Թուրքիայի նախագահ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտայի հետ: Զրույցի ընթացքում քննարկվել են Թուրքիա-ԵՄ հարաբերությանն առնչվում և միջազգային այլ հարցեր:
Ինչպես հայտնել է Թուրքիայի նախագահի մամուլի ծառայությունը, Էրդողանը նշել է, որ կողմերի ընդհանուր շահերից է բխում Թուրքիայի մասնակցությամբ եվրոպական անվտանգության ապահովմանն ուղղված քայլերի պլանավորումը։
Էրդողանը նկատելիորեն թեքվել է դեպի եվրոպական տարածություն այն բանից հետո, երբ ձևավորվել է ռուս-ամերիկյան երկխոսության գործընթաց, որի մի ռաունդն էլ ի դեպ անցկացվեց նախօրեին Ստամբուլում, թեև առանց Թուրքիայի որևէ մասնակցության՝ փակ հանդիպման ձևաչափով:
Միջազգային քաղաքականության մեջ տեղի ունեցող շարժերը, հատկապես ԱՄՆ-Ռուսաստան գործընթացը, Էրդողանի համար, թերևս, առաջացրել է խաղային տարածությունից զրկվելու որոշակի մտահոգություն, հատկապես այն ուղղություններում, որոնք, կարծես թե, դարձել էին ամերիկա-ռուսական դիմակայության թիրախային գոտիներ՝ Մերձավոր Արևելք, Կենտրոնական Ասիա:
Եթե ծավալվում է երկխոսություն, ապա Անկարայի համար առաջանում է «պահանջվածության» որոշակի նվազում, կամ դրա ակտիվ ռեժիմի նվազում, ինչը կարող է նաև ազդել Թուրքիայի աշխարհաքաղաքական կենսունակության վրա:
Անկարան այդ ուղղությամբ իր «պահանջվածության» որոշակի նվազման ռիսկի պայմաններում «փոխհատուցում» է փնտրում Եվրոպայի ուղղությամբ: Դրա մասին է վկայում ոչ միայն եվրոպական անվտանգության համատեքստում Կոստային հայտնած միտքը, այլ նաև ելույթը, որ Էրդողանն ունեցել էր և գնահատել Գերմանիայի խորհրդարանի արտահերթ ընտրությունը՝ ակնարկելով, որ Գերմանիայի խորհրդարանում ընդդիմության կարգավիճակում:
Այլընտրանք Գերմանիայի համար կուսակցության հաջողությունը աջ պոպուլիզմի հաղթանակ է, որից լիբերալ Եվրոպան կարող է փրկվել միայն Թուրքիայի օգնությամբ, ԵՄ-ին Թուրքիայի անդամության շնորհիվ: Իհարկե, «հնչում» է ծաղրանկարի նման՝ Էրդողանը փրկում է Լիբերալ Եվրոպան:
Սակայն ակնառու է, որ Անկարան ձևակերպում ու ներկայացնում է այդ հայտը, ինչը նշանակում է, որ խոսակցության ծավալման պարագայում այդ օրակարգն անխուսափելի առնչվելու է նաև Կովկասին: Հարցն այն է, թե ինչ տրամաբանությամբ, թեև գուցե հռետորական է հարցը:

Բաց մի թողեք
Սլովենացիները մերժում են վիճահարույց օրենքը՝ խոչընդոտելով վարչապետի բարեփոխումների նախաձեռնությանը
Մի ժամանակ գաղտնի, Ֆրանսիայի միջուկային ռմբակոծությունները ուղերձ են Պուտինին
Հանձնաժողովը զգուշացնում է, որ Իռլանդիայի բյուջեի կրճատումները թուլացնում են ԵՄ-ն