտարարված մրցույթում ԵՊՀ ամբիոնի վարիչի թափուր տեղին հավակնում է ընդամենը մեկ թեկնածու: Մի կողմ դնենք թեկնածուի՝ հանրությանը քաջածանոթ թամադա լինելու հանգամանքը. մարդ, որին ցանկացած մեկը, այդ թվում՝ նրա ուսանողը կամ ուսանողուհին, կարող է պատվիրել՝ վարելու, դիցուք, իր հարսանեկան արարողությունը:
Անհարմարություններ չե՞ն ծագի, օրինակ, մատուցած ծառայության գնի սակարկման շուրջ դասախոսի եւ ուսանողի միջեւ: Դասախոսը եւ թամադան ունեն տարբեր լեզվամտածողություն։ Տարբեր է նաեւ թամադայի ու լրագրողի լեզվամտածողությունը։ Դասախոս թամադան կամ թամադա դասախոսը հազիվ թե ի զորու գտնվի ուսանողի մեջ լրագրողի լեզվամտածողություն ներարկել:
Մենք երբեք կարգին կրթական համակարգ, լավ քաղաքագետ, ուսուցիչ, արհեստավարժ լրագրող, գիտնական, քաղաքական գործիչ չենք ունենալ, եթե նման մարդիկ ստիպված լինեն ազատ ժամերին աշխատել թամադա, տաքսու վարորդ, մատուցող կամ ընդեղեն վաճառող:
Բարոյական էլ չէ նրանցից ավելին պահանջել։
Բաց մի թողեք
ՔՊ-ական պատգամավորի եղբայրը մաքրվել է ֆեյսբուքից, Պալյանների տունը կռիվ է ընկել
Լավրովը՝ Էր Ռիյադով ոգևորված, Իրանից ակնկալիքներ ունի
Ինչու Թրամփը բռնեց ռուսական գիծը՝ ակնհայտ լարվելով Զելենսկիի հետ